Արդեն անդրադարձել ենք ՀՀ Նախագահի կողմից ՀՀ դատական համակարգին ուղղված հանձնարարականներին և դրանց դեմ կատեգորիկ ընդվզող դատավորներին, որոնց կյանքը Նախագահի խոսքերից հետո վերածվել է մղձավանջի: Մենք հասկանում ենք, որ մարդիկ սովոր են հին ոճով վճիռներ տալուն, իսկ արատավոր սովորություններից ազատվելը դժվար է, մանավանդ, երբ արդեն տարիքդ առել ես և ոչ դու, և ոչ էլ հասարակությունը քեզ այլ ձև ուղղակի չի պատկերացնում:
Ներկայացնենք դատական կլանի կարկառուն ներկայացուցչի` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, արդարադատության խորհրդի անդամ Գագիկ Խանդանյանի մտորումները` մասնավորապես հոգեվիճակը, որով, ի դեպ, պատվել է դատական համակարգը ՀՀ Նախագահի հանձնարարականներից հետո: Այսպես՝ թվում էր, թե կյանքը ստացվել է, ինքը դատավոր է, արդարադատության խորհրդի անդամ, տղան նույնպես դատավոր է, խնամին` նախարար, կարի ցեխը լավից-վատից աշխատում է, դե աշխատանքի վայրում էլ, ոչինչ, քիչ-միչ կաթում է` հայց ա բան ա, մի խոսքով, էլ ի՞նչ է պետք, որպեսզի հանգիստ ծերություն դիմավորես: Բայց տես, որ չար աչքը կպավ, չուզողները ուրախացան` ՀՀ Նախագահը, չգիտես ինչու, հայտարարեց.
1. Ոչ կոռուպցիային դատական համակարգում
2. Աշխատել օրենքով
3. Օրենքը կիրառել միատեսակ
4. Բացառել կողմնակի միջամտությունը դատական ակտերին, թե չէ...
Դե Նախագահի թէ չեն գիտեն` լավ չի վերջանում: Մի երկու զանգ արեց` հույսով հարցրեց կարո՞ղ է Առաջինը լուրջ չի ասում, կատակում է, բայց ոչ, վերջին հույսը կորեց, ամեն ինչ չափից ավել լուրջ էր: Նախագահն ինչպես միշտ իր հրահանգներում, այս անգամ էլ ամեն ինչ շատ լուրջ էր ասել, հրաշք տեղի չունեցավ, թե չեն դարձավ արդիական: Չնայած դեռ մի փոքրիկ հույս ունի, դիմացը ընտրություններ են, կարող է և Նախագահը հեռանա, այս հույսից ուրախացավ, սիրտը ջերմացավ, թե չեն հեռվացավ... Անմիջապես զանգեց դատավոր տղային, ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, հրաժարական չտա, սպասել է պետք: Շատերը սա կհամարեն չստացված հումոր, միգուցե, բայց անիծվի այն հումորը, որի կեսը ճիշտ չէ, իսկ սա արդեն ժողովրդական ասույթ է: