Ճանաչենք մեր պատմությունը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայոց ցեղասպանության մասին 10 գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմեր:
1915
2015թ.
Հայոց ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց մի ռեժիսոր Լոս Անջելեսի թատրոնում որոշում է բեմադրել մի ներկայացում, որով հարգանքի տուրք կմատուցվի Եղեռնի զոհերին։ Քանի որ ներկայացման թեման վիճաբանական էր, մտքի հակառակորդները շրջափակում են թատրոնը և այդպիսի տարօրինակ իրադարձությունները վախ են տարածում պրոդյուսերի և դերասանների շրջանում։ Տպավորություն է ստեղծվում, որ ռեժիսորի մտահղացումը բավական վտանգավոր է, և անցյալի հոգիներն ամենուր են։
Ռեժիսորներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը:
Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը:
Փրկության քարտեզ
2015թ.
Ֆիլմը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների, հատկապես Հայոց ցեղասպանության ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին։
Ֆիլմը կառուցված է իրական փաստերի հիման վրա։
Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են հայ ազգի կոտորածները, ովքեր մազապուրծ են եղել ու դարձել են հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմնադիրները:
Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են՝ Կարեն Եպպե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն(Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յոհանսոն (Շվեդիա), Աննա Հեդվիգ Բյուլ (Էստոնիա):
Ֆիլմի նկարահանումները կատարվել են 9 երկրների 29 քաղաքներում։
Սպի
2014թ.
Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆատիհ Ակինի ֆիլմն է:
Մի երիտասարդ մարդ, ում անունն է Նազարեթ Մանուկյան աքսորվում է իր հայրենի գյուղից` Մարդինից։ Աքսորումից հետո նա հասկանում է, որ իր աղջիկները կարող են ողջ լինել։ Նա ճանապարհորդում է աշխարհի տարբեր մասերով` իր աղջիկներին գտնելու համար։ Վերջապես նա գտնում է իր աղջկան Լուսինեին եվ իմանում, որ Արսինեն վարակվել էր անապատում և մահացել մի քանի տարի առաջ։
Արտույտների ագարակը
2007թ.
Ռեժիսորներն են իտալացի Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրները:
Գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ֆիլմը «Արտույտների ագարակը» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է։
Զանգվածային ջարդերի ժամանակ թուրքերի կողմից սպանվում են Ավագյանների ընտանիքի բոլոր տղամարդիկ, իսկ կանայք փոքրիկ Ավետիսի հետ (ում հագցրել էին աղջկա շորեր) թուրքական բանակի զինվորների ուղեկցությամբ հազարավոր հայ ընտանիքների հետ երկար ճանապարհորդություն են սկսում։ Նունիկը պատրաստ է ամեն ինչի հանուն իր զարմիկների համար սնունդ հայթայթելու։ Նա ծանոթանում է թուրք սպա Յուսուֆի հետ, ով քիչ թե շատ մարդկային էր վերաբերվում հայերի հետ, ով սկզբում խղճում է Նունիկին և օգնում, ապա սիրահարվում նրան։
Թվում է թե փրկությունը մոտ է, սակայն ոչ բոլորին է վիճակված ողջ մնալ ...
Մայրիկ
1991թ.
ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է:
Այն պատմում է 1921 թ. Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին: Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը` պարուրված սիրով և հոգատարությամբ: Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար:
Պարադի փողոց 588
1992թ.
Այս ֆիլմը շարունակությունն է Անրի Վերնոյի Մայրիկ ֆիլմի:
Ֆիլմի հիմնական դերասանական կազմում ընդգրկված են այնպիսի հայտնի դերասաններ ինչպիսիք են Օմար Շարիֆը, Կլաուդիա Կարդինալեն, Ռիշար Բերին և այլք։
Ֆիլմում պատմվում է մի հայ ընտանիքի մասին, որը ստիպված փախել է Ֆրանսիա, որպեսզի փրկվի կոտորածից։ «Պարադի փողոց 588»-ի դեպքերը տեղի են ունենում մեր ժամանակներում։ Շատ տարիներ են անցել, ընտանիքի որդին՝ Ազատ Զաքարյանը դարձել է հայտնի ռեժիսոր՝ Պիեր Զաքար։ Նա ամուսնացած է ֆրանսուհու հետ, նրա երեխաները չեն խոսում և չգիտեն հայերեն, բայց ահա Պիեր Զաքարը բեմադրելով իր ընտանիքի պատմությունը, նորից վերապրում է այն ամենը, ինչի մասին մոռացել էր, հայտնվելով սեփական կյանքի շրջապտույտի մեջ։ Եվ այդ հիշողությունները ստիպում են նրան շատ բան փոխել իր կյանքում։
Ադանայում ծնվածը
2014թ.
Ֆրանսիայի կողմից Ադանայի հանձնումը թուրքերին պատճառ դարձավ մեկ այլ տեղահանության և այդ քաղաքից հայերի հետագա արտաքսման։ Ադանացի հայերը սկսեցին որոնել նոր տուն։
Անդրանիկ Դեղարյանի պատմությունը սկսվում է 1915 թվականին Տիգրանակերտից իր ծնողների տեղահանությամբ։ Այդ ժամանակաշրջանի հազվագյուտ արխիվային տեսանյութերով հարուստ այս ֆիլմը կորստի, ուղևորության և ներքին ուժի անմոռանալի մի պատմություն է։
Կորուսյալ թռչունները
2015թ.
Հայոց ցեղասպանության մասին պատմող Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմն է:
Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանության ընթացքում Անատոլիայում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքին կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի ու Պետոի մասին, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո շարունակում են մնալ նախնիների հողում՝ թռչնակի ուղեկցությամբ որոնելով իրենց մորը, ընտանիքին։
Ֆիլմը նկարահանվել է Կապադովկիայում:
Արյունակից եղբայրներ
2015թ.
Քեյս Սխապի ֆիլմը Նիդերլանդներում ապրող թուրք լրագրողի և հայտնի հայ դերասանի մասին է, ովքեր միասին փորձում են պարզել 1915 թվականի եղելությունները։ Ճանապարհորդելու ընթացքում ի վերջո ֆիլմի հերոսներն իրենց հետազոտության արդյունքում պարզում են որ կատարված ոճիրը ցեղասպանություն է:
Ցեղասպանության որբերը
2014թ.
Ֆիլմը պատմում է Լիբանանում գտնվող Անթուրայի որբանոցի մասին, որտեղ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ապաստան էին գտել հազարավոր հայ երեխաներ։
105-ամյա Ալմաստ Պողոսյանը պատմում է ինչպես է որբացել, ինչպես է ոտքով հասել Դեր Զոր, այնուհետև հայտնվել արաբի ընտանիքում, որից հետո՝ Հալեպի որբանոցներից մեկում և, ի վերջո, հանգրվանել ԱՄՆ-ում։ Ալմաստի պատմությունը շարունակում է թոռը՝ Բրյուս Պողոսյանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, 2010-2014)։
Ներառված են Մորիս Միսակ-Կելեկչյանի, Ալմաստ Պողոսյանի, Ջեք Գևորգյանի, բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկի, Քլարքի համալսարանի պրոֆեսոր Դեբորա Դուորքի հարցազրույցները։









