Հայոց Ցեղասպանության ճանաչումը այլ խնդիր է, պահանջատիրությունը՝ ուրիշ: Ընդհանրապես իր հերթին, տարբերվում են ճանաչման մակարդակները. դրանք պարզապես հայտարարություններ են ընդունված պետությունների օրենսդիր մարմինների կամ հանձնաժողովների կողմից, թե հստակ սահմանված օրինագծեր, իր հերթին պատրաստ է արդյոք նույն այդ պետությունն օրենքի ուժով պատժել ցեղասպանությունը հերքողներին: Այս ամենը սակայն հարցի այն մասում են, որը ենթադրում է «ճանաչում» (առանձին պետք է դիտարկել Թուրքիայի իշխանությունների կողմից ճանաչումը, որն ամբողջությամբ այլ մոտեցում է պահանջում), իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «պահանջատիրությունը»:
Պահանջատիրություն՝ բառ, որը շատերի կողմից ասոցացվում է հողերի վերադարձի հետ, սակայն ո՞ր հողերի: Մասնագիտական շրջանակներում կհնչեն տասնյակ տարբերակներ, դրանցից ամենատարածված տարբերակի դեպքում հողային պահանջատիրության ջատագովները կմատնանշեն Վուդրո Վիլսոնի քարտեզը: Մեկ այլ հատված դրա տակ տեսնում է Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը (Արարատը), կան տեսակետներ պատմական տարածքի «համատեղ օգտագործման մասին»` այսպես կոչված Modus Vivendi-ի տեսանկյունից:
Այս ամենի հետ մեկտեղ, Հայաստանի և թե հայկական սփյուռքի շրջանակներում աներկբա կա այն պատկերացումը, որ հողային պահանջատիրությունը, դա գրեթե ամբողջ պատմական Հայքն է, անգամ Կիլիկիան: Այն, որ ցանկալի պայծառ ապագայում կարող է Հայաստանի Հանրապետության կողմից Թուրքիայի առջև դրվել հողային պահանջատիրություն, հնարավոր է հանդիպեն մարդիկ, ովքեր կպահանջեն ու փողոցներ դուրս կգան հորդորելով, կոչ անելով վերցնել առավելագույնը: Դրա հետ մեկտեղ գոյություն ունի շատ ավելի իրականությանը մոտ պահանջատիրություն՝ փոխհատուցման պահանջատիրություն: Դրանում, թե ֆինանսական միջոցների փոխհատուցումն է զոհերի ու տարագիրների ընտանիքներին, թե հնարավորությունը վերաբնակվելու ու ստանալու տներ, որոնք կորսվել են ցեղասպանության տարիներին, թե ընդհանրապես հսկայական գումարներ, որոնք պետք է վճարվեն ՀՀ-ին և նրա քաղաքացիներին տարատեսակ հանցագործությունների համար:
Սակայն սա էլ իր հերթին պարզ գործընթաց չէ ու միայն այն խնդիրը, որ զոհվածի (զոհվածների) կամ գույքը կորցրածի ժառանգները պետք է ներկայացնեն գոնե նվազագույն փաստաթղթեր այն մասին, որ ունեցել են սեփականություն Օսմանյան Թուրքիայում, գրեթե մեծամասնության համար կմնա անլուծելի, իսկ դա տասնամյակներ անց արդարության հատուցման հնարավորություն ստացած մարդկանց մեղմ ասած կզայրացնի: Չպետք է բացառենք նաև մարդկանց, ովքեր պարզապես կդիմեն տարատեսակ միջոցները հարստանալու: Սակայն այս ամենը միայն ենթադրություններ են ու չկա պետականորեն մշակված համակարգ ու հայեցակարգ, թե ինչ է իրենից ներկայացնում պահանջատիրությունը: Իսկ կարող է և գտնվեն որոշներն, ովքեր պատրաստ կլինեն Թուրքիայի գործող իշխանություններին ներկայացնել վերոնշյալ երկու պահանջատիրական պահանջներն էլ՝ թե՛ հողային, թե՛ փոխհատուցման: Իր հերթին, ՀՀ գործող իշխանությունները գրեթե չեն անդրադառնում Հայոց Ցեղասպանության փոխհատուցման խնդրին, որոշ դեպքերում անգամ այն ստորադասում «ճանաչման գործընթացին», կամ ընդհանրապես այս կամ այն պետությունում ի հիշատակ ցեղասպանության զոհերի հուշակոթողների ու խաչքարեր տեղադրելուն:
Դժվար է հասկանալ, անգամ հեռակա կարգով պատկերացնել գործընթացի ապագա երկու պետությունների միջև, ովքեր միմյանց հետ անգամ չեն ցանկանում նստել նույն սեղանի շուրջ: Հայ-թուրքական արձանագրությունների անփառուկ ճակատագիրն ու միջնորդավորված միջազգային գործընթացը, անկարող եղան որևէ հարց լուծել, իր հերթին վերահաստատելով, որ պատամականորեն հակամարտ կողմերը միմյանց հետ հարցերը պետք է կարգավորեն հավասարը հավասարի հետ, երկկողմանի բանակցությունների այլ ոչ թե միջնորդավորված գործընթացների միջոցով: Հնարավոր է միայն այս դեպքում բանակցողները կկարողանան իրար ներկայացնել սեփական պատկերացումներն ու ինչու ոչ նաև պահանջատիրական հայեցակարգերը, որպիսինները սակայն ներկա իրականությունում չեն նշմարվում ընդհանրապես ու այդ աննշմար «պահանջատիրության» մեղավորության առյուծի բաժին պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների վրա, ովքեր լռության քողով են ծածկել այն:
Այդ ամենի պատճառների թվում է նաև այն, որ ներկայիս իշխանությունները որևէ կերպ պատրաստակամ չեն անգամ գնալու հայ-թուրքական մերձեցման ու հարաբերությունների վերահաստատման ու այդ փաստն ապացուցում է պարտադրված միջնորդավորված արձանագրությունների ստորագրման ու կյանքի չկոչման փաստը:
Գևորգ Ղազարյան