Վերլուծական 

Մարդկությունը չի զարգանում

analitik.am

«XXI դարը չարդարացրեց 50 տարի առաջվա կանխատեսումները՝ ոչ գիտակից ռոբոտներ կան, ոչ թռչող ավտոմեքենաներ, ոչ քաղաքներ այլ մոլորակներում: Փոխարենը մենք այսօր ունենք միայն iPhone, Twitter և Google, բայց արդյոք դրանք ադեկվատ փոխարինողներ են: Ի դեպ դրանք էլ մինչ այժմ օգտագործում են 1969թ-ին ստեղծված օպերացիոն համակարգը:

 

 

Մարդիկ ավելի շատ սկսում են կասկածել, որ ինչ-որ բան այն չէ: Այնպիսի տպավորություն է, որ երկրագնդի զարգացումն ու առաջընթացը կանգ է առել, մարդիկ այլևս չեն կարողանում գյուտեր անել, հաղթահարել իրականում դժվար խնդիրները, նորանոր բացահայտումներ անել, անգամ կյանքի տևողությունը երկարացնելու փոխարեն մենք ավելի շատ ենք սկսել քայքայել թե մարդկային առողջությունը, թե բնության հավասարակշռությունը»,- գրում է Նիլ Սթիվենսոնը, ով փորձել է իր «Ինովացիոն սով» հոդվածում ձևակերպել այս կասկածները.

 

 

«Իմ առաջին հիշողություններից մեկը՝ ես նստած եմ հսկայական սև-սպիտակ հեռուստացույցի առջև և դիտում եմ, թե ինչպես է ամերիկյան առաջին տիեզերագնացներից մեկը ուղևորվում տիեզերք: Ո՞ւր է խոստացված առաջընթացը՝ խոստացված տորոիդալ տիեզերակայանները, ո՞ւր է դեպի Մարս իմ տոմսը: Մենք ի վիճակի չենք անգամ կրկնել 60-ականների տիեզերական ձեռքբերումները: Վախենամ, դա վկայում է այն մասին, որ հասարակությունը հետ է վարժվել իրապես դժվար խնդիրներ լուծելուց»:

 

 

Paypal վճարային համակարգի համահիմնադիր և Facebook-ի առաջին արտաքին հովանավոր Պիտեր Տիլն էլ իր հերթին լրացնում է Սթիվենսոնին National Review-ում հրատարակած «Ապագայի ավարտը» հոդվածում.

«Տեխնիկական առաջընթացը զարմացնելու չափ հետ է մնացել 50-60-ականներին մեր ունեցած սպասումներից, և դա տեղի է ունենում մի քանի ոլորտներում: Ահա առաջընթացի դանդաղ ընթացքի մեկ օրինակ՝ մեր տեղաշարժման արագությունը դադարել է աճել: Ավելի արագ ընթացող տրանսպորտային փոխադրամիջոցների ի հայտ գալը բազմադարյան պատմություն ունի՝ սկսվելով XVI-XVIII դարերում նավակներից, շարունակվելով երկաթգծերի զարգացմամբ՝ XIX դարում և արդեն XX դարում ավտոմեքենաների և ավիացիայի ստեղծմամբ, այժմ այդ պատմությունը կանգնել է: 2003թ-ին էլ դուրս գրեցին «կանկորդը», որը վերջին գերձայնային ուղևորափոխադրող ինքնաթիռն էր: Այս հետընթացի և լճացման ֆոնին նրանք, ովքեր շարունակում են երազել տիեզերանավերի, Լուսնի վրա արձակուրդի և Արեգակնային համակարգում այլ մոլորակներ տիեզերագնացներ ուղարկելու մասին, այլմոլորակայինների տպավորություն են թողնում»:



Տեխնիկական հետընթացի մասին են վկայում նաև համակարգչային սարքավորումները՝ այս ոլորտում բոլոր արմատական գաղափարները 40 տարվա հնություն ունեն: Unix-ը մեկ տարի հետո կնշի իր 45 ամյակը, SQL-ն հնարել են 70-ականների սկզբին, այդ ժամանակ էլ ի հայտ եկավ համացանցը, օբյեկտիվ-կողմնորոշիչ ծրագրավորումը և գրաֆիկական ինտերֆեյսը: Օրինակներից բացի կան նաև թվեր. Տնտեսագետները գնահատում են տեխնիկական առաջընթացն աշխատանքի արտադրողականության տեմպերով և երկրի, որտեղ ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, ՀՆԱ-յի փոփոխմամբ: Այս ցուցանիշների փոփոխությունները հաստատում են հոռետեսների մտավախությունները՝ տեխնիկական առաջընթացը արդեն մի քանի տասնամյակ է, ինչ կանգնած է: ԱՄՆ-ում տեխնիկական առաջընթացի ազդեցության աստիճանը ՀՆԱ-յի վրա իր գագաթնակետին է հասել 1930-ականներին: Եթե աշխատանքի արտադրողականությունը շարունակեր ԱՄՆ-ում աճել այն տեմպերով, ինչ աճում էր 1950—1972թ.թ., ապա 2011 թվականին այն երեք անգամ ավել կլիներ, քան իրականում եղել է այդ ժամանակահատվածում: Աշխարհի մնացած երկրներում գրեթե նույն պատկերն է: 1999թ.-ին տնտեսագետ Ռոբերտ Գորդոնը աշխատություն հրատարակեց, որտեղ ասվում էր, որ տնտեսական աճը, որը կապում են տեխնիակական առաջընթացի հետ, իրականում ժամանակով սահմանափակված է եղել. «Բացատրության կարիք ունի ոչ միայն 1972թ-ից հետո տեխնիկական աճի դանդաղ ընթացքը, այլ ավելի շատ արագացման, որը սկսվեց 1913թ-ից, երբ ԱՄՆ-ն գրանցեց անսպասելի արդյունքներ, պատճառները»: Հայտնագործությունների փայլուն քառյակը՝ էլեկտրաֆիկացիան, ներքին այրման շարժիչների տարածումը, քիմիական արդյունաբերության զարգացումը և կապի նոր տեսակների ստեղծումը, ապահովեց 20-րդ դարի արդյունաբերության անսպասելի զարգացումը: Ինչ վերաբերում է համացանցին և էլեկտրոնիկային, ապա դրանք էական ազդեցություն չեն ունեցել տնտեսության զարգացման վրա:

 

 

«Ժամանակակից հայտնագործությունների մեծ մասը հին գաղափարներից են ծնվում՝ վիդեոնվագարկիչները միավորեցին հեռուստացույցը և ֆիլմը, բայց արմատապես նոր հայտնագործություններ չկան: Համացանցի զարգացումները նույնպես մի տեսակը փոխարինում են մյուսով, բայց նոր բան չի»,- գրում է Գորդոնը: Պիտեր Տիլի կարծիքով էլ համացանցը և գաջետները վատ չեն, սակայն դրանք վերջին հաշվով մանրուքներ են: Այս միտքը լակոնիկ կերպով շարադրված է Տիլի Founders Fund ընկերության կարգախոսում. «Մենք երազում էինք թռչող ավտոմեքենաների մասին, բայց ստացանք թվիթերյան 140 նշանները»: Financial Times-ում հրապարակած հոդվածում Տիլը Գարի Կասպարովի հետ միասին զարգացնում է այս միտքը. «Մենք կարող ենք հեռախոսի միջոցով կատուների լուսանկարներ ուղարկել աշխարհի մյուս ծայրը և նույն հեռախոսի միջոցով հարյուր տարի առաջ կառուցված մետրոյում ֆիլմեր դիտել ապագայի մասին: Մենք կարողանում ենք ծրագրեր գրել, որոնք իրատեսորեն մոդելավորում են ֆուտուրիստական լանդշաֆտները, բայց մեզ շրջապատող իրական լանդշաֆտները կես դարից ավել է չեն փոխվել: Մենք չենք սովորել պաշտպանվել երկրաշարժներից և փոթորիկներից, ավելի արագ ճամփորդել կամ երկար ապրել»:

 

 

Մի կողմից այս ամենի հետ դժվար է չհամաձայնել, բայց մյուս կողմից հոռետեսների բողոքները՝ չնայած նրանց նշած գրաֆիկներին և թվերին, չեն համընկնում պատուհանից այն կողմ քաոսային իրականության հետ, որն իրոք նման չէ 60-ականների երազած իրականությանը, բայց գուցե պետք էլ չէ, որ նման լինի:

 

 

Միայն նորությունները կարդալիս պարզվում է. - Հաջողությամբ ավարտվել է առանց մարդու միջամտության երթևեկող ավտոմեքենայի փորձարկումը: ԱՄՆ տեղական իշխանություններն արդեն քննարկում են, թե ինչ անեն այդ մեքենայի հետ, քանզի սովորական կյանքում առանց վարորդ ընթացող մեքենաները կարող են խնդիրներ առաջացնել:

 

 

-Բիրժային գործարքների մեծ մասը կատարվում է ոչ թե մարդկանց, այլ հատուկ ծրագրերի օգնությամբ, որոնք մեկ վարկյանում հազարավոր գործարքներ են անում: Նման արագության պայմաններում այդ ծրագրերին անհնար է կառավարել, ուստի նրանք գործում են սեփական կամքով: - Մերձավոր Արևելքում ԱՄՆ հիմնական զենքը անօդաչու թռչող սարքերն են, որոնք արբանյակի օգնությամբ կառավարվում են աշխարհի մյուս ծայրից: - Google-ը թողարկել է էլեկտրական ակնոցներ, որոնք ավտոմատ կերպով գտնում և ցուցադրում են օգտատիրոջը տեղեկությունը, որն ըստ իրենց այդ պահին օգտակար կարող է լինել վերջինիս: Ակնոցները կարողանում են նաև տեսագրել այն, ինչ տեսնում է օգտատերը, այդ ամենին էլ գումարվում է նրանց մեջ ներդրված բազմալեզու ձայնային թարգմանիչը:

 

 

- 3D-տպիչներն այնքան են էժանացել, որ դրանք կարող է ձեռք բերել յուրաքանչյուրը, և դրանց օգնությամբ կարելի է տպել առարկաներ մոտ 30 նանոմետր չափով.

 

 

Սրանք միայն մակերեսային լուրերն են, իրականում այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել՝ առավել ևս, եթե ներառենք ոչ բոլորին ծանոթ բիոտեխնոլոգիաները, նյութագիտությունը և այլ ոչ տարածված գիտական ճյուղեր: Մարդկությունն ուղղակի հետ է վարժվել իրեն շրջապատող աշխարհը նկատելուց: Մենք կարող ենք այս ամենը համարել մանրուքներ, սակայն դրանք էապես փոխում են մեր կենսակերպը: Օրինակ՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Google Glass-ի տարածումը. Յուրաքանչյուրը կարող է տեսագրել իր կյանքի ամեն վարկյանը, հիշել մարդկանց, ֆիքսել իրադարձությունները և մշտապես իր հետ ունենալ սարք,որտեղ ամեն ինչ հասանելի է ու հարմար: Կարճ ժամանակ անց այդ ակնոցները կդառնան մարդկանց կյանքի անբաժանելի մասը, ինչպես հիմա բջջային հեռախոսներն են: Ինքնավար մեքենան էլ մեծապես կազդի մարկանց ավանդական կենսակերպի վրա՝ նման մեքենան կարիք չունի վարորդին սպասել ավտոկայանատեղիում, ուստի այն կարող է սպասարկել ոչ թե մեկ, այլ մի քանի մարդու, ինչը միանշանակ կփոխի մարդկանց վերաբերմունքը դեպի ավտոմեքենաները, և երկրորդ՝ ռոբոտները շատ ավելի գրագետ վարորդներ են, քան մարդիկ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ անհամեմատ կկրճատվի վթարների թիվը, իսկ մարդկանց՝ վթարների հետևանքով մահվան մասին էլ հնարավոր կլինի մոռանալ:

 

 

Բջջային հեռախոսները, որոնց Տիլն այդքան անփութությամբ է վարաբերվում, իրականում թույլ են տալիս կատուների ֆոտոներն ուղարկել աշխարհի մյուս անկյուն, բայց խոսքը միայն կատուների նկարներին չի վերաբերում: Այդ նույն թեթևությամբ դրանք կարողանում են պատճենել և համացանցում հրապարակել գաղտնի նյութեր, որոնք միջազգային սկանդալ առաջացրեցին: Իսկ թեթևամիտ կապի միջոցներն, ինչպիսին են Facebook, Blackberry և Twitter-ն իր 140 նշաններով, էապես թեթևացնում են զանգվածային հաղորդակցման բարդությունը: Ինչո՞ւ այս ամենը չի ազդում տնտեսական ցուցանիշների վրա: Ավելի շուտ ազդում է, ուղղակի ոչ այն չափով, ինչ սպասվում էր: Նախկինում արդյունաբերական հեղափոխությունները նոր արտադրության տեսակներ էին հիմնում, իսկ ներկայիս համակարգերն ընդհակառակը՝ մի քանի ճյուղ միացնում են իրար՝ կրճատելով թե աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ ժամանակը, թե ռեսուրսները, ինչի հետևանքով էլ փողային տնտեսության վրա տեխնոլոգիական առաջընթացը չի ազդում: Առաջին հարվածը ստացավ պատճենահանման ենթակա հատվածը՝ ֆիլմեր, երաժշտական ստեղծագործություններ, ԶԼՄ և այլն, որոնց արտադրած ապրանքն այսօր պատճենվում և վաճառվում է շատ մատչելի գներով կամ անվճար է տրամադրվում: Նախկինում որևէ ստեղծագործության լեգալ տարբերակը ստանալու համար բավականին խոշոր գումարներ էին վճարում մարդիկ, իսկ հիմա ուղղակի համացանցից կարելի է ներբեռնել ամեն ինչ, հենց այս գումարն է, որ տնտեսագետները չեն կարող ոչ մի կերպ հաշվել: Ապրանքները, որոնք ժամանակին գնվում էին, հիմա անվճար են դարձել, բայց դա արդեն դուրս է տնտեսագետների հաշվարկից:

 

Յուրաքանչյուր հաջողակ տեխնոլոգիական ընկերություն ոչնչացնում է իր հազարավոր մրցակիցներին, ովքեր աշխատում են նույն շուկայում ավանդական մեթոդներով, պոտենցիալ եկամուտները: Craigslist-ը փաստացի միայնակ ոչնչացրեց վճարովի հայտարարությունների շուկան, որոնց եկամուտներով հարյուր տարի ապրում էին ամերիկյան թերթերը: Ոչ մի ավանդական հանրագիտարան չի կարող մրցել Վիկիպեդիայի հետ, որը ֆորմալ անգամ կոմերցիոն ընկերություն էլ չի համարվում և այսպես շարունակ: Այս ընթացքում արտադրական ռոբոտները, որոնց ներդրումը հետաձգվում է Հարավ-Արևելյան Ասիայում առկա էժան աշխատուժի պատճառով, ավելի շատ գրավիչ են դառնում: Foxconn-ը՝ չինական խոշորագույն արտադրողներից մեկը, սպառնում է հարյուր հազարավոր աշխատակիցներին փոխարինել ռոբոտներով: Եթե այդպես շարունակվի, ապա աշխատուժի շուկան էլ կզրոյանա մնացածի նման, որոնք սպանվեցին նոր տեխնոլոգիաների շնորհիվ, իսկ տնտեսագետներն էլ ստիպված կլինեն ինչ-որ նոր տնտեսագիտություն հնարել: Այստեղ հարց է առաջանում, իսկ իրականում այս առաջընթացը ձեռնտո՞ւ է մարդկանց, թե մարդկությունն առաջընթացը ուղղությամբ է տարել:

Նույն շարքից