Վերլուծական 

Ի՞նչ վիճակում է մամուլը Հայաստանում

analitik.am

Այսօր մամուլի ազատության օրն է, և բոլորին մի հարց է հետաքրքիր՝ ազա՞տ է ՀՀ-ում մամուլը: Այս հարցին ճիշտ պատասխանելու համար նախ պետք է հասկանանք, թե Հայաստանում ինչի համար է օգտագործվում մամուլ կոչված հզոր զենքը: ԶԼՄ-ների թվաքանակով Հայաստանը բավականին հագեցած է, ինչը չենք կարող ասել որակի մասին: Հիմնական մամուլը՝ հեռուստատեսություն, թերթեր, ամսագրեր, կայքեր, բաժանված է երկու թևի՝ իշխանական և ընդդիմադիր: Այս երկու թևերը նույն տեղեկատվությունը կարող են մատուցել բացարձակ հակադիր մոտեցումներով, ինչի տեղի է ունենում հայտնի պատճառներով՝ քաղաքական շահերի պաշտպանման նպատակով:


Չեզոք մամուլը Հայաստանում շատ քիչ է, ինչը պայմանավորված է ֆինանսավորման աղբյուրներով: Այն ԶԼՄ-ները, որոնք քաղաքական որևէ թևից ֆինանսավորում չեն ստանում, որոշ ժամանակ անց կանգնում են գոյատևման խնդրի առջև, քանզի չեն կարող ֆինանսավորում գտնել նաև բիզնես հատվածում՝ գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական և տնտեսական էլիտաները միաձուլված ենն: Սա իհարկե արդարացում չէ չեզոքություն չպահպանելու համար, քազի բավականին մեխանիզմներ կան, որոնք կարելի է կիրառել և ինքնաֆինանսավորվել, ուղղակի դրանք իրապես բարդ են և ժամանակատար: Արդյունքում վաճառված մամուլը ժամանակի ընթացքում ոչ միայն իր վարկանիշն է գցում, այլ նաև վնասում է մնացածին՝ հասարակության մեջ նվազեցնելով վստահության աստիճանը դեպի ԶԼՄ-ները:


Այսօրինակ ԶԼՄ-ները դառնում են քաղաքական էլիտայի ֆավորիտները, քանզի փողի դիմաց պատրաստ են արդարացնել ամեն ինչ և ամենքին, և այդ կերպ լուծում են իրենց ֆինանսական խնդիրները՝ հաճախ իրենց պատվիրատուների դեմ էլ են հոդվածներ պատվիրում իրենց ենթակա, բայց իրենց հետ ուղղակի կապ չունեցող որևէ լրատվամիջոցում, այնուհետև նորից քաղաքական գործիչներից գումար են վերցնում իրենց «բարի» ծառայություն մատուցելու և այդ հոդվածին հակադարձող արդարացնող նյութ գրելու համար: Սա օգտագործված կեղտոտ տեխնոլոգիաներից ամենահասարակներից է, սակայն արդեն իսկ պարզ է, որ ազատություն ասելով Հայաստանի դեպքում պետք է հասկանալ բարոյականության սահմանները, որոնք, ցավոք, մեր լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը վաղուց խախտել է՝ոտնատակ տալով թե լրագրողների, թե ԶԼՄ-ների նկատմամբ հարգանքը: Նորմալ չէ նաև ընդդիմադիր մամուլի կեցվածքը, որն էլ տրամադրում է ոչ թե պրոֆեսիոնալ, հիմնավորված վերլուծություն կամ կարծիք, այլ իրադարձություններին, մարդկանց և գործընթացներին անդրադառնում է բացառապես բամբասանքի և վիրավորանքի հարթության մեջ, ինչն էլ ավելի է խորացնում հասարակություն-մամուլ անվստահությունը: Մամուլի ազատությունն ըստ իս կայանում է վերջինիս չեզոքության և օբյեկտիվության մեջ, որը Հայաստանում դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի կայանա:


Քանի դեռ ԶԼՄ ներկայացուցիչները հանուն գումարի պատրաստ են արդարացնել նույնիսկ մարդասպանին, առհասարակ մամուլի գոյության մասին խոսելն ավելորդ է: Քաղաքական էլիտան էլ պետք է վերջապես հասկանա, որ չի կարող արատավորված ԶԼՄ-ն բարձրացնել իր վարկանիշը հասարակության շրջանում, ուստիև ավելի լավ է այդ գումարներն ուղղել ԶԼՄ-ների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, ինչը հետագայում թե իրենց, թե պետությանն ու հասարակությանը շատ ավելի օգուտ կտա, քան վճարել արդեն իսկ վստահությունն անվերադարձ կորցրած և առուվաճառքով զբաղվող ԶԼՄ-ներին:



Անի Հովհաննիսյան

Նույն շարքից