Վերլուծական 

Ռուսաստանի անմրցունակ քաղաքականության հետևանքները

analitik.am

Ղրիմի վերամիավորումը մեծ ոգևորություն և հայրենիքի հանդեպ հպարտության զգացմունք առաջացրեց ռուսական հասարակությունում:


ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կրելմն առաջին անգամ ամենաբարձր մակարդակով ի լուր աշխարհին հայտարարեց այն ինչ մտածում և զգում է Արևմուտքի նկատմամբ: Վ. Պուտինի մարտի 18-ի ելույթը Պետական Դումայի երկու պալատների և քաղաքական էլիտայի առջև մեծ արձագանք և աջակցություն գտավ Ռուսաստանի հասարակական և քաղաքական լայն շրջանակներում:


Ըստ նախագահի՝ ԽՍՀՄ-ի փլուզումով Արևմուտքը կողոպտեց Ռուսաստանը, սկսեց ճնշել և ոտնահարել նրա ազգային շահերը, խախտեց ձեռք բերված պայմանավորվածությունները` կյանքի կոչելով ՆԱՏՕ-ի առաջխաղացման քաղաքականությունը դեպի Արևելք: Արևմուտքի քամահրական վերաբերմունքի պատճառով ռուս ազգը զգում է իրեն նսեմացված, քանզի խոցված է նրա ազգային պատիվն ու հպարտությունը:


Այն որ ԱՄՆ-ն շատ դեպքերում հաշվի չէր նստում Ռուսաստանի հետ` ակտիվ քաղաքականություն վարելով Արևելյան Եվրոպայում, ոչ ոք չի ժխտում, սակայն ամբողջ մեղքը բարդել Արևմուտքի վրա ճիշտ չէ: Արևմուտքի հաջողությունն Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային տարածաշրջանում մեծ հաշվով կապված է Կրեմլի քաղաքական սխալ մարտավարությամբ և հիշյալ երկների Արևմուտքին ինտեգրվելու ցանկությամբ:


Բոլորը գիտակցում են, որ Մոսկվան ունի իր ազգային շահերը հետխորհրդային տարածաշրջանում, բայց դա չի նշանակում, որ Կրեմլն այս երկրներում իր կամքը պետք է թելադրի: Մոսկվան պարտավոր է հաշվի նստել նորանկախ երկների շահերի հետ, այլ ոչ թե ստորադասի դրանք իր մեծապետական ցանկություններին: Մինչ հայտարարելը, որ ԽՍՀՄ-ի փլուզումով Ռուսաստանը կողոպտվեց, Կրեմլը պետք է գիտակցի, որ ԱՊՀ երկրները ռուս ազգի սեփականությունը չեն:


Ռուսաստանը լինելով եվրոպական չափանիշներով ոչ դեմոկրատական պետություն, չի կարողանում ստեղծել արդյունավետ կառավարման համակարգ և առաջարկել այն հետխորհրդային երկրներին: Մոսկվան շարունակում է ԽՍՀՄ-ի քաղաքականությունը, երբ տնտեսական արտոնություններ չէր տրամադրում իր դաշնակիցներին, փոխարենը ակնկալելով նրանց հավատարմությունը:


Այսպիսով Կրեմլը անտեսելով ԱՊՀ երկրների հասարակություններին, գործարքի մեջ է մտնում այդ պետությունների քաղաքական էլիտաների հետ` կիրառելով տնտեսական լծակները: Արդյունքում հավատարիմ մնալով Կրեմլին քաղաքական էլիտան պահպանում է իշխանությունը, որը մեծ դժգոհություն է առաջացնում հասարակությունում: Այլ կերպ է գործում Արևմուտքը, այն սերտ համագործակցելով հասարակական շրջանակների հետ` փորձում է ստեղծել դեմոկրատական ինստիտուտներ, քաղաքացիական հասարակություն, որը կնպաստի երկրների ժողովրդավարացմանն ու տնտեսական զարգացմանը:


Երբ տեղի են ունենում ժողովրդավարական ընդվզումներ, դիտարկում է ոչ թե սոցիալական բողոք, այլ ԱՄՆ-ի կողմից հրահրված «գունավոր» հեղափոխություն, որի արդյունքում ուժեղանում է Արևմուտքի ազդեցությունը: Ի տարբերություն արևմտյան էլիտայի ռուսական քաղաքական էլիտան անմրցունակ է, քանի որ բացի էժան էներգակիրներից այլ բան չի կարողանում առաջարկել: Արևմտյան քաղաքական էլիտան առանց պարտադրանքի առաջարկում է ստեղծել ժողովրդավարական պետություն, որտեղ կգործի օրենքի գերակայությունը, պաշտպանված կլինեն մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Եթե


Մոսկվան ցանկանում է պահպանել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքներում, ապա պետք է հաշվի նստի այս երկրների ժողովուրդների հետ` հարգելով նրանց պետական շահերն ու նպատակները: Այլ պարագայում կկորցնի այս տարածաշրջանը և կմնա հպարտ միայնության մեջ:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից