Վերլուծական 

Ուկրաինայի կրտսեր եղբոր բարդույթի հետևանքները

analitik.am

Դոնեցկում և Լուգանսկում կայացած հանրաքվեն էլ ավելի կսրի Կիևի և Մոսկվայի միջև քաղաքական հակամարտությունը: Կասկածից վեր է, որ ուկաինական իշխանությունները կշարունակեն ռազմական գործողությունները երկրի արևելյան շրջաններում՝ նպատակադրվելով ազատել վարչական շենքերը ռուսամետ ուժերից և կանխել հետագա հակակառավարական հուզումները: Սա կարող է առիթ հանդիսանալ ռուսական զորքերի ներխուժմանը Ուկրաինայի արևելյան շրջաններ, որը վերջնականապես ռուս-ուկրաինական քաղաքական հակամարտությունը կվերածի դաժան ռազմական կոնֆլիկտի: Եթե որևէ մեկը մեկ տարի առաջ նման կանխատեսում աներ, ապա նրան անլուրջ կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդու տեղ կդնեին:


Սակայն դառը իրականությունն այն է, որ երկու ազգերը կանգնած են խորը ճգնաժամի առջև: Այս ճգնաժամը չի առաջացել ոչ երեկ, ոչ մեկ տարի առաջ, ոչ էլ տաս, այն ունի խորքային և առաջին հայացքից ոչ տեսանելի պատճառներ: Խորհրդային տարիներին հպարտությամբ նշվում էր, որ արևելասլավոնական ազգերը երեք եղբայրական ու ազգակից ժողովուրդներ են՝ ռուսները, բելոռուսները և ուկրաինացիները, ունեն ընդհանուր պատմություն ու մշակույթ և եղբայրակից ժողովուրդների բարեկամությունը հավերժ է ու անխաթար: Ռուսաստանը հիշեցնում է, որ ինքը միշտ ձեռք է մեկնել եղբայրակից ժողովուրդներին, օգնել է ուկրաինացիներին ազատվել լեհական տիրապետությունից, իսկ միավորվելով Ռուսաստանին ստացել քաղաքական ինքնավարություն, պաշտպանվել ազգային ճնշումներից և կրոնական հետապնդումներից: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի շնորհիվ Արևմտյան Ուկրաինան միավորվեց Արևելյանին՝ թույլ տալով ուկրաինացիներին ապրել մեկ միասնական հսկայածավալ երկրում:


Այն, որ ռուսները հսկայական դեր են խաղացել ուկրաինացիների կյանքում ոչ ոք չի ժխտում, սակայն արդյոք այն միշտ դրական է եղել: Արդյոք 1654թ. Պերեյասլավյան ռադան և Ուկրաինայի ազգային հերոս Բոգդան Խմելնիցկին միանշանակորեն ցանկանում էին միանալ Ռուսաստանին, թե՞ երազում էին անկախ պետության մասին: Ուկրաինայի հետման Իվան Մազեպան չխորշելով Շվեդիայի թագավորի օգնությունից, փորձում էր վերականգնել Ուկրաինայի պետականությունը: Ռուսաստանը գամելով նրան անարգանքի սյունին համարեց դավաճան. արդյոք նա դավաճան էր ուկրաինացիների աչքերում: Իր հերթին ռուսական կառավարությունը 18-րդ դարի երկրորդ կեսին վերացրեց Ուկրաինայի քաղաքական ինքնուրույնությունը՝ լուծարելով հետմանությունը և ջախջախելով Զապորոժյան Սեչը, որը մեղմ ասած խորը հիասթափություն առաջացրեց ուկրաինական հասարակական շրջանակներում: Ռուսաստանն ամբողջ ժամանակահատվածում այդպես էլ չըմբռնեց ուկրաինական ազգի ինքնագիտակցության ձևավորման, նրա զարգացման պրոցեսը: Ուկրաինացիները ցանկանում էին սեփական ձեռքերում պահել իրենց ազգի ճակատագիրը, կարևորագույն որոշումները չկայացնեն ուրիշների թելադրանքով և ձգտում էին հասնել ինքնուրույնության:


Դրա փոխարեն Ռուսաստանը մշտապես հիշեցնում էր, որ պատրաստ է ամեն ինչով օգնել և հովանավորել եղբայրակից ժողովրդին, որ առանց Ռուսաստանի Ուկրաինան պայծառ ապագա չի կարող ունենալ և միայն իր հետ Ուկրաինան կլինի ապահով և երջանիկ: Նման քաղաքականությունն ու մոտեցումներն ուկրաինական ժողովրդի մոտ առաջացրեցին կրտսեր եղբոր բարդույթ: Ուկրաինական ժողովուրդն այս բարդույթով տառապում է երկար ժամանակ, այն սկզբնապես առաջացրեց ճնշվածություն և թերարժեքության զգացում սեփական ազգի նկատմամբ, իսկ հետո անհանդուրժողականություն ավագ եղբոր հանդեպ, որը վերածվեց անսքող ատելության: Եվ այդ անսքող ատելությանը հարմար պահ էր պետք ժայթքելու համար և այն ժայթքեց՝ սովորական հայրենասերներին վերածելով ծայրահեղ ազգայնականների, ովքեր Ռուսաստանի մեջ են տեսնում իրենց երկրի պետականության կործանման հիմքը և սեփական ազգի ինքնության վերացման ապառնալիքը: Սա առիթ հանդիսացավ, որ ազգայնամոլները դիմեն ծայրահեղ և դաժան միջոցների: Արդյունքում տեղի ունեցավ ոչ թե ուկրաինական, այլ սլավոնական ողբերգություն:


Ուկրաինական քաղաքական նիհիլիզմն առաջացրեց ռուսական բացահայտ ծավալապաշտական քաղաքականության, արդյունքում երկու կողմերն էլ ունեցան բազմաթիվ անմեղ զոհեր: Այն հարցին, թե ով է մեղավոր, կա միայն մեկ պատասխան՝ երկու կողմերն էլ ունեն իրրենց մեղքի չափաբաժինը: Եվ մինչև երկու կողմերը չցուցաբերեն խոհեմություն և պետական հասունություն, կրտսեր եղբոր բարդույթի զոհերը կավելանան:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից