Վերլուծական 

Ինչու չեն ցանկանում բիզնես համագործակցություն ունենալ Հայաստանի հետ

Երկրի բնակչության կենսապայմանները բարելավելու համար կամ պետք է պետությունն ամբողջությամբ  իր վրա վերցնի քաղաքացիների բարեկեցության հարցը, ինչն ավելի շատ հիշեցնում է կոլեկտիվ տնտեսություն, կամ պետք է երկիրը բավականաչափ ռեսուրսներ ունենա, որոնց օգտագործումից գոյացած գումարներից մասնաբաժիններ կհատկացնի քաղաքացիներին կամ էլ այնպիսի պայմաններ կստեղծի, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին գումար վաստակել և սեփական ուժերով ապահովել իրենց և իրենց ընտանիքին:


Հայաստանը կարծես թե նոր ձև է գտել, որը, սակայն, ոչ միայն արդյունք չի տալիս, այլ բացի արտագաղթից և աղքատությունից, այլ պտուղ չի տվել: Առաջին դեպքը միանգամից բացառելով Հայաստանի համար, անցնեմ  երկրորդ և երրորդ ձևերին:


Նախ՝ գաղտնիք չէ, որ Հայաստանն այդքան էլ հարուստ չէ բնական ռեսուրսներով, սակայն այն աղքատ էլ չէ՝ բազմաթիվ հանքեր շահագործվում են, ինչի արդյունքում մենք հումք արտահանող և պատրաստի արտադրանք ներմուծող երկրի ենք վերածվել:

 

Հայաստանից հիմնականում արտահանվում է պղինձ, հանքաքար, խարամ, մոխիր, աղ, ծծումբ և այլն: Ավելի պարզ լինելու համար ասեմ, որ օրինակ, եթե հարևանից գնում ենք կտոր 1000 դրամով, այնուհետև կարում ենք շոր այդ կտորից՝ ծախսելով օրինակ 500 դրամ, հետո այդ նույն կտորից կարված շորը վաճառում ենք նույն հարևանի վրա 4000 դրամով՝ ներառյալ հարկերը, ստացվում է, որ մենք օգտվեցինք, իսկ հարևանը տուժվեց  3000 դրամի չափով: Եթե հարևանը կարեր այդ շորը, ապա ծախսերը հանած նա կօգտվեր մոտ 2000 դրամի չափով: Հայաստանն այժմ հայտնվել է այդ տուժված հարևանի կարգավիճակում: 


 

Այս ամենի արդյունքում միանշանակ տուժվում է քաղաքացին, ով ստիպված պետք է գնի ավելի թանկ ապրանքներ, քան կարող էր գնել, եթե դրանք արտադրվեին Հայաստանում: Հաջորդ խնդիրը նրանում է, որ այդ հանքերի շահագործումից քաղաքացիները մասնաբաժին չեն ստանում, սակայն պետք է ստանան, քանզի այդ հանքերը շահագործող կազմակերպությունները խոշոր գումարներ են վաստակում՝ սպառելով ՀՀ քաղաքացիների ազգային հարստությունը:


 

 Հանքերը տվյալ պետության և այդ պետության քաղաքացիները սեփականությունն են, ուստի 21-րդ դարում չի կարելի թույլ տալ, որ Հայաստանին պատկանող հարստությունները սպառվեն՝ առանց տվյալ պետության քաղաքացիներին որևէ շոշափելի օգուտ տալու՝ օրինակ այդ գերշահույթ ստացող ընկերությունները կարող են քաղաքացիների առողջապահական ծախսերը վերցնել իրենց վրա կամ մեկ այլ բան, ինչպես արվում է քաղաքակիրթ երկրներում: Թե ինչպես է արվում, թող մեր հարգարժան ՀՀԿ անդամներն իրենց նեղություն տան և կարդան կամ գոնե կարդալ իմացող խորհրդական-օգնականներ պահեն, ինչևէ, պարզ դարձավ, որ ՀՀ քաղաքացիները բացի թանկ ապրանք գնելուց, նաև հարստահարվում են՝ պետության հարստություններն առանց փոխհատուցման սպառելու արդյունքում:


Հիմա անցնենք երրորդ կետին՝ ի՞նչ պայմաններ է ստեղծում ՀՀ ներկայիս իշխանությունը կոնկրետ այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են բիզնես գործունեությամբ զբաղվել՝ բացի այն, որ ծանոթ-բարեկամներով մի շարք հարցեր լուծելու հնարավորություն է տրված:

 

Կարողանո՞ւմ են արդյոք հասարակ կազմակերպությունները հաղթել պետական գնումների մրցույթներում՝ իհարկե ոչ: Այստեղ էլ է պետք աշխատեցնել հայկական սինդրոմը՝ բարեկամ, հարևան, ծանոթ, խնամի և այլն, և այս ամենի հետ միասին էլ փոխշահավետ պայմաններ առաջարկել համապատասխան պետական մարմնին և համապատասխան աշխատակիցներին: Պետական հաստատություններից բացի, կարողանո՞ւմ են հասարակ կազմակերպությունները մրցակցային հավասար պայմաններ ակնկալել՝ իհարկե ոչ, ո՞վ կարող է Սամվել Ալեքսանյանի հետ մրցել, առավել ևս, որ նա ժխտում է բիզնես գործունեությամբ կամ քաղաքականությամբ զբաղվելու  փաստը: Ծիծաղում ենք և անցնում, բայց միահամուռ ծիծաղում ենք մեր պետության կործանման  վրա, քանզի  Հայաստանն այսօր պետք չէ աշխարհին ոչ քաղաքական առումով, ոչ տնտեսական և ոչ էլ առավել ևս գիտական:

 

 Ի՞նչ ենք ներկայացնելու աշխարհին՝ Հրանուշ Հակոբյանի կազմակերպած հանդեսները սփյուռքում, թե Անդրանիկ Մանուկյանի Ուկրաինայում կառուցվող հյուրանոցը, թե Սամվել Ալեքսանյանի կեղծված մարտինիներն ու վիսկիները կամ հայկական բիզնես աշխատելաոճն, որն ուղղակի նողկանք է առաջացնում անգամ արաբների մոտ:


Ցույց կտա՞ք մի կազմակերպություն, որն աշխատում է բիզնես էթիկայի կանոններով՝ հայկական կազմակերպությունների մեծամասնության մոտ չգիտեմ վիճակ է, քանզի բոլոր աշխատակիցներն ուղղակի մատուցողի դեր են կատարում, որևէ լուրջ որոշում ընդունելու իրավասություն չունեն՝ անգամ իրենց պարտականությունների հետ կապված որոշումներն ընդունվում են սեփականատիրոջ կողմից:


Սա էլ է աբսուրդ աշխատելաոճ, քանզի հսկայական գումարներ են վատնում աշխատավարձերի վրա, սակայն միայն մի բանի համար, որ անհրաժեշտության դեպքում գոռան և վիրավորեն իրենց աշխատակիցներին, վերջիններս էլ գործ չունենալու պատճառով համակերպվում են: Կարելի է երկար շարունակել բիզնես էթիկայի բացակայության հիմնավորումների շարանը, բայց ապարդյուն է, քանզի քանի դեռ ՀՀ նախագահը ասում է մի բան, անում է այլ բան, չգիտեմ-ի և տեսնենք ինչ կլինի-ի  քաղաքականություն է վարում իր թիմի հետ միասին,  ոչինչ չի փոխվելու, բացի հասարակության թվաքանակից, որն ամեն օր նվազում է:


Հ.Գ. Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ որևէ բանական մարդ ներդրում կկատարի Հայաստանում՝ թեկուզ ամենահայրենասեր հայն էլ լինի…



Ա. Հովհաննիսյան

Նույն շարքից