Վերջին տարիների ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումն ու տնտեսական և հատկապես ռազմական ոլորտում ակտիվ համագործակցությունը հայ հասարակության համար ոչ միայն տհաճ էր, այլ նաև որոշակի ծանր իրադրություն ստեղծեց: Հայերի մոտ ոչ անհիմն կերպով մտավախություն առաջացավ, որ Կրեմլը հանուն իր աշխարհաքաղաքական խաղերի և ծավալապաշտական նպտակների Հայաստանին կարող է վերածել իր քաղաքականության մանրադրամի:
Հայկական փորձագիտական շրջանակները բազմիցս զգուշացրեն են, որ Ղարաբաղը կարող է այն խայծը դառնալ, որի միջոցով Մոսկվան Բաքվին կներքաշի Եվրասիական միության մեջ: Այն, որ Մոսկվան ցանկանում է Բաքվին ներգրավել իր ստեղծած տնտեսական միության մեջ, ակնհայտ է, սակայն հարց է առաջանում՝ արդյոք այդ գործընթացի ընթացքում Արցախը կդառնա սակարկման առարկա:
Մեր երկրում առկա հակառուսական տրամադրությունների ամրապնդմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Բաքուն Հայաստանի ռազմավարական դաշնակցից գնելով մեծածավալ հարձակողական ժամանակակից զենքեր հաճախակիացնում է հայկական դիրքերի և սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները, ինչպես նաև ակտիվացնում դիվերսիոն խմբավորումների գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը տալիս է ցավալի կորուստներ:
Հայկական կողմի կորուստների համար որոշակիորեն պատասխանատվություն է կրում նաև Ռուսաստանը , որը հանդիսանում է մեր երկրի անվտանգության երաշխավորը: Պատահական չէ, որ նման պայմաններում հաճախակի են հնչում այնպիսի կարծիքներ, որոնց համաձայն Հայաստանը պետք է վերանայի իր անվտանգության հայեցակարգը և փնտրի հուսալի դաշնակիցներ: Վերջերս նման ակնարկ արեց նաև ՀՅԴ գերագույն բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:
Մեր տարածաշրջանում կա երկու հիմնական հզոր քաղաքական խաղացողներ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն, և եթե Երևանը փոխի իր քաղաքական վեկտորը, ապա կհարուցի Կրեմլի խիստ դժգոհությունը:
Իհարկե Հայաստանը, լինելով ինքնուրույն պետություն, կարող է վարել իր ազգային շահերին համահունչ անկախ քաղաքականություն, սակայն կիրառման առումով դա շատ բարդ է և խնդրահարույց:
Կրեմլի միակ ամուր և վստահելի կետը Կովկասում Հայաստանն է, ուստի այն ամեն գնով կփորձի պահպանել իր հենման կետը, քանզի հակառակ դեպքում կկորցնի ամբողջ Կովկասը:
Հայաստանի բոլոր ռազմավարական օբյեկտները պատկանում են ռուսական ձեռնարկություններին՝ էներգոհամակարգ, գազատար համակարգ, երկաթուղի, ռուսական ընկերությունները նույնպես ակտիվորեն ներգրավված են ՀՀ տնտեսության մեջ՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, կապի օպերատորներ և այլն: Սրանք բոլորը հզոր տնտեսական լծակներ են, որը Կրեմլի կարող է անհրաժեշտության դեպքում օգտագործել Հայաստանի դեմ: Մոսկվան կարող է արգելել դրամական փոխանցումները դեպի Հայաստան, ապօրինի ներքաղթյալներին արտաքսել երկրից, և այս ամենը կմեծացնի սոցիալական լարվածությունը մեր երկրում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը կարող է փակել իր շուկան հայկական ապրանքների համար, որը կաթվածահար կանի հայկական գյուղատնտեսությունը:
Այս ամենի հետ մեկտեղ Մոսկվան կարող է հայ-ադրբեջանական զինված ընդհարում հրահրել, և եթե Հայաստանը հանկարծակիության գործոնի պատճառով որոշակի անհաջողություններ կրի, ինչը գրեթե հնարավոր չէ, ապա նույն Մոսկվան թույլ չի տա Ադրբեջանին նշանակալի հաջողությունների հասնել՝ հասկացնելով Երևանին, որ ինքն է Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխավորը:
Սակայն կգնա՞ Ռուսաստանը նման քայլերի, քանզի այս ամենը դեռևս չի երաշխավորի Մոսկվայի հաղթանակը Երևանի նկատմամբ: Արևմուտքը, ելնելով իր շահերից, կմեղադրի Կրեմլին շրջափակման մեջ գտնվող փոքրիկ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու մեջ, այս մեղադրանքներին կմիանա սփյուռքը՝ մեծ հարված հասցնելով Ռուսաստանի արդեն իսկ որոշակի անկում ապրած հեղինակությանը, իսկ Երևանն էլ իր հերթին կարող է վերանայել էներգետիկ համաձայնագրերը և ազգայնացնել հայաստանյան էներգետիկ համակարգը:
Հայաստանը կարող է նաև կիրառել իր գլխավոր հաղթաթուղթը՝ պահանջել Կրեմլից դուրս բերել ռուսական զորքերը, ինչը անդառնալի հարված կհասցնի Կրեմլի աշխարհաքաղաքական շահերին ու նպատակներին:
Հայ-ռուսական առճակատման դեպքում հաղթանակած կողմ չի լինի, երկու կողմերն էլ կկրել լուրջ տնտեսական և ռազմաքաղաքական վնասներ: Այդ իսկ պատճառով մենք ոչ թե նոր դաշնակիցներ պետք է փնտրենք, այլ պաշտպանենք մեր ազգային և պետական շահերը: Միայն մեր թույլտվության Հայաստանը կարող է մանրադրամ դառնալ, իսկ Արցախն էլ՝ սակարկման առարկա, ուստի Հայաստանը պետք է պատվախնդիր լինի և սկզբունքային դիրքորոշում ունենա պետական և ազգային շահերի մասով:
Միայն կշռադատված, սկզբունքային և ճիշտ դիվանագիտություն ու քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը կվայելի Կրեմլի հարգանքը, ինչը երկուստեք անհրաժեշտ է, այլ ոչ թե Պուտինը քմծիծաղով ռեպլիկ կանի Արա Աբրահամյանին, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է բնակվում, քան Հայաստանում:
Սարգիս Լևոնյան