Ռուսաստան-Արևմուտք քաղաքական սուր առճակատման պայմաններում էլ ավելի է մեծանում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը երկու կողմերի համար: Կրեմլը լավ գիտակցում է, որ Արևմուտքը ձգտում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, ուստի նման պայմաններում ոչ միայն կթուլանա Մոսկվայի քաղաքական ազդեցությունը Մերձավոր Արևելքում, այլ նաև վտանգված կլինեն Մոսկվայի դիրքերն ամբողջ կովկասյան տարածաշրջանում:
Արևմուտքն իր քաղաքական ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում հաստատում է ֆինանսական ներդրումների և տնտեսական խոշոր նախագծերի միջոցով: Դրա վառ օրինակն է Հարավային Կովկասը, որն Արևմուտքի համար հանդիսանում է էներգակիրների գլխավոր ու համեմատաբար անվտանգ տարանցիկ գոտի: Պատահական չէ, որ Արևմուտքն ամեն կերպ խոչընդոտում է Հարավային հոսք նախագծի իրագործմանը, որի շնորհիվ ռուսական գազը Սև ծովի հատակով կհասնի Եվրոպա և տնտեսական անշահավետ կդարձնի Հարավային Կովկասում գազամուղի կառուցումը:
Իր հերթին Կրեմլի համար պարզ է դառնում, որ Մոսկվայի քաղաքական ազդեցության հաստատման և ամրապնդման գլխավոր գրավականն է հանդիսանում ռուսական զորքերի առկայությունը Մերձդնեպրում, Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում և Հայաստանում: Այսպիսով, որպեսզի Ռուսաստանն ապահովի իր քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում, անհրաժեշտ է տարածաշրջանում տեղակայել ռուսական զորքեր: Պատահական չէ, որ փորձագետների կարծիքով Սոչիում նախատեսվող նախագահների հանդիպման ժամանակ արծարծվելու է ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումը հայ ադրբեջանական շփման գոտում: Նման ճանապարհով Ռուսաստանը փորձում է հասնել երկու նպատակի՝ առաջինը բարելավել միջազգային հանրության աչքերում Մոսկվայի վարքաբեկված իմիջը՝ ցույց տալով, որ Ռուսաստանը խաղաղասեր պետություն է և ցանկանում է կանգնեցնել ռազմական գործողությունները՝ հանդես գալով խաղաղասերի դերում, իսկ երկրորդ՝ ձգտում է Մինսկի ֆորմատում գլխավոր դեր ստանձնել Ղարաբաղյան կոնֆլիկտում՝ մեծացնելով իր ազդեցությունը հակամարտող կողմերի նկատմամբ:
Սակայն Ռուսաստանն իր առջև դրված նպատակներին չի հասնի: Պուտինի համար մեծ հաջողություն կլինի, եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ առանձին-առանձին հանդիպումից հետո կազմակերպի եռակողմ ֆորմատի հանդիպում:
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցմանը, ապա այն ոչ թե Պուտինի ջանքերի շնորհիվ է, այլ հայկական բանակի ու այս իրողությունը լավ գիտակցում են միջազգային քաղաքագիտական շրջանակները, դեռ ավելին՝ Կրեմլը պատասխանատվություն է կրում աննախադեպ ռազմական լարվածության համար, քանզի, եթե վերջինս մեծածավալ զենքեր չվաճառեր Բաքվին, դժվար թե Ալիևը դիմեր նման արկածախնդրության:
Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման հարցում Ռուսաստանն ամբողջովին միայնակ է: Արևմուտքի քաղաքական շահերից չի բխում Ռուսաստանի ազդեցության հզորացումը տարածաշրջանում, Իրանը կտրուկ հայտարարել է, որ ոչ մի կերպ չի հանդուրժի խաղաղապահ ուժերի տեղակայումը, այն չի բխում նաև հակամարտող կողմերի պետական շահերից:
Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի համար ոչ հուսալի գործընկեր է, Կրեմլը ձգտում է երկու երկրների շահերը ստորադասել սեփական ծավալապաշտական նկրտումներին: Բաքվի աչքերում Մոսկվան իր գլխավոր մրցակիցն է էներգակիրների արտահանման բնագավառում, ինչի հետևանքով նվազում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը: Ինչ վերաբերում է Երևանին, ապա Ռուսաստանը , որն ասում է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, հարձակողական զենք է վաճառում իր դաշնակցի ոսոխին, ստիպում է հրաժարվել դաշնակցին ստորագրել Եվրաասոցացման համաձայնագիրը և ներքաշում է Եվրասիական Միություն և միևնույն ժամանակ սառեցնում նրա անդամակցումը և միայն վերջերս Լավրովի միջոցով Դուշանբեում հայտարարվեց, որ Երևանի անդամակցումը ՄՄ-ին անհրաժեշտ է Կրեմլին:
Ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումը ոչ թե կլուծի Արցախյան հիմնախնդիրը, այլ Ղարաբաղի կոնֆլիկտի ամբողջ ճակատագիրը կկենտրոնանա Կրեմլի ձեռքերում, ինչի արդյունքում կուժեղանա Մոսկվայի ազդեցությունը հակամարտող երկրների նկատմամբ:
Հայկական բանակի հաջողությունները Սերժ Սարգսյանին թույլ են տալիս Սոչիում հանդես գալ ամուր դիրքերից և հաստատակամորեն պաշտպանել մեր հայրենիքի ազգային և պետական շահերը: Սարգսյանը կարող է պահանջել Պուտինից դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին, Հայաստանում իրականացնել խոստացված ներդրումները, բացառել Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետի առկայությունը և ՀՀ նախագահը կարող է նաև արծարծել Լևոն Հայրապետյանի ազատության հարցը: Հուսանք, որ Սերժ Սարգսյանն արժանապատվորեն հանդես կգա Սոչիում կայանալիք բանակցություններում:
Սարգիս Լևոնյան