Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը ստիպում է Կրեմլին իր արտադրած ապրանքների և էներգակիրների համար նոր արտահանման շուկաներ փնտրել Արևելքում և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև սերտացնել այդ տարածաշրջանի երկրների հետ տնտեսական ու գործնական կապերը:
Նման պայմաններում անխուսափելի է դառնում ռուս-թուրքական տնտեսական համագործակցության էլ ավելի խորացումը, ինչը կարող է հանգեցնել երկու երկրների քաղաքական մերձեցմանը: Ռուսաստանի քաղաքական շրջանակները և դաշնակիցները՝ հատկապես պաշտոնական Ղազախստանը ցանկանում են Եվրասիական Միության մեջ ներգրավել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ Անկարան էլ իր հերթին հայտարարել է, որ հետաքրքրված է Եվրասիական Միությամբ:
Անկարան բազմիցս դժգոհություն է հայտնել Բրյուսելի վարած քաղաքականության առնչությամբ, ինչի պատճառով տասնամյակներ է ձգձգվում է Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին: Թուրքիայում աշխարհիկ պետություն կառուցող Էրդողանը մշտապես զգուշացնում է Բրյուսելին, որ անդամակցության ձգձգման դեպքում Թուրքիան վերջնականապես երես կթեքի Եվրոպայից: Թուրքական վերլուծական և փորձագիտական կենտրոնները նշում են,որ Անկարան՝ ԵՄ-ին չանդամակցելու դեպքում պետք է մտնի Մաքսային Միություն, ինչը կնպաստի Անկարայի և Մոսկվայի միջև տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև կնպաստի ռազմական ոլորտում համագործակցությանը: Նման կարծիքներ ակտիվորեն սկսեցին հնչել 2013 թ-ի նոյեմբերին, երբ Էրդողանը այցելեց Մոսկվա՝ Վ. Պուտինի հետ քննարկելու Մերձավոր Արևելքի խնդիրները և երկկողմանի տնտեսական հարաբերությունների հարցերը:
Թուրք փորձագետները շեշտում են, որ Մաքսային Միության անդամակցումը Թուրքիային թույլ կտա սերտ կապեր հաստատել Ալթայի և Սիբիրի թյուրքալեզու հայրենակիցների հետ, ինչպես նաև ավտոմատ ձևով կնպաստի Ադրբեջանի մուտքին Մաքսային Միություն: Սակայն այս ենթադրությունները անիրագործելի են, Անկարան մեկ տասնամյակից ավել է, ինչ ստորագրել է Եվրոասոցացման համաձայնագիրը Բրյուսելի հետ և դժվար թե հանուն ՄՄ-ի հրաժարվի եվրոպական 450 միլիոնանոց շահավետ շուկայից: Դա թե տնտեսական, թե քաղաքականապես ձեռնտու չէ Էրդողանին, նման որոշման պարագայում վերջինս Թաքսին հրապարակում կստանա թուրքական Մայդան: Բայս սա չի նշանակում, որ ռուս-թուրքական հարաբերությունները չեն սերտանալու, Մոսկվայում երկու երկրների ղեկավարները հանձն են առել ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդի: Երկու երկրներն էլ ակտիվորեն համագործակցում են բանկային, շինարարական, էներգետիկ և տուրիստական ոլորտներում: Պատժամիջոցների իրագործման պայմաններում այս համագործակցությունը Կրեմլի համար դառնում է հույժ կարևոր:
Ռուս-թուրքական մերձեցումը կխորանա Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո, վերջինս դժգոհ լինելով Եվրոպայից և Օբամայի վարած քաղաքականությունից, դեմ չէ իրականացնել ինքնուրույն և անկաշկանդ քաղաքականություն: Այս մերձեցումը կնպաստի ՄՄ վերաբերյալ Բաքվի կոշտ դիրքորոշման փոփոխմանը: Կրեմլը ձգտում է չեզոքացնել Ադրբեջանում Արևմուտքի տնտեսական ու քաղաքական ազդեցությունը և ստանալ երաշխիքներ, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ընթացքում Անկարան չի համագործակցի ԱՄՆ-ի հետ՝ ընդդեմ Մոսկվայի:
Սակայն նման գործարքի դիմաց Թուրքիան Ռուսաստանից քաղաքական գին կպահանջի, որը կարող է հանդիսանալ Ղարաբաղը, և այստեղ հարց է առաջանում՝ արդյոք հանուն կարճաժամկետ քաղաքական շահերի Մոսկվան կպարտադրի Երևանին Ղարաբաղի հարցում փոխզիջման գնալ, ինչն իր հերթին կթուլացնի Հայաստանին և վտանգի տակ կդնի վերջինիս ապագան:
Կրեմլը պետք է գիտակցի, որ Թուրքիան իր աշխարհաքաղաքական ախոյանն է: Անկարան կարող է ժամանակավորապես համակերպվել Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելու հետ, սակայն այն չի հրաժարվի Սիրիայում վարած քաղաքականությունից և կձգտի իր քաղաքական ազդեցությունը հաստատել Հարավային Կովկասում և Միջին Ասիայում, ինչը հակասում է Մոսկվայի քաղաքական շահերին: Ռուսաստանի աքիլլեսյան գարշապարը հանդիսանում է ազգային հարցը, իսկ Էրդողանը ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության փառքը, որը հանգեցնելու է Ռուսաստանում բնակվող թյուրքալեզու ազգությունների անհատական ձգտումների արթնացմանը:
Հայաստանի թուլացումը կհանգեցնի Ռուսաստանի ազդեցության աննախադեպ նվազմանը տարածաշրջանում, որից կօգտվի Թուրքիան: Նման պայմաններում Ռուսաստանը կկանգնի մասնատման վտանգի առջև: Իհարկե Ռուսաստանն այսօր ուժեղ է և ունի հզոր առաջնորդ, սակայն հայտնի չէ, թե վաղն ինչ կլինի: Մնում է հուսալ, որ Կրեմլը ճակատագրական սխալ չի անի և չի զոհաբերի իր դաշնակից Հայաստանի ազգային անվտանգությունը հանուն թուրքական սին խոստումների: Ժամանակին բոլշևիկները նման սխալ գործեցին, երբ հանուն ուտոպիստական գաղափարների Հայաստանին ստորաբար զոհաբերեցին Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ փոխարենը ոչինչ չստանալով:
Սարգիս Լևոնյան