Այս տարվա մայիսի 25-ին Աստանայում Եվրասիական Տնտեսական Միության ստեղծման գագաթաժողովին, որտեղ այլ հարցերի հետ քննարկվում էր Հայաստանի անդամակցության հայցը տվյալ կառույցին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, խախտելով դիվանագիտական էթիկան, հնչեցրեց Ալիևի այն մտահոգությունը, որի համաձայն Հայաստանն Արցախի հետ չի կարող անդամակցել Եվրասիական Միությանը: Հայկական կողմը ստիպված էր Ռուսաստանի կատարյալ լռության պարագայում կուլ տալ այդ դառը հաբը, որը փաստացի նշանակում էր միության անդամ դառնալու դեպքում մաքսակետ տեղադրել Արցախի և Հայաստանի միջև: Ղազախստանը հայտարարեց , որ իրենք կստորագրեն Հայաստանի անդամակցության համաձայնագիրը` կցելով Արցախի վերաբերյալ հատուկ կարծիք:
Չնայած այս ամենին, Երևանը մշտապես թե Աստանայից առաջ, թե հետո հայտարարել էր, որ բացառում է Արցախի սահմանին մաքսակետի տեղադրումը: Եվ ահա Մինսկում օգոստոսի 26-ին Եվրասիական Միության երկրներն Ուկրաինայի և Եվրամիության ներկայացուցիչների հետ կայացած գագաթաժողովի ժամանակ զուգահեռաբար առանձին քննարկվել են Հայաստանի և Ղրղզստանի անդամակցության հարցն ու որոշել հոկտեմբերի 10-ին դրական լուծում տալ այս խնդրին:
Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոսժիգիտովը պաշտոնապես հաստատեց այդ լուրը` նշելով, որ Ղազախստանը ստորագրել է Հայաստանի անդամակցության համաձայնագիրն առանց հատուկ կարծիքի, բացի այդ դեսպանը ավելացրեց, որ Ղազախստանում բոլորը բարիացակամորեն են վերաբերում Հայաստանի անդամակցությանն այս կառույցին: Այսինքն՝ Եվրասիական Միության հիմնադիր անդամներն աչք են փակելու Արցախի սահմանին մաքսակետի բացակայության փաստի վրա:
Այստեղ հարց է ծագում ինչու՞ Ղազախստանը կարճ ժամանակվա ընթացքում կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, մի՞թե Նուրսուլթան Աբիշևիչին այլևս չի անհանգստացնում իր բարեկամ կոլեգայի նյարդային և հոգեկան վիճակը: Իրականությունը կայանում է նրանում, որ ամառվա ամիսներին տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ: Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով էլ ավելի խորացավ Արևմուտք-Ռուսաստան առճակատումը,որը հանգեցրեց երկուստեք պատժամիջոցների կիրառմանը, ինչի հետևանքով Մոսկվան հայտնվեց քաղաքական մեկուսացման եզրին:
Նման իրավիճակում Կրեմլի շահերից էր բխում ոչ թե ձգձգել Երևանի անդամակցությունը տնտեսական միությանը, այլ հնարավորինս շուտ ներգրավել Հայաստանին տվյալ կառույցում` հաշտվելով հայկական կողմի Արցախի սահմանին մաքսակետի բացառման դիրքորոշման հետ, հակառակ դեպքում Երևանը կարող էր արծարծել Աբխազիայում և Հարավային Օսեթիայում մաքսակետի տեղադրման հարցը:
Հաջորդ կարևոր իրադարձությունը հայկական բանակի հաջողություններն էին, որը ևս մեկ անգամ համոզեցին բոլորին, որ Հայաստանը Արցախի հարցում երբեք չի գնա անընդունելի զիջումների: Սակայն մաքսակետի տեղադրման խնդրի կապակցությամբ կա ևս մեկ հանգամանք, որ արժանի է ուսումնասիրման, արդյոք՞ մաքսակետի առկայությունը բխում է Աստանայի քաղաքական շահերից: Նման դեպքում կուժեղանար Բաքվի կշիռը Հարավային Կովկասում և կմեծանար Անկարայի դերը թուրքախոս պետություններում:
Իր հերթին Նուրսուլթան Նազարբաևը ձգտում է Ղազախստանը վերածել թուրքախոս ժողովուրդների կենտրոն, այսպիսով նշմարվում է Աստանայի և Անկարայի քաղաքական մրցակցության ի հայտ գալը, որի նպատակն է հանդիսանալու թուրքախոս պետությունների շրջանակում առաջնային տեղ գրավելը: Այս մրցակցության ժամանակ կարևոր է լինելու հատկապես Ադրբեջանի դիրքորոշումը, որը դժվար թե լինի Աստանայի օգտին, քանզի Ադրբեջանում և Թուրքիայում պաշտոնապես ընդունված է Երկու պետություն մեկ ժողովուրդ կարգախոսը:
Սա նշանակում է, որ Ղազախստանի շահերից չի բխում Ադրբեջանի հզորացումը՝ հատկապես Արցախի հիմնախնդրի միջոցով, որը կնպաստի Անկարայի դերի մեծացմանը թրքախոս աշխարհում: Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են վերականգնել Օսմանյան կայսրության փառքը և երազում են Մեծ Թուրանի մասին, որի սահմանները կձգվեն Բալկաններից մինչև Չինաստան: Այս պայմաններում Անկարայի համար կարևոր նշանակություն է ձեռք բերում Ադրբեջանը, որը հանդիսանում է Թուրքիան Միջին Ասիայի հետ կապող գլխավոր օղակը: Ինչքան Ադրբեջանը հզորանա, այնքան կուժեղանա Թուրքիայի ազդեցությունը Միջին Ասիայում, իսկ դա չի բխում Աստանայի շահերից, քանզի Նուրսուլթան Նազարբաևը ցանկանում է Ղազախստանը տեսնել ոչ թե Թուրքիայի ստվերի տակ, այլ Ղազախստանը վերածել Եվրասիական տարածաշրջանում ինքնուրույն, անկախ և խոշոր խաղացողի:
Նման կշիռ ունենալու համար անհրաժեշտ է չեզոքացնել Անկարայի քաղաքական նկրտումները, իսկ սա նշանակում է թուլացնել Բաքվի տնտեսական ու քաղաքական գործոնը Հարավային Կովկասում: Դա հնարավոր կլինի միայն Արցախի հայանպասստ լուծման պարագայում: Կարելի է եզրակացնել, որ Հայաստանի վերաբերյալ Աստանայի դիրքորոշման մեղմացմանը նպաստել է նաև թուրք-ղազախական հնարավոր մրցակցությունը:
Սարգիս Լևոնյան