Վերլուծական 

«Պատերազմներ: Կեղծիքների և սադրանքների պատմությունից» . Մաս առաջին

 «Ստոր իսպանացիները պայթեցրին մեր նավը: Սա պատերազմի առիթ է», - 1898 թվականին գրել էր ամերիկյան New York World-ը: Կուբայի ափերից ոչ շատ հեռու (որն այն ժամանակ իսպանական գաղութ էր) գտնվող Մեյն հածանավը ցիրուցան եղավ, որի արդյունքում զոհվեց 266 հոգի:


Ամերիկյան հասարակությունում իսկական փոթորիկ բարձրացավ: Արդյունքում ԱՄՆ նախագահ Վիլյամ Մաքքինլին Իսպանիային պատերազմ հայտարարեց:




Ինչ իրադարձություններ էին նախորդել նախքան պատերազմի հայտարարումը:


1898 թվականին, Հավանայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, Վաշինգտոնը որոշեց զրահապատ հածանավ ուղարկել Հավանա՝ ԱՄՆ անհանգստությունը ցույց տալու և Ամերիկայի քաղաքացիներին պաշտպանելու նպատակով: Մաքքինլին, Կուբայում սկիզբ առած ազգային ապստամբության պաշտպանության պատրվակով (1895 թվականից սկիզբ էր առել Կուբայի անկախացման գործընթացը), պատերազմ հայտարարեց Իսպանիային: Պատերազմի արդյունքում ԱՄՆ-ին անցան Կուբան, Պուերտո-Ռիկոն, Ֆիլիպինները, Գուամը:

Երբ 1910 թվականին Մեյն հածանավը ջրից դուրս բերվեց՝ պարզ դարձավ, որ նավի վրա ականից որևէ բացվածք չկա: Դա նշանակում է, որ պայթյունն առաջացել էր ներքին պատճառներից: Հատկանշական է, որ պայթյունի ժամանակ գրեթե բոլոր սպաները գտնվել են ափին, զոհվել էին հիմնականում սևամորթ նավաստիները, իսկ նավը վաղուց հնացել էր և երկար ժամանակ փորձում էին դուրս հանել հաշվեկշռից: Պատմաբանների մոտ կարծիք կա, որ Մեյն հածանավի պայթյունը սադրանք է եղել՝ Իսպանիայի դեմ պատերազմում Ամերիկային ներքաշելու համար:


ԱՄՆ կառավարությունը հրապարակել է «ԱՄՆ շտաբերի ղեկավարների համատեղ հանձնաժողովի զեկույցը՝ Կուբա ռազմական ներխուժման հիմնավորվածության» վերաբերյալ: Այն հրապարակվել է 2001 թվականի հոկտեմբերի 12-ին Ջորջ Վաշինգտոնի համալսարանի և Executive Intelligence Review կայքերում: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ ներխուժման հիմնավորման համար առաջարկվում էր ԱՄՆ հատուկ ծառայությունների ուժերով կազմակերպել ամերիկյան ռազմանավի պայթյունը: Այդպիսով հաստատվում է այն վարկածը, որ ամերիկյան Մեյն ռազմանավի պայթյունը ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված սադրանք է եղել:


Այն ժամանակ ԱՄՆ մեղադրում էր իսպանացիներին՝ չնայած վերջիններս չէին ցանկանում պատերազմել Միացյալ Նահանգների հետ: Իսկ ահա նախագահ Մաքքինլիի վարչակազմը գտնում էր, որ ժամանակն է ունենալ սեփական գաղութներ, որոնք միևնույն ժամանակ կլինեին հումքի աղբյուրներ և սպառման շուկաներ: 


 

«Ավստրո-հունգարական գահի ժառանգորդ արքայազն Ֆրանց  Ֆերդինանտի սպանությունը»

 

Արքայազն Ֆերդինանտի և նրա կնոջ Սոֆի Շոտեկի սպանությունը ցնցեց եվրոպական հանրությանը:


Ավստրիական ոստիկաններն անմիջապես կապ տեսան մարդասպանների և Սերբիայի միջև: Դեպքից չորս շաբաթ անց Վիեննան վերջնագիր ներկայացրեց Բելգրադին: Այդ ընթացքում ռուսները սպասում էին, որպեսզի կրքերը հանդարտվեն և ժամանակ ուենան իրենց համերաշխությունը սերբերին ցույց տալու համար:

1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում կատարված սպանությունն Առաջին աշխարհամարտի առիթ հանդիսացավ:


Ավստրիացի դիվանագետները սպանությունն ուղղակի սադրանք համարեցին Սերբիայի կողմից: Ըստ պատմաբան Դուշան Բատակովիչի` սպանությունը Վիեննայի համար «երկար սպասված առիթ էր Սերբիայի դեմ պատերազմելու համար»: Այն ժամանակ Ավստրո-Հունգարիայում մեծ քարոզչություն էր ծավալվում սերբերի՝ մասնավորապես կայսրությունում բնակվող սլավոնների դեմ:


1914 թվականի հուլիսի 14-ին, չնայած սերբական իշխանությունների մասնակցության մասին ապացույցների բացակայությանը, Ավստրիան 10 կետից բաղկացած վերջնագիր ներկայացրեց Սերբիային: Բելգրադն ընդունեց այդ վերջնագիրը՝ բացառությամբ 6-րդ կետի, որի համաձայն Ավստրիան իր փորձագետներին պետք է ուղարկեր դեպքի վայր՝ փոխարենն առաջարկելով ներգրավվել միջազգային քրեական մարմնին կամ գերտերությունների իրավապահ մարմիններին: Մի քանի օր անց Ավստրո-Հունգարիան կրկին հաստատեց, որ սերբերի կողմից Կովինում տեղակայված իր զորքերի վրա հարձակում է եղել: 1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրիայի Արտաքին գործերի նախարար Լեոպոլդ Բերշտոլդը պատերազմ հայտարարեց Սերբիային: Օգոստոսի 1-ին էլ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին:

 

Ինչը հանգեցրեց Առաջին Համաշխարհային պատերազմին:


1871 թվականին Պրուսիան ջախջախեց Ֆրանսիային և առաջացավ II-րդ Ռեյխը: Պրուսիայի հաղթանակը չափազանց տարօրինակ էր: Անշուշտ Պրուսիան ուժեղ էր Ֆրանսիայից, սակայն ոչ այնքան, որ կարողանար այդպես արագ հաղթանակ տանել Ֆրանսիայի նկատմամբ: Դա որոշ առումով պայմանավորված էր նաև ֆրանսիացի գեներալների դավաճանությամբ: Ինչպես հետագայում ցույց տվեցին հետազոտությունները ֆրանսիական, բրիտանական և գերմանական մասոնները պայմանավորվել էին ազատվել Նապոլեոն III-ից, ով սկսել էր զայրացնել անգլիացիներին նրանով, որ որոշել էր վերադառնալ Երկմետաղ դրամական համակարգին՝  այսինքն արծաթե և ոսկե դրամներին: Իսկ անգլիացիներն արծաթե դրամներից հրաժարվել էին դեռևս 1820-ական թվականներին, իսկ Նապոլեոն III-ը շատ էր ցանկանում վերադառնալ արծաթե դրամին, քանի որ դա բխում էր Ֆրանսիայի շահերից` այդ կերպ վճռելով սեփական ճակատագիրը:


Ֆրանսիայի նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո գերմանական մասոնականները միավորվեցին «Գաղտնի Գերմանիա» կազմակերպությունում (Geheimes Deutschland) և դա առաջին և միակ անգամն էր, որ ազգային հիմքի վրա որևէ մեկն անգլիական մասոններին մարտահրավեր էր նետում: Ֆրիդրիխ II-ն ասել էր. «Մենք պետք է զարգացնենք և ամրապնդենք գերմանական հայրենասիրությունը»:


Որոշ ժամանակ բրիտանացիները սպասեցին՝ փորձելով լուծել երկու մասոնական օթյակների միջև ծագած խնդիրները: Սակայն երբ հասկացան, որ Գերմանիան այս ամենին ավելացրած նաև տնտեսական թռիչք է կատարում և այդ գերօթյակի հիմքում նաև ազգային բազա կա, ապա 1888 թվականին որոշվեց կործանել Գեմանիան: Սակայն ինչպե±ս: Բրիտանացիները այն կարող էին անել ծովում, սակայն հարկավոր էր դա անել ցամաքում: 19-րդ դարի վերջում աշխարհաքաղաքականության մասնագետ Ալեքսեյ Եֆիմովիչ Եդիխինը (Վանդամ) գրել էր, որ Անգլիան կարող է հաղթել Գերմանիային միայն Ռուսաստանի հետ դաշնակցելով և եթե Ռուսաստանն իր վրա վերցնի ռազմական գործողությունների 3/4-ը: Ուստի բրիտանացիների գլխավոր խնդիրն էր իր թշնամուն՝ Ռուսաստանին, քաշել դեպի իրեն, սակայն պարզ էր, որ միանգամից անհնար էր լինելու: Որոշեցին դա անել Ֆրանսիայի օգնությամբ: 1892-93 թթ. կնքվեց ֆրանս-ռուսական դաշինքը և սկսվեցին ցնցումները Ռուսաստանի և Գերմանիայի միջև: Այդ ժամանակ անգլիացիները կատարեցին իրենց հաջորդ քայլը. հարկավոր էր ֆրանսիացիներին ապացուցել, որ Ռուսաստանն այդքան էլ ուժեղ չէ, որպեսզի կարողանա պաշտպանել իրենց և հետևաբար հարկավոր է մոտ գտնվել անգլիացիներին: Անհրաժեշտ էր Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել և վերջինիս համար պարտություն կազմակերպել: 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմը լուծեց այդ խնդիրը: Անգլիացիների խորամանկությունը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը պարտություն կրեց, իսկ Ֆրանսիան էլ ավելի մերձեցավ Անգլիային:


Առաջացավ ֆրանս-անգլիական դաշինքը և հետևաբար տեխնիկայի հարց էր այդ դաշինքին ներքաշել Ռուսաստանին. արդյունքում առաջացավ Անտանտը:


Այսպիսով հարթակ ստեղծվեց I-ին Համաշխարհային պատերազմի համար: Այնուհետև տեղի ունեցավ այն, ինչ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո ասել էր Բիսմարկը. «Եվրոպայում նոր պատերազմը կսկսվի ինչ-որ հիմարությունից»: Սպանեցին Ֆրանց Ֆերդինանտին:


1870-ական թվականներից Բալկանները գտնվել են բրիտանական հետախուզության գործունեության ազդեցության տակ: Ապագա Հարավսլավիայի տարածքում Բրիտանական հետախուզությունն ուղղակի կամ անուղղակի վերահսկել է այսպես կոչված ահաբեկչական կազմակերպությունները, առանց որոնց որևէ նման բան չէր կարող լինել:




Գլեյվիցյան սադրանքը


1939 թվականի օգոստոսի 31-ին էսէսականների մի խումբ ներխուժել էր Լեհաստանի հետ սահմանակից Գլեյվից քաղաքի ռադիոկայանի շենք: Գերմանական տարածքի վրա հարձակում բեմադրելով՝ գերմանացիները մի քանի կրակոց էին արձակել միկրոֆոնի մոտ և լեհերեն տեքստ կարդացել, որի իմաստը կայանում էր նրանում, թե իբր «եկել է Լեհաստանի կողմից Գերմանիայի դեմ պատերազմի ժամանակը»: Առավել համոզիչ տպավորություն թողնելու համար էսէսականներն իրենց հետ բերել էին լեհական զինվորական համազգեստ հագած գերմանացի հանցագործների, որոնց հենց Գլեյվիցում էլ սպանեցին:


Հենց նույն գիշերը գերմանական լրատվական ծառայությունները հայտնեցին, որ լեհական բանակը որևէ կերպ չհրահրված հարձակում է ձեռնարկել III-րդ Ռեյխի վրա: Միջադեպից ընդամենը մի քանի ժամ անց՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան,  նացիստական ավիացիան հարվածներ հասցրեց Լեհաստանի օդանավակայաններին, հեռահաղորդակցության կապուղիներին, տնտեսական և վարչական կենտրոններին:


Գերմանիայի հարձակմամբ սկսվեց II-րդ Համաշխարհային պատերազմը:

 

Արեգ Մանասյան

 

Նույն շարքից