Վերլուծական 

Հայկական ֆուտբոլի գլխավոր խնդիրն է մնում բարձրակարգ դարպասապահների բացակայությունը

Հայկական ֆուտբոլի գլխավոր խնդիրն է մնում բարձրակարգ դարպասապահն          երի բացակայությունը                                     

Արդեն 30 տարուց ավել է, ինչ հայկական ֆուտբոլի երկրակամարում ի հայտ չի գալիս հայազգի բարձրակարգ դարպասապահ: Այս տարիների ընթացքում մեր ֆուտբոլն ունեցել է մի շարք հրաշալի հարձակվողներ, կիսապաշտպաններ և պաշտպաններ, սակայն դարպասապահների պարագայում հայկական ֆուտբոլը չի փայլել: Չնայած այդ ամենին Հայաստանի թիվ մեկ ֆուտբոլային ակումբի դարպասը պաշտպանել են բարձրակարգ դարպասապահներ:


80-ականներից ընդհուպ մինչև ԽՍՀՄ-ի ֆուտբոլի առաջնության դադարումը հայկական առաջնային ֆուտբոլային թիմի՝ Երևանի ,,Արարատի,, դարպասապահներ Ալեքսանդր Պոդշիվալովը, որը հրավիրվել էր Ռուսաստանից,  խորհրդային առաջնության լավագույն դարպասապահներից էր և Արարատի հաջող մրցելույթները մեծամասամբ կապված էին Պոդշիվալովի փայլուն խաղից:


Ֆուտբոլային մասնագետները բազմիցս նշում էին, որ եթե Ալեքսանդրը խաղար մոսկովյան կամ ուկրաինական ակումբներում, ապա ամպայման կընդգրկվեր ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականի կազմում, բայց հավաքականի մարզչական կազմը մշտապես թիմը կոմպլեկտավորում էր ռուսական և ուկրաինական ակումբների ֆուտբոլիստներով:


Այսպես՝  Արարատի բարձրակարգ կենտրոնական պաշտպան Ալբերտ Սարգսյանը, որի մասին կերազեին անգամ եվրոպական առաջնակարգ թիմերը, ընդամենը մեկ-երկու անգամ հրավիրվեց հավաքական: Անկախացումից հետո, 1996 թ-ից մինչ օրս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասն է պաշտպանում Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող լեգենդար ու անփոխարինելի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:


Վերջինս 90-ականների սկզբներին հանդես գալով Կապանի ,,Կոշկագործ,, ֆուտբոլային ակումբում մեկնեց Ռուսաստան, որտեղ և շարունակեց իր ֆուտբոլային կարիերան: Հավաքականի համարյա բոլոր դրական արդյունք ապահովված խաղերի գրավականն է Բերեզովսկու փայլուն խաղը, միայն նրա խաղադաշտ դուրս գալը հսկայական վստահություն է առաջացնում հավաքականի կազմում: Սակայն վաղ թե ուշ Բերեզովսկին հրաժեշտ է տալու ֆուտբոլային կարիերային և մեր հավաքականի առջև ծառանալու է բարձրակարգ դարպասապահի բացակայության խնդիրը:


Ճիշտ է՝ հավաքականում հանդես է գալիս փորձառու և հուսալի Գևորգ Կասպարովը, սակայն նա Ռոման Բերեզովսկուն լիառժեք փոխարինող դարպասապահ չէ: Դարպասապահների խնդիրը ցայտուն ի հայտ եկավ մոտ երկու տարի առաջ, երբ պարզվեց, որ հայկական թիմերում հանդես են գալիս արտասահմանից հրավիված դարպասապահներ, որոնք, չհանդիսանալով ՀՀ քաղաքացի,  իրավունք չունեին խաղալ մեր հավաքականում: Հաշվի առնելով այդ հանգամանքը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան արգելեց հայկական թիմերին հանդես գալ արտասահմանցի դարպասապահներով:


Արդյունքում օտարազգի դարպասապահներին փոխարինեցին հայ դարպասապահները, որոնք միջազգային խաղերում մեղմ ասած չփայլեցին: Խնդիրը կայանում է նրանում, որ մեր դարպասապահների թույլ խաղի պատճառը հիմնականում ոչ թե իրենք են, այլ Հայաստանի առաջնության ցածր մակարդակը,արդյունքում մեր դարպասապահները չեն կարողանում զարգանալ և աճել: Համոզված եմ, որ եթե Գևորգ Կասպարովը հանդես գար եվրոպական որևէ ակումբում, ապա դարպասապահի խնդիրը մեզ մոտ այսքան սուր դրված չէր լինի:


Միջազգային խաղերում հայկական թիմերի դարպասների մոտ ստանդարտ իրավիճակներն ու հատկապես անկյունայինները վերածվում են հիսուն տոկոսանոց տասնմեկ մետրանոցների: Դարպասապահների խնդիրը պետք է լուծել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի առաջարկած ճանապարհով: Վերջինս հավաքականի ամառային ընկերական հանդիպումներից հետո հայտարարեց, որ փորձելու է մեր պաշտպաններին համալրել շվեյցարական ֆուտբոլային ակումբներում, նույն բանն էլ պետք է արվի դարպասապահների պարագայում:


Այստեղ մեծ դերակատարություն ունի ՀՖՖ-ն, այն պետք է փորձի հեռանկարային ու խոստումնալից երիտասարդ դարպասապահներին անդամագրել հոլանդական, գերմանական, իսկ եթե ստացվի, իսպանական ֆուտբոլային ակադեմիաներ, որպեսզի նրանք զարգանան և աճեն՝ ձեռքբերելով բարձրակարգ դարպասապահի հմտություններ: Այս քայլը ՀՖՖ-ն պետք է անի հնարավորինս շուտ, քանզի ժամանակը չի սպասում: Միայն այս ճանապարհով հայկական ֆուտբոլը կունենա բարձրակարգ դարպասապահներ, որոնք հանդես կգան մեր հավաքականում:           

 

Սարգիս Լևոնյան

 

Նույն շարքից