Պերլ Հարբոր
Միացյալ Նահանգները պատերազմի մեջ այն բանից հետո, երբ Ճապոնիան հարձակվեց ամերիկյան ռազմաբազայի վրա: Ըստ ֆրանսիացի պատմաբան Մարկ Ֆերրոյի խոսել այն մասին, որ Պերլ Հարբորի վրա հարձակումից հետո ամերիկյան իշխանություններն անակնկալի էին եկել, նման է կատակերգության: Ըստ նրա Ռուզվելտը չէր նախատեսել այդքան շուտ պատերազմի մեջ մտնել Ճապոնիայի դեմ: Հիմնական սպառնալիքը Գերմանիան էր: Ամերիկացի բարձրաստիճան զինվորականները ապառազմականացրել էին այդ ռազմաբազան, իբր հավատալով, որ ճապոնացիները երբեք չէին համարձակվի հարձակվել: «Երկրորդ համաշխարհային պատերազմի որոշ հարցեր» գրքում Ֆերրոն նշում է, որ ճապոնացիները հարձակումից դեռևս մեկ տարի առաջ էին պլանավորել Պերլ Հարբորի վրա հարձակումը և 20 տարի առաջ՝ ԱՄՆ-ի վրա հարձակումը:
Ռուզվելտը գիտեր, որ ճապոնացիների կողմից հանկարծակի հարձակումը զայրույթի ալիք կբարձրացնի ամերիկացիների մոտ՝ հնարավորություն ընձեռելով գործի դնել ամերիկյան պատերազմի մեքենան: Ամերիկյան քարոզչամեքենան, պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում, ուղղակի կապ էր ստեղծել Հիտլերի և Ճապոնիայի միջև: Պերլ Հարբորի դեպքից քիչ անց անկացրած հարցումների համաձայն ամերիկացիների ավելի քան 60% կարծում էր, որ Հիտլերն է կանգնած հարձակումների հետևում:
Ճապոնացիների հարձակման վերաբերյալ ճակատագրական տեղեկությունները դիտավորյալ թաքցվել էին նրանցից, ովքեր պետք է պաշտպանեին Պերլ Հարբորը և փրկեին բազմաթիվ ամերիկացիների կյանքերը (զոհերի թիվը կազմել է 3 000 հոգի): Եվ եթե Ռուզվելտն ու իր թիմը մտածված կերպով են թաքցրել այդ տեղեկատվությունը, ապա դա վկայում է այն մասին, որ դավադրություն է տեղի ունեցել:
1944 թվականի սեպտեմբերին Ինդիանայից ընտրված հանրապետական կոնգրեսական Forrest Harness-ն առաջինն էր, ով բարձրացրեց Պերլ Հարբորի դավադրության մասին հարցը` ասելով, որ հարձակումից երեք օր առաջ ավստրալական կառավարությունը Վաշինգտոնին տեղեկացրել էր, որ ճապոնական ավիակիրը շարժվում է այդ ուղղությամբ, իսկ այդ տեղեկատվությունը գաղտնի էր պահվել: Այս մասին հիշատակել էր նաև Ռազմածովային հետախուզության ղեկավար, կապիտան Alan Kirk-ը՝ նշելով, որ որևէ կերպ չի հաջողվել հարձակման վերաբերյալ ստացված տեղեկությունները փոխանցել անձնակազմի ղեկավարությանը:
Վիետնամի պատերազմը կամ «Տոնկինյան միջադեպը»
1964 թվականին ԱՄՆ Կոնգրեսը բանաձև էր ընդունել, որը թույլ էր տալիս ԱՄՆ-ին մասնակցել Վիետնամի դեմ պատերազմում, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել հարավ-արևելյան Ասիայի երկրների ազատության պաշտպանությանը:
ԱՄՆ նախագահ Ջոնսոնի վարչակազմի հավաստմամբ Հյուսիս-վիետնամյան ականակիր մոտորանավերը Տոնկինյան նեղուցում գրոհել էին ամերիկյան «Մեդդոկս» կործանիչի վրա, որն այդ ժամանակ գտնվել է Հնդկական օվկիանոսի չեզոք ջրերում:
Հանոյին անմիջապես մեղադրեցին «նենգ հարձակման» մեջ, որից հետո Կոնգրեսն ընդունեց վերոհիշյալ բանաձևը:
Հետագայում ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնը ասել էր հետևյալը. «ակնհայտ է, որ մենք երբեք չենք իմանա, թե ինչ է տեղի ունեցել Տոնկինում»:
ԱՄՆ Հարավ-վիետնամական կառավարությանը օգնություն էր ցուցաբերում՝ տրամադրելով զենք և զինվորական խորհրդականներ (Ժնևյան համաձայնագրի համաձայն 1954 թվականից Վիետնամը ժամանակավորապես բաժանված էր երկու մասի: Ենթադրվում էր, որ հաջորդ երկու տարիների ընթացքում տեղի կունենան ազատ ընտրություններ, որից հետո երկու մասերը կվերամիավորվեն, ինչը սակայն տեղի չունեցավ):
Դեռևս վիետնամական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ում հարց բարձրացավ այն մասին, որ օգոստոսի 4-ին հյուսիս վիետնամական ականակրի ենթադրյալ հարձակումն իրականում չի եղել: Առաջինը դրանում կասկածել էր կապիտան Ջոն Գերրիկը, ում օպերատիվ հսկողության տակ է գտնվել կործանիչը: 2005 թվականի վերջում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (National Security Agency) գաղտնազերծել է Տոնկինյան նեղուցի միջադեպի հետ կապված մի շարք փաստաթղթեր: Դրանց մեջ եղել է Ռոբերտ Հենուոկի հոդվածը, որում նա եկել է այն եզրակացության, որ Ազգային անվտանգության գործակալությունը, օգոստոսյան դեպքերի հետ կապված, միտումնավոր խեղաթյուրված հաշվետվություններ է ներկայացրել ամերիկյան ղեկավարությանը:
Սարաևոն պաշարած բոսնիացի սերբերի դեմ ՆԱՏՕ-ի «Կշռադատված ուժ» օպերացիային նախորդած իրադարձությունները
1994 և 1995 թվականներին Մարկալե շուկայում իրենց սցենարներով բացարձակ միանման պայթյուններ տեղի ունեցան: Առաջին պայթյունից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը սկսեց գնդակոծել սերբական դիրքերը, իսկ միջազգային հանրությունն իր հերթին այդ ամենը նորմալ համարեց: 1995 թվականին միևնույն շուկայից ոչ շատ հեռու ևս մեկ անգամ ողբերգություն տեղի ունեցավ և կրկին պայթյունի իրականացման մեջ մեղադրվեցին բոսնիացի սերբերը:
ՆԱՏՕ-ի ուժերը երկշաբաթյա լայնամասշտաբ հրետակոծություն իրականացրեցին:
Պայթյունից ընդամենը մի քանի ժամ անց ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը, չսպասելով հետաքննության ավարտին, հրապարակայնորեն մեղադրեց Սերբական Հանրապետության զինված ուժերին խաղաղ բնակչությանը հրթիռակոծելու համար: Ռուս գնդապետ, այն ժամանակ Սարաևոյում ՄԱԿ-ի 5 000 հոգանոց խաղաղապահ անձնակազմի հրամանատարի տեղակալ Անդրեյ Դեմուրենկոն ապացույցները ձեռքին Associated press գործակալությանը տված հարցազրույցում (1995 թվականի սեպտեմբերի 2) հերքեց սերբական կողմին ներկայացված մեղադրանքները:
ՀԱԱԳԱ-ի միջազգային քրեական դատարանում Կարաջիչի (Սերբիայի նախկին նախագահ) գործով վերջինիս պաշտպանները պահանջել էին 1994 թվականի փետրվարին և 1995 թվականի օգոստոսին Սարաևոյի շուկայում տեղի ունեցած պայթյունների բալիստիկ փորձաքննություն անցկացնել, որպեսզի ապացուցեն, որ սերբական ուժերը չէին կարող դրանց հետ որևէ առնչություն ունենալ: Այն ժամանակ հացի հերթերում երկու պայթյունների հետևանքով մահացել էին 105 հոգի և 234 վիրավորվել: Բոսնիական իշխանություններն անմիջապես մեղադրեցին սերբերին, այնինչ անկախ բալիստիկ փորձագետները դեռևս այն ժամանակ պնդում էին, որ սերբական դիրքերից բաց թողնված ականները որևէ կերպ չէին կարող այդ վայրում ընկնել այդպիսի անկյան տակ, իսկ դա նշանակում է, որ դրանք այլ, ոչ սերբական դիրքերից էին բաց թողնված եղել:
Բացի այդ, պայթյուններն ընդհանրապես սերբերի համար շահեկան չէին, քանզի առաջին պայթյունից հետո, միջազգային ուժերի պահանջով, սերբերն իրենց հրետանին Սարաևոյից 20 կմ հետ էին քաշել: Իսկ երկրորդ պայթյունն առիթ դարձավ ՆԱՏՕ-ի ավիացիայի կողմից սերբական դիրքերի ռմբակոծմանն ու պատերազմում պարտությանը, որում մինչ այդ միջադեպը, նրանք հաղթում էին մահմեդականներին:
Արեգ Մանասյան