Վերլուծական 

«Պատերազմներ: Կեղծիքների և սադրանքների պատմությունից». Մաս երրորդ

Սեպտեմբերի 11: ԱՄՆ-ում ընթացող գլոբալ գործընթացները և դրանց կապը լոկալ պատերազմների հետ


Սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններն աննախադեպ էին նրանով, որ երբեք Միացյալ Նահանգների տարածքում չէր եղել այնպիսի մի դեպք, երբ մեկ օրվա ընթացքում այդքան մարդ զոհվեր: Սակայն այդ օրը համարվում է խորհրդանշական որոշակի գաղտնի իրադարձությունների առումով: Դրանք «գլոբալ գործընթացներ» են, որոնց ակունքներին կանգնած են ամերիկյան հատուկ ծառայությունների տարբեր թևեր: Այդ իրադարձություններից որոշները, ինչպես օրինակ Տոնկինյան նեղուցում տեղի ունեցած պատահարը և սեպտեմբերի 11-ի դեպքը պետք է դիտարկվեն որպես համաշխարհային պատմության վրա ներազդելու ունակ խորքային կառուցվածքային գործընթացներ: Նմանօրինակ գործընթացները պատճառ են հադիսացել պատերազմներում Միացյալ Նահանգների զինված ուժերի ներգրավման համար:


1963 թվականին ԱՄՆ Շտաբերի ղեկավարների համատեղ կոմիտեի (JCS), Պլանավորման և քաղաքականության վարչության (J-5) կողմից կազմված հաշվետվության մեջ նշված է, որ «հնարավոր է ռազմական ներխուժման արդարացման համար նախատեսված մի շարք սադրանքների իրականացում, որոնք կարող են իրագործվել առկա ռեսուրսների օգնությամբ»:


Տոնկինյան նեղուցում կատարվածը, սեպտեմբերի 11-ի իրադարձությունները և մի շարք այլ իրադարձություններ իրականում կարող են դիտարկվել որպես 1962 թվականին մշակված «Նորտվուդս ծրագրում» նշված մոդելի համաձայն:


2007 թվականին Սան Ֆրանցիսկոյում "Commonwealth Club of California" տեղի ունեցած ելույթի ժամանակ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի նախկին ղեկավար, գեներալ Վեսլի Կլարկն ասել էր, որ ԱՄՆ-ում տեղի էր ունեցել պետական հեղաշրջում և որ Պենտագոնը որոշել էր 5 տարում 7 երկրների կառավարություններ տապալել. այն պետք է սկսվեր Իրաքից, հաջորդ թիրախներն էին լինելու Սիրիան, Լիբանանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Իրանը: 

 


Գուտայի (Սիրիա) կոտորածները կամ քիմիական զենքի կիրառումը

Ողբերգությունը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսի 21-ին Դամասկոսի ծայրամասերում: Համաձայն «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տվյալների զոհերի թիվը կազմել է 322-ից 1729 հոգի:


Դեպքից հետո ամերիկյան, ֆրանսիական,իսրայելական, բրիտանական, թուրքական և մի շարք այլ պետությունների կառավարություններ, ինչպես նաև Արաբական պետությունների լիգան կատարվածի համար դատապարտեցին Սիրիայի իշխանություններին: Վաշինգտոնն անմիջապես հայտարարեց Սիրիան ռմբակոծելու մտադրության մասին:


2013 թվականի օգոստոսի 29-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը մերժեց վարչապետ Քեմերոնի ներկայացրած Սիրիայի նկատմամբ ռազմական հարձակման վերաբերյալ առաջարկությունը: Այնուհետև, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, խորհրդակցելով Կոնգրեսի հետ, նույնպես հրաժարվեց իր մտադրությունից: Արդյունքում Ֆրանսիան մնաց լիովին մենակ և նույնպես հրաժարվեց ռմբակոծության մտքից:


Ըստ ամերիկացի լրագրող Simon Airsh-ի քիմիական զենքի օպերացիան կազմակերպվել էր թուրքական գաղտնի ծառայությունների կողմից: Այս ամենի մասին փաստեր են ներկայացվել նաև սիրիական հեռուստատեսությամբ, ուր օպրերացիայի մասնակիցներից մեկը հաստատում է, որ ներգրավված է եղել թուրքական ռազմաբազայից քիմիական զենքերի փոխադրմանը (Թուրքիա-Դեր-Զոր ճանապարով):


Մինչ ԱՄՆ, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վստահեցնում էին, որ քիմիական զենքը միանշանակ կիրառել են Սիրիայի կառավարական զորքերը, Ռուսաստանը ՄԱԿ-ին արբանյակներից ստացված լուսանկարներ տրամադրեց, որոնցում երևում է, թե ինչպես են ապստամբների հսկողության ներքո գտնվող Դումա շրջանից երկու հրթիռներ արձակվում Գուտայի ուղղությամբ:


Հիշեցնեմ, որ Սիրիայի նկատմամբ հարձակումն ԱՄՆ որոշել էր դեռևս 2001 թվականին: 2003 թվականին ԱՄՆ Կոնգրեսը Սպիտակ Տանը թույլատրել էր անհրաժեշտության դեպքում հարձակվել Սիրիայի վրա:


 

Մալազիական ինքնաթիռի կործանումը



2014 թվականի հուլիսի 17-ին Մալազիական ավիաուղիներին պատկանող Boeing 777 ինքնաթիռը կործանվեց Ուկրաինայի տարածքում՝ Ռուսաստանի սահմանից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա:


Ողբերգությունից անմիջապես հետո Ուկրաինայի ղեկավարությունը, արևմտյան մամուլն ու բարձրաստիճան պաշտոնյաները տեղի ունեցածում մեղադրեցին ռուսամետ ուժերին և անգամ Ռուսաստանի Դաշնությանը: Ռուսական RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարեց, որ Ռուսաստանն անմիջականորեն ներգրավված է ավիավթարում, քանի որ Ռուսաստանն է զենքերով ապահովվել անջատողականներին և կարևոր չէ, որ ռուս զինվոր է սեղմել կոճակը թե ոչ, փաստ է, որ Ռուսաստանն ու Պուտինը կրկին պատասխանատու են սարսափելի բռնարարքում:


Հիշեցնեմ, որ ուկրաինական ընդդիմությանը սատարելու հանձնառությունը վստահված էր Ժողովրդավարության ազգային հիմնադրամին (National Endowment for Democracy), որն իր հերթին համակարգվում է սենատոր Մաքքեյնի կողմից:


Ըստ իս համոզիչ չեն այն կարծիքները, թե Արևմուտքն Ուկրաինան մղում է դեպի ԵՄ: Փորձ է կատարվում զրկել Ռուսաստանին իր ազդեցության լծակներից: Ինչպես ժամանակին ասել էր ԱՄՆ արտաքին քաղաքականության գաղափարախոս, քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին. «առանց Ուկրաինայի Ռուսաստանը կդադարի կայսրություն լինելուց»:


Ինչպես նաև առանց Ուկրաինայի և Ղրիմի (ելք դեպի տաք ջրեր, հսկողություն Սև Ծովի, դեպի Եվրոպա էներգակիրների նկատմամբ և այլն) մշտապես կլինեն կոնֆլիկտային իրավիճակներ և կխանգարեն Ռուսաստանին «ռուսական եվրասիականության» կառուցման հարցում:


Ավիավթարի օրը, դեպքից ընդամենը մի քանի ժամ անց, Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հրապարակեց ապստամբների միջև տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը, որն իբր վկայում էր օդանավի կործանման մեջ նրանց մասնակցության մասին: Իրականում այդ ձայնագրությունը համացանցում տեղադրված է եղել դեպքից դեռևս մեկ օր առաջ՝ հուլիսի 16-ին առավոտյան 10 անց 24 րոպեին:


Իրականում ինչը կարող է լինել Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման և դրան հետևած իրադարձությունների պատճառը:


Նախևառաջ պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկան ԱՄՆ կողմից նախապես որոշված մարդիկ: Ղրիմում, ուր բնակչության մեծամասնությունը ռուսներ են, անցկացվեց հանրաքվե և արդյունքում Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանի Դաշնության հետ:


Ռուսաստանը տիրապետում է եզակի աշխարհաքաղաքական խաղաքարտերի: Այն ունակ է նավթ և բնական գազ մատակարարել իր բոլոր հարևաններին և այդ կերպ ԱՄՆ ձեռքից վերցնել վերջինիս գլխավոր աշխարհաքաղաքական զենքը՝ նավթի և գազի նկատմամբ վերահսկողությունը: XIX դարի կեսից, նավթի դերակատարմամբ սկիզբ է դրվել անգլո-ամերիկյան գերիշխանության հաստատմանը, երբ գլխավորը ոչ թե նավթն է (ներկայումս նավթին փոխարինել է գազը) ինքնին, այլ դրա նկատմամբ աշխարհաքաղաքական հսկողությամբ քաղաքական իշխանության հասնելը:


Այս տրամաբանության մեջ պատահական չէ, որ 2014 թվականի մայիսի 13-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանտեր Բայդենը, նշանակվել է ուկրաինական գազի արդյունահանման առաջին ընկերության՝ "Burisma Holdings"-ի կառավարման խորհրդի կազմում: Ըստ Anticorruption Action Center-ի Կիպրոսում գրանցված այս կազմակերպությունը 2011 թվականից պատկանում է ուկրաինացի օլիգարխ, Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Իգոր Կոլոմոլսկուն:


2013 թվականի փետրվարին բրիտանա-հոլանդական Shell նավթային ընկերությունը ուկրաինական կառավարության հետ համաձայնագիր է ստորագրել Դոնեցկի շրջանում թերթաքարային գազի որոնման և արդյունահանման վերաբերյալ: Եվս մեկ նմանատիպ պայմանագիր էր կնքվել ամերիկյան Chevron-ի և ուկրաինական կառավարության միջև (10 մլրդ դոլար արժողությամբ): Ոլորտի մասնագետների գնահատականներով Ուկրաինայի արևելյան մասը հորդում է քարածխով և թերթաքարային գազի պաշարներով (Դնեպր-Դոնեցկ ավազան):


Իսկ ինչ է տալու Եվրամիությանը Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Ինչպես ներկայացվում էր արևմտյան մամուլում Ուկրաինան ցանկանում է միանալ եվրոպական մշակույթին՝ տնտեսական բարեկեցիկ մոդելի, միասնական հեռանկարի և եվրոպական արժեքներով ապրելու համար: Ազատականացման արդյունքում ուկրաինական տնտեսությունը կանցնի եվրոպական և ամերիկյան անդրազգային կազմակերպությունների ձեռքը: Արդյունքում Ուկրաինան գազատարերի և ստորգետնյա գազապահեստների իրեն պատկանող մասը կզիջի եվրոպական և ամերիկյան ընկերություններին (մասնավորապես ExxonMobil և Chevron):


Նախատեսված է նաև Ուկրաինայի գյուղատնտեսության «արդիականացումը», ինչը թույլ կտա ամերիկյան Cargill և Monsanto ընկերություններին յուրացնել, ինչպես խորհրդային տարիներին էին անվանում, «ԽՍՀՄ հացի պաշարների» հողատարածքները:


Գազատարերի և գյուղատնտեսության նկատմամբ հսկողությունն ԱՄՆ-ին և Գերմանիային հնարավորություն կտան Ռուսաստանի նկատմամբ ճնշում բանեցնելու հզոր լծակներ ունենալուն: Հայտնի է, որ Ռուսաստանը մեծ կախվածություն ունի ուկրաինական էներգետիկ միջանցքներից՝ դեպի ԵՄ գազի արտահանման համար:

 


Արեգ Մանասյան

 

Նույն շարքից