Վերլուծական 

Ազգային հերոս Կոմանդոսի առաջարկները վտանգավոր կարող են լինել Հայաստանի համար

Յուրաքանչյուր հրամանատարի համար ցավալի է կորցնել մարտի դաշտում իր հրամանատարության տակ եղած զինվորներին, սակայն էլ ավելի ցավալի է, երբ ինչ-ինչ հանգամանքների պատճառով հնարավոր չի լինում լիառժեք արժանի հարված տալ թշնամուն և պատժել նրան սանձարձակ գործողությունների համար: Ու այս առումով փառապանծ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին հասկանալ կարելի է, ռազմական տեսանկյունից միանգամայն տրամաբանական է կանխարգելիչ  հարվածներ հասցնել թշնամուն, որպեսզի նա հետագայում չկարողանա կորուստներ պատճառել մեր զինվորական ստորաբաժանումներին:


Հասկանալի է՝ պատերազմի պարագայում հայկական կողմը ստիպված է լինելու ոչնչացնել թշնամու ռազմավարական կարևոր օբյեկտները, լինի դա նավթամուղ, թե երկաթգիծ, սակայն հարաբերականորեն խաղաղ պայմաններում թիրախային հարվածներ հասցնելու դեպքում, եթե նույնիսկ չվնասենք նավթամուղն ու գազամուղը, խստորեն քննադատության կարժանանանք միջազգային հանրության կողմից:


Ասուլիսի ժամանակ հարգարժան գեներալը քարտեզի վրա մատնանշեց Ադրբեջանի մոտավոր այն տարածքները, որտեղ պետք է իրականացվեն թիրախային հարվածները, ինչի շնորհիվ կկարողանանք դուրս գալ ռուս-ադրբեջանական սահման՝ այդպիսով ճեղքելով Հայաստանի շրջափակումը: Անպարտելի հրամանատարի մատնանշած թիրախները գտնվում են Ադրբեջանի հյուսիս-արևելյան հատվածում՝  մասնավորապես Ղազախ, Թովուզ ու Շամքոր շրջանները, որոնք հիմնականում սահմանակից են Վրաստանին և Զաքաթալայի ու Շաքիի միջև ընկած Ռուսաստանին սահմանամերձ տարածքները:



Լեգենդար Կոմանդոսի առաջարկած պլանն  ոչ միայն անարդյունավետ է շրջափակումը ճեղքելու առումով, այլ նաև խիստ վտանգավոր քաղաքական տեսանկյունից: Նախևառաջ, ռազմական գործողությունների ծավալման պարագայում անվտանգության տեսանկյունից ելնելով կանգնեցվելու են նավթամուղի և գազամուղի շահագործումը, ինրպես դա եղավ ռուս-վրացական պատերզմի ժամանակ՝ տնտեսական կորուստներ  պատճառելով արևմտյան ներդնողներին:


Երկրորդը՝ ռուսական սահմանին դուրս գալու համար անհրաժեշտ կլինի անցնել 150 կիլոմետրից ավել ճանապարհ, որտեղ կունենանք բազմաթիվ զոհեր և ռազմական ներուժի շոշափելի կորուստներ, բացի այդ, Հայաստանը ստիպված է լինելու բանակի կողմից վերահսկվող տարածքներում կենտրոնացնել ռազմական և մարդկային զգալի ռեսուրսներ, որպեսզի ապահովի մեր առաջատար ստորաբաժանումների հետ անխափան կապը, հակառակ դեպքում նրանք շրջապակման սպառնալիքի առջև կկանգնեն:


Սակայն, այս բոլոր չափազանց վտանգավոր և ծախսատար գործողություններն իրականացնելուց հետո էլ Հայաստանը չի լուծելու երկրի ապաշրջափակման խնդիրը: Բանն այն է, որ ռուս –ադրբեջանական տվյալ սանմանահատվածն անցնում է Մեծ Կովկասի լեռնաշղթայով, որտեղ լեռների բարձրությունն անցնում է 4000 մետրից: Այդ հատվածը ոչ միայն պիտանի չէ հաղորդակցական ճանապարհների համար, այլ նաև անհնարին է այնտեղ դրանք ստեղծել: Այդ տարածքում չկա Ռուսաստանին կապող ոչ երկաթուղի, ոչ էլ ասֆալտապատ մայրուղի, միակ մայրուղին Շաքի-Զաքաթալա գործող ճանապարհն է, որն Ադրբեջանը կապում է Վրաստանի հետ: Ադրբեջանին Ռուսաստանի հետ կապող բոլոր ցամաքային հաղորդակցական ենթակառուցվածքներն անցնում են Կասպից ծովի ափամերձ շրջաններով:


Արդյունքում՝ ռուսական սահման դուրս գալու փորձերը ծանր բեռ կլինեն մեր տնտեսության համար՝ բացսաբար ազդելով երկրի սոցիալ- տնտեսական առանց այն էլ անմխիթար վիճակի վրա: Դրա հետ մեկտեղ, Երևանը կոշտ հակազդեցության կենթարկվի Արևմուտքի կողմից. Ադրբեջանը կտրելով Վրաստանից՝ այսինքն Արևմուտքին կապող միակ օղակից, Հայաստանը կհամարվի Արևմուտքի քաղաքական շահերի սպառնալիք, դեռ ավելին՝ միջազգային հանրության աչքերում Երևանը կդիտարկվի Կրեմլի կույր գործիք, որի միջոցով Մոսկվան ուժեղացնում է իր աշխարհաքաղաքական դիրքերը Հարավային Կովկասում՝ ցամաքային կապ հաստատելով այն երկրի հետ, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայան:


Ներկայումս տեղի են ունենում այնպիսի աշխարհաքաղաքական բարդ գործընթացներ, որտեղ Հայաստանը պետք է գործի շատ զգույշ, հակառակ դեպքում մենք բազմաթիվ տնտեսական և քաղաքական կորուստներ կունենանք:


     Սարգիս Լևոնյան

Նույն շարքից