Վերլուծական 

Ընդդիմությունը ժողովրդի գլխին ջուր լցնելու կամ լավագույն դեպքում աղոթելու տանելու սովորություն ունի

Այն, որ Հայաստանում քաղաքականությունն իր բուն իմաստով գրեթե բացակայում է, փաստ է: Պատճառները.


  • Գրեթե բոլորը միմյանց բարեկամ-հարևան- խնամի են: Այս փոքրիկ երկրում դժվար է գտնել մեկին, ով կապող օղակ չունենա այս կամ այն ազդեցիկ մարդու հետ:

  • Բոլորը շահառու են: Ի՞նչ է սա նշանակում.


Ես ունեմ խանութ, որտեղ պանիր է վաճառվում: Ես կաթը գնում եմ x-ից 100 դրամով այն դեպքում, երբ կաթի շուկայական գինը 120 դրամ է: X-ը կաթն ինձ վաճառում է լիտրի մեջ 20 դրամ ավելի էժան, քանզի իմ եղբայրը հարկային տեսուչ է, ով էլ իր հերթին լիտրի մեջ 30 դրամի չափով օգուտ է տալիս x-ին՝ հարկերի մասով: Ես իմ հերթին պանիրը վաճառում եմ y-ին, ով ինձանից պանիրը գնում է ոչ թե 1000 դրամով՝ պանրի շուկայական գնով, այլ 1050 դրամով՝ այսինքն 50 դրամ ավելի թանկ: Y-ն այդ պանիրը գնում է ոչ թե իր գումարներով, այլ կազմակերպության, որտեղ աշխատում է, 50 դրամ հավելյալ արժեքն էլ նա կարողանում է հիմնավորել բարձրորակությամբ կամ այլ մեխանիզմներով, դա արդեն իր խնդիրն է: Փաստացի նա ինձ վճարում է 1025 դրամ, սակայն ես նրան տալիս եմ 1050 դրամին համարժեք տեղեկանք՝ այսինքն y-ը 25 դրամի չափով հավելյալ  եկամուտ է ունենում ինձանից պանիր գնելու դեպքում:


Եվ եթե հանկարծ մի օր x-ը և y-ը բացահայտեն, որ իմ պանիրը ես պատրաստում եմ վատ սանիտարահիգիենիկ պայմաններում, ես ջուր եմ խառնում պանիրի հետ և այսպես շարունակ, ապա միակ բանը, որ նրանք կանեն, դա իրենց ընտանիքների համար իմ պանիրը չգնելն է: Ես նույն կերպ կշարունակեմ x-ից կաթ գնել և y-ին պանիր վաճառել, քանզի դա իրենց եկամտի աղբյուրն է:


Այս պարզ օրինակն ընկած է նաև մեր քաղաքական գործիչների գործելաոճի հիմքում, աբգամ մեծ ցանկության դեպքում նրանք չեն կարող որևէ բան փոխել, քանզի բիզնես ամուր կապերով կախված են միմյանցից:


 

  • Բոլորը խոցելի են. Այո, քաղաքականության մեջ գրեթե չունենք մարդիկ, ովքեր լավ կամ գոնե նորմալ կենսագրություն կունենան՝ սա վերաբերում է թե կանանց, թե տղամարդկանց: Նման պայմաններում միակ բանը, որ նրանք կարող են անել, խոսելն է, քննադատելը կամ գոռալը, բայց ոչ ավելին: Քվեարկությամ ժամանակ բոլորը միաձայն անելու են այն, ինչ կասի բուրգի գագաթին կանգնած անձը: Հակառակ դեպքում, ուղղակի ջրի երես դուրս կգա այն ամբողջ կեղտը, որը նրանք զգուշությամբ և վախով թաքցնում են՝ ինչպե՞ս են հարստացել, ինչպե՞ս են հայտնվել քաղաքականության մեջ, ո՞ւմ են ծառայել, ինչի՞ համար են ծառայել, ո՞ւմ կնոջ հետ են Կենակցել և Կենակցում, ինչո՞ւ են հայկական կոնչիտաներն այդքան ջերմ վերաբերվում նրանց, ինչքա՞ն գումար են ծախսում արտասահմանում, ի՞նչ մեխանիզմներով են այդ գումարները դուրս գրվում բյուջեից, ինչո՞ւ են հակահայկական օրենքներ ընդունվում, ո՞մ շահերին են ծառայում այդ օրենքները և վերջին հաշվով ինչի՞ են հովանավորում արտագաղթը:

Այս ամբողջ հարցերի պատասխանները մենք կստանանք այն պահին, երբ քաղաքական ուժերի մեջ իրական հակամարտություն սկսվի, իսկ այն, ինչ մենք տեսնում ենք ժամանակ առ ժամանակ, ուղղակի սնունդ է հասարակ մահկանացուների համար, որպեսզի վերջիններս մի փոքր շեղվեն վատ իշխանությունից դեպի   «լավ» ընդդիմությունը: Հենց կրքերը թեժանում են, ընդդիմությունն ուղղակի սառը ջուր է լցնում ժողովրդի գլխին կամ լավագույն դեպքում տանում է աղոթելու: Հասարակությունն էլ թրջված ստիպված վերադառնում է իշխանության մոտ, քանզի ուր էլ գնա միևնույն է վերջում թրջվելու է կամ էլ աղոթելու:



Այս պայմաններում հույս ունենալ,որ որևէ բան ինչ-որ մեկը կփոխի, ուղղակի միամտություն է: Միայն հասարակությունը կարող է ինչ-որ բան փոխել՝ իր մերժողական վերաբերմքունքով դեպի արհեստական  ընդդիմությունը և փաստացի մերժելով կատարել այն, ինչը հակասում է հասարակության շահերին:


Ի՞նչ է սա նշանակում. Եթե լույսի վարձը թանկացնում են, ապա պետք է ոչթ ե բողոքել, ցույցեր անել, արհեստական լիդերներ և ֆետիշանալ ցանկացող մարդկանց ծնել և սնել, այլ ուղղակի պետք է՝ օրինակ համատարած մեկ ամիս չմուծել լույսի վարձը: Պատկերացրեք, որ 50 000 քաղաքացի հրաժարվում է մուծել լույսի վարձը՝ կանջատե՞ն, թող անջատեն, դատարան կտա Էլեկտրոցանցը՝ գործնականում այդքան էլ հնարավոր չի դատական գործ հարուցել միանգամից 50 000 հոգու դեմ, առավել ևս այն դեպքում, որ այդ մարդիկ կարող են սարսափելի լուրջ վտանգ ներկայացնել իշխանության համար: Այս դեպքում իշխանությունն ինքն է շահագրգռվում լուծել թանկացման հարցը, չէ՞ որ 50 000 իրոք պայքարող, այլ ոչ թե ցույցի ժամանակ սելֆի նկարող, մարդիկ իրական վտանգ են ներկայացում:



Իշխանությունը ուշ, թե շուտ լուծելու է թանկացման հարցը, ուղղակի պետք է նաև պահանջել, որպեսզի լուծման մեխանիզմներն էլ հրապարակային ներկայացվեն, որպեսզի այնպես չստացվի, որ լույսի վարձը չթանկացավ, բայց օրինակ հացը թանկացավ:



Միակ իրական իշխանություն ունեցող ուժը հասարակությունն է, որը յուրաքանչյուր պահի կարող է փոխել ամեն ինչ, ուղղակի հենց այստեղ էլ մենք կանգնում ենք լուրջ խնդիրների առջև՝ հասարակության մոտ խախտվել է արժեհամակարգը: Շատերը գերադասում են յոլա գնալ, միայն թե չկորցնեն իրենց ծիծաղելի աշխատանքը (ինչու ծիծաղելի, քանի որ Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, ովքեր կարող են ապրել բացառապես աշխատավարձով), այլ ոչ թե իրականում պայքարել հանուն արժանավայել կյանքի:


 

Հ.Գ. Այս կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում, եթե ցանկանում ես լավ ապրել, ուրեմն պետք է  պայքարես լավ կյանք  ստեղծելու և այն պահելու համար:


 

Ա. Ավետիսյան 

Նույն շարքից