Վերլուծական 

Շոտլանդիայի անկախացումը կնպաստի «Զմրուխտե կղզու» միավորմանը

Շոտլանդիայում անցկացվելիք անկախության հանրաքվեն ցայտնոտի մեջ է գցել բրիտանական քաղաքական էլիտային, անգամ թագուհին, որն երկար ժամանակ լռություն էր պահպանում, խորհուրդ տվեց շոտլանդացիներին քվեարկելուց առաջ լավ մտածել և նոր կատարել իրենց ընտրությունը: Սակայն, Լոնդոնի հորդորներն ու նախազգուշացումները տալիս են հակառակ արդյունքը: Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Ալեքս Սաումանը նշել է, որ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում երկիրը կանկախանա 2016թ. մարտի 24-ին: Շոտլանդիայի կառավարության ղեկավարի վրա անգամ չազդեցին Դևիդ Քեմերոնի այն պնդումները, որի համաձայն անկախության պարագայում շոտլանդացիները դուրս կմնան ֆունտ ստեռլինգի գոտուց, բրիտանական կենսաթոշակային հիմնադրամից և ստիպված կլինեն միայնակ լուծել երկրին առնչվող անվտանգության հարցերը (հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր երկիրն է ցանկանում հարձակվել Շոտլանդիայի վրա):

 

Շոտլանդիայի անկախացումը քաղաքական և տնտեսական ոչ ցանկալի, սակայն անդառնալի հետևանքներ կունենա Լոնդոնի համար, ու նման պայմաններում բրիտանական կառավարությունը ձգտում է կասեցնել անկախության գործընթացը: Բայց կա ևս մեկ կարևորագույն քաղաքական խնդիր, որը Շոտլանդիայում կայնալիք հանրաքվեի հետևանքով նորից ակտուալ կդառնա Մեծ Բրիտանիայի ներքաղաքական կյանքում: Խոսքը վերաբերվում է Հյուսիսային Իռլանդիայի կամ Օլստերի հիմնախնդրին, որն արդեն կես դարից ավել է ինչ դամոկլյան սրի նման կախված է բրիտանական պետության գլխին:

 

1921թ. Իռլանդիայի անկախացումից հետո կղզու հյուսիս-արևելյան հատվածը մնաց Բրիտանական կայսրության կազմի մեջ: Օլստերի բնակչությունը բաժանված էր երկու հատվածի՝ մեծամասնություն կազմող բողոքականների, որոնք հանդիսանում էին ունևոր դասի ներկայացուցիչներ՝ իրենց ձեռքում պահելով մարզի իշխանական և վարչական լծակներ, ու փոքրամասնություն կազմող կաթոլիկներ, որոնք հիմնականում ներկայացնում էին չքավոր դասը: Եթե բողոքականները ցանկանում էին նման իրավիճակի պահպանումը կայսրության կազմում, ապա կաթոլիկները ձգտում էին անկախանալ Մեծ Բրիտանիայից և ձեռք բերել քաղաքական ու սոցիալական համահավասար իրավունքներ:

 

Անցած դարի 60-70-ական թթ. Հյուսիսային Իռլանդիան պայթեց. երկրամասում ծայր առան կաթոլիկների կողմից մասսայական ընդվզումներ, տեղի ունեցան բազմաթիվ սպանություններ, կաթոլիկների ահաբեկություններին բողոքականները պատասխանեցին աննախադեպ բռնություններով: Օլստերի ոստիկանությունը, որը գտնվում էր բողոքականների ձեռքում, իրականացնում էր մասսայական ձերբակալություններ, հաշվի առնելով տվյալ անձը մեղսակից է հանցագործության մեջ, բանտարկյալներին ենթարկում էր անմարդկային կտտանքների և դաժան հաշվեհարդարների:

 

Լոնդոնը ստիպված էր ռազմական կոնտինգենտ ուղարկել տարածաշրջան անկարգությունները զսպելու համար, սակայն անգլիական բանակի անփույթ և ոչ ադեկվատ գործողությունների պատճառով, կաթոլիկներն ատելությամբ լցվեցին անգլիացիների հանդեպ: Կաթոլիկների շարքերում ձևավորված Իռլանդական Հանրապետական Բանակը (ԻՀԲ), որի նպատակն էր Օլստերի անկախությունը, ահաբեկչական գործողություններ ծավալեց ոչ միայն բրիտանացի զինվորականների ու բողոքականների նկատմամբ, այլև մահափորձեր իրականացրեց Անգլիայում: Անգամ ԻՀԲ-ի թիրախում էր հայտնվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը: 90-ականներին բռնությունները նվազեցին, Օլստերի հիմնախնդիրը փորձեցին լուծել խաղաղ բանակցությունների և քաղաքական երկոխոսության ճանապարհով, արդյունքում 1998թ. ստորագրվեց, այսպես կոչված, «Ավագ Չարչարանաց ուրբաթի» համաձայնագիրը: 2005թ. ԻՀԲ-ն հայտարարեց ամբողջական զինաթափման մասին, կաթոլիկները գիտակցելով, որ զինված գործողություններով անհնար է լուծել Օլստերի հիմնախնդիրը, գտան պարզունակ, սակայն արդյունավետ ճանապարհ: Կաթոլիկները նպատակադրվեցին փոխել Օլստերի ժողովրդագրական պատկերը, եթե անցած դարի կեսերին կաթոլիկների թիվը կրկնակի պակաս էր բողոքականներից, ապա դարի վերջում կաթոլիկները կազմում էին բնակչության 45% -ը: Այսպիսով՝ տարածքում ձևավորելով մեծամասնություն, կաթոլիկները կարող են հանրաքվեի միջոցով ձեռք բերել բաղձալի անկախությունը:

 

Հետաքրքրական է, որ բրիտանական կառավարության հետ միաժամանակ Շոտլանդիա էին ժամանել Հյուսիսային Իռլանդիայի ռոյալիստները (միապետականներ), որոնք փորձում էին համոզել շոտլանդացիներին չանջատվել Մեծ Բրիտանիայից:

 

Կայանալիք հանրաքվեն անկախ իր արդյունքներից խթան կհանդիսանա Օլստերում բնակվող կաթոլիկներին նորից օրակարգ բերել երկրամասի անջատումը Մեծ Բրիտանիայից: Շոտլանդիայի, իսկ այնուհետ Հյուսիսային Իռլանդիայի անջատումը, վերջ կդնի Մեծ Բրիտանիայի գոյությանը և քաղաքական քարտեզի վրա կհայտնվի «հին ու բարի» Անգլիան:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից