Վերլուծական 

Նովոռոսիեի մշուշոտ ապագան

   Մինսկում սեպտեմբերին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հաստատված զինադադարը, փխրուն խաղաղություն հաստատեց Ուկրաինայի հարավ-արևելքում: Ռազմական գործողությունների արդյունքում,  ինքնահռչակ հանրապետությունների զինված ուժերն իրենց վերահսկողության տակ պահեցին Լուգանսկի մարզի միայն հարավ-արևելյան հատվածն ու Դոնեցկի մարզի ամբողջ արևելյան շրջանները: Ուկրաինական բանակի կողմից ապստամբ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերը մատնվեցին անհաջողության՝  անջատողականների տակտիկական հմուտ գործողությունների շնորհիվ, և ուկրաինական  գեներալիտետի անգործության ու բանակում առկա կոռուպցիայի պատճառով կառավարական զինված ուժերը հայտնվեցին շրջափակման մեջ:

 

Ուկրաինացիներին վերջնական կործանումից փրկեց միայն հաստատված  հրադատարը: Զինադադարը հաստատվեց այն պահին, երբ ուկրաինական բանակն ամբողջապես բարոյալքված էր,  և անջատականներից մեծ ջանքեր չպահանջվեց Լուգանսկի և Դոնեցկի մարզերը լիովին իրենց վերահսկողության տակ վերցնելու համար: Սակայն,  Արևմուտքի աննախադեպ ճնշման պայմաններում Կրեմլը ստիպված էր ընկրկել և զինադադար կնքել Կիևի հետ: Ռազմական և քաղաքական տեսանկյունից ռուսամետ անջատողականների համար այս հրադադարն ինչ-որ չափով  նման  է 1996թ. ստորագրված  Խասավյուրտի համաձայնագրին,  երբ ռուսական բանակները հսկայական զոհերի գնով գրավել էին ամբողջ Չեչնիան, սակայն Մոսկվան խաղաղության դաշինք կնքեց Ասլան Մասխադովի հետ: Արդյունքում ռուսական զինված ուժերը դուրս եկան Չեչնիայից, ճանաչվեց վերջինիս լիակատար ինքնավարությունը, իսկ անկախության հարցը հետաձգվեց մինչև 2002թ:

 

Կիևի և Մոսկվայի միջև կնքված հրադադարը փաստացի քաղաքական պարտություն էր Կրեմլի ու անջատողականների համար: Ռուսական ԶԼՄ-ները պնդում էին, թե ուկրաինական բանակը գլխովին ջախջախված է, իսկ երկիրը կանգնած է փլուզման եզրին, կարելի է ասել, որ այդ լուրերը մի քիչ չափազանցված էին: Ուկրաինական բանակը վերադասավորվեց և կուտակեց նոր ուժեր երկրի հարավ-արևլքում, իսկ ռադան սեպտեմբերի 16-ին Եվրամիության հետ միաժամանակ վավերացրեց Եվրաասոցացման համաձայնագիրը: Դրա հետ մեկտեղ  ռադան հատուկ կարգավիճակ շնորհեց անջատողականների վերահսկողության տակ գտնվող շրջաններին, սակայն ոչ Դոնեցկի ու Լուգանսկի ամբողջ մարզերին, որի համաձայն նշված շրջանները 3 տարով ձեռք են բերում մասնակի ինքնավարություն: Ռադան համաներում շնորհեց անջատողականներին և առաջարկեց դեկտեմբերի 7-ին այդ տարածքներում անցկացնել ՏԻՄ ընտրություններ:

 

Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ Կիևը փորձում է քաղաքական և իրավական ճանապարհով միավորել երկրից անջատված շրջանները: Եթե անջատականները համաձայնվեն Կիևի առաջարկներին ու անցկացնեն ՏԻՄ ընտրություններ, ապա փաստացի չեղյալ է համարվում Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում մայիսի 11-ին անցկացված, բայց ոչ մեկի կողմից չճանաչված պետականության վերաբերյալ հանրաքվեն: Մինչ այդ հոկտեմբերին տվյալ մարզերի այն հատվածներում, որտեղ վերահսկում են կառավարական ուժերը կկայանան ուկրաինական ռադայի ընտրությունները, նման ճանապարհով Կիևը փորձում է անջատված տարածքները ներգրավել Ուկրաինայի քաղաքական գործընթացների մեջ:

 

 Ռադայի ընտրությունների անցկացումը խորտակիչ հարված կհասցնի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում պետական միավորումներ ձևավորելու անջատողականների ձգտումներին, իսկ դեկտեմբերի 7-ի ՏԻՄ ընտրությունների իրականացման պարագայում վերջնականապես պատմության գիրկը կանցնեն ինքնահռչակ և ոչ մեկի կողմից չճանաչված ժողովրդական հանրապետությունները: Սակայն,  Ուկրաինայի միավորման գործընթացը (բացառությամբ Ղրիմի) հարթ ու խաղաղ չի անցնի, Կիևը պարտավոր է հաշվի նստել երկրի ռուսախոս բնակչության շահերի և իրավունքների հետ ու արդարացնի նրանց սպասումները, իսկ Կրեմլը ստիպված է լինելու հրաժարվել Դոնեցկից ու Լուգանսկից: Նման որոշման դեպքում Մոսկվային այլ բան չի մնա, քան  զսպել անջատականներին և հրաժարվել Նովոռոսիեի ստեղծման գաղափարից:

 

Մեծ հաշվով Կրեմլը կանգնած է երկընտրանքի առջև՝ բավարարվել միայն Ղրիմով՝  անտեսելով Արևմուտքի պատժամիջոցներն ու ճնշումները, կամ հարմար պահին վերսկսել ռազմական գործողությունները՝ ձգտելով հասնել ավելի մեծ հաջողության: Մնում է հուսալ, որ Ռուսաստանում կհաղթանակի առողջ բանականությունն և ամբողջ տարածաշրջանը զերծ կմնա անկանխատեսելի հետևանքներով լի էքսկալացիայից:

 

Սարգիս Լևոնյան

 

Նույն շարքից