Ակնհայտ է, որ այսօրվա Թուրքիայի ղեկավարությունը՝ Թաիբ Էրդողանի գլխավորությամբ, ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրության փառքն ու հզորությունը: Հետաքրքրական է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները կրկնում են Օսմանյան սուլթանների քաղաքական մարտավարություններն ու գործողությունները:
Այսպես՝ XVI դ. ծայր առած Թուրք-իրանական պատերազմների ժամանակ սուլթան Սելիմ Ա-ի նախաձեռնությամբ և նրա օգնական քուրդ Մոլլա-Իդրիսիի ակտիվ մասնակցությամբ, Միջագետքում (ներկայիս Իրաք) և Մեծ Հայքի հարավային նահանգներում բնակվող քուրդ խաշնարած ցեղերն անցան սուլթանի կողմն ու գործուն մասնակցություն ունեցան թուրքերի կողմից վերոնշյալ տարածքների գրավմանը:
Բացի այդ Մոլլա-Իդրիսիի ջանքերի շնորհիվ բազմաթիվ քրդական ցեղեր վերաբնակեցվեցին թուրք-իրանական ամբողջ սահմանագոտում՝ ապագա պատերազմների դեպքում քրդերին օգտագործելով որպես կարևոր ու հիմնական պատվար: Իդրիսիի գործողությունների արդյունքում, նախադրյալներ ստեղծվեցին ապագա քրդական պետության առաջացման համար, քրդերը թուրքերին իրենց վերջին ծառայությունը մատուցեցին Մեծ Եղեռնի ժամանակ՝ ակտիվորեն մասնակցելով հայ ազգի բնաջնջման ոճրագործությունում, որի հետևանքով Արևմտյան Հայստանի հիմնական տարրը դարձավ քուրդ ազգաբնակչությունը:
Ներկայիս Թուրքիայի առջև ծառացած է երկու կարևորագույն խնդիր՝ վերջնականապես կործանել այսպես կոչված Շիական միջանցքը, որի շունչն ու ոգին Թուրքիայի դարավոր աշխարհաքաղաքական հակառակորդ Իրանն է ամեն գնով խոչընդոտել Իրաքում քրդական պետության ստեղծմանը, քանի որ այն ուղղակիորեն ազդեցություն կունենա Թուրքիայում քրդերի ինքնորոշմանն ու անկախացման ձգտումների վրա: Անկարան իր նպատակներին հասնելու համար ռազմատեխնիկական ու ֆինանսական աջակցություն է տրամադրում Սիրիայում ու Իրաքում իսլամիստական զինված ուժերին՝ հատկապես Իրաքի և Լևանտի Իսլամական պետության (ԻԼԻՊ) ռազմական խմբավորմանը: Վերջիններս ձգտելով Սիրիայի և Իրաքի տարածքներում (Շիական միջանցքի կենտրոնական մասն են կազմում) Իսլամական խալիֆայության ստեղծմանը, ուղղակիորեն իրականացնում են Թուրքիայի ցանկությունները, քանզի խորտակիչ հարված է հասցվում Սիրիա-Իրան առանցքին:
Ներկայումս իսլամիստ ծայրահեղականների գլխավոր թիրախը հանդիսանում են քրդերը, եթե ամռանը ԻԼԻՊ-ը նպատակադրվել էր գրավել Բաղդադը, ապա հիմա նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է քրդերի ուղղությամբ և լայնածավալ ռազմական գործողություններ են ծավալում քրդերով բնակեցված թուրք-սիրիական ու թուրք-իրաքյան սահմանագոտում: Արդյունքում հարյուր հազարից ավել փախստականներ, բազմաթիվ զոհեր և այդ տարածքների աննախադեպ ավերածություն: Ինչքան ռազմական գործողություններն երկարեն և հնարավորինս չափ կատաղի լինեն, որի հետևանքով նշված տարածքներնը կամայանան և կկորցնեն իրենց դիմադրողական ուժը, այնքան Անկարայի համար դյուրին կլինի առնվազն իր քաղաքական ազդեցությունը հաստատել Սիրիայի և Իրաքի սահմանային շրջաններում:
Այս ամենին նպաստում են ԱՄՆ-ի օդային հարվածները, ԻԼԻՊ-ի մարտերը քրդերի և սիրիական կառավարական ուժերի դեմ, որի հետևանքով մարտնչող կողմերն կրում են բազմաթիվ կորուստներ ու սպառում իրենց ներուժը:
Անկարան իր վերահսկողությունը հաստատելով Սիրիայի ու Իրաքի հյուսիսային հատվածներում, ոչ միայն կամրապնդի իր թիկունքը, այլև կմեծացնի իր քաղաքական կշիռն ամբողջ Մերձավոր Արևելքում: Սա թույլ կտա Թուրքիային իր ամբողջ ներուժն կենտրոնացնել դեպի Կովկաս, Միջին Ասիա և Բալկաններ՝ ձգտելով հասնել իրենց բաղձալի ցանկությանը՝ այն է վերականգնել Օսմանյան կայսրության փառքը:
Այսպիսով՝ եթե 16-րդ դարում թուրքերը քրդերի անմիջական մասնակցությամբ տիրեցին Միջագետքին և պատմական Հայաստանի հարավային նահանգներին, ապա այսօր Թուրքիայի քաղաքական հաշվարկների սև գործը իրականացնում են իսլամիստ ծայրահեղականները:
Երկու դեպքում էլ նպատակը նույնն է՝ վերահսկողություն Միջագետքի և նրա հարակից տարածքների նկատմամբ , և թույլ չտալ Իրանի առաջխաղացումը դեպի Արևմուտք:
Սարգիս Լևոնյան