ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ նախագահի հայտարարությունը մեծ հաշվով անակնկալ էր թե՛ Անկարայի և թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված կողմերի համար: Էրդողանն անգամ չարձագանքեց Սերժ Սարգսյանի կողմից Ցյուրիխյան համաձայնագրերը «գրողի ծոցն» ուղարկելուն, ըստ երևույթին այն պատճառով, որ պաշտոնական Երևանի կողմից նման կոշտ հայտարարության չէր սպասում: Դրա փոխարեն Էրդողանը քննադատության ենթարկեց ներկայիս Եգիպտոսի իշխանություններին՝ մեղադրելով նրանց օրինական ճանապարհով ընտրված նախագահին ձերբակալելու մեջ, և էլ ավելի խորացրեց երկու երկրների միջև գոյություն ունեցող անջրպետը:
Էրդողանը հայտնի է իր անզուսպ և հիստերիկ պահվածքով, և նա ձգտում է նման ճանապարհով ճնշման ենթարկել դիմացինին, սակայն երբ վերջինս ընդունում է զուսպ և անհողդողդ կեցվածք ՝ ի չիք է դարձնում Թուրքիայի նախագահի ջանքերը: Այն որ Անկարան անպատասխան չի թողնի Երևանի վճռական դիրքորոշումը, ոչ մեկի մոտ չպետք է կասկած հարուցի: Մի կողմից Թուրքիան հանդես կգա դիվանագիտական հայտարարություններով, որտեղ իր հիասթափությունը կհայտնի Երևանի ընդունած որոշման կապակցությամբ և կառաջարկի նոր միջոցներ գտնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի համար. Այդ կերպ ևս մեկ անգամ Երևանին ներքաշելով ծուղակը, իսկ մյուս կողմից՝ բոլոր ուղղություններով կակտիվացնի հակահայ քաղաքականությունը:
ՀՀ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, իսլամիստների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու, որն երկու տարուց ավել գտնվում էր ծայրահեղականների վերահսկողության տակ, պայթեցումը պատահական չէր և ուղղորդված էր Թուրքիայի կողմից: Սա նաև թուրքական պատասխանն էր կաթողիկոս Արամ Ա-ի՝ նախօրեին հայտարարած Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը՝ պահանջելով վերադարձնել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը Սսի նստավայրն ու այլ պատմական ունեցվածքներ:
Մեր նախորդ հոդվածում նշել էինք, որ Թուրքիան իր «սև գործը» իրականացնում է ուրիշի ձեռքով և հիմա էլ վտանգ կա, որ Անկարայի դրդմամբ՝ իսլամիստ ահաբեկիչները, ռազմական գործողություններ կծավալեն հայաշատ վայրերում: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի պաշտոնական Երևանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահի հայկական եկեղեցու պայթեցումը, տարածաշրջանում քրիստոնյաների և մասնավորապես հայերի ծանր կացությունն ու մատնանշի սերտ կապը ծայրահեղականների հետ՝ նման ճանապարհով փորձելով հնարավորինս չափ չեզոքացնել Անկարայի սադրիչ գործողությունները:
Այսօր Թուրքիան հայտնվել է դժվարին իրավիճակի մեջ՝ չմիանալով ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիային: Թուրքիայի այդ քայլը դժգոհություն է առաջացնում Վաշինգտոնում և որպեսզի Էրդողանը մեղմի այդ դժգոհությունը, ստիպված է քաղաքական մեկ այլ ճակատում իրականացնել այնպիսի քայլեր, որը համահունչ կլինի Արևմուտքի ցանկություններին:
Դա կարող են լինել հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները, որտեղ Անկարան կփորձի իմիտացիոն գործողություններ ծավալել՝ ձգտելով վերականգնել իր երկրի սասանված խաղարարար պետության վարկը: Հայաստանը պետք է զերծ մնա նման իմիտացիոն գործընթացներից, քանզի միջազգային հանրության աչքերում ՄԱԿ-ի բարձր ամբիոնում ցուցադրած կարծր դիրքորոշումը կընկալվի նեղացվածության ու հիասթափության վառ դրսևորում, որը հարիր չէ ոչ մի պետության:
Հայկական կողմը պետք է լինի անդրդվելի՝ ցեղասպանությունը չվերածելով քննարկման ու սակարկման հարցի: Հայաստանը պետք է ձգտի երկու երկրների միջև առանց նախապայմանների բնականոն հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը:
Կարիք չկա ևս մեկ անգամ դիվանագիտական սիրախաղ սկսել թշնամի երկրի հետ՝ Արևմուտքի բարեհաճությանն ու սին խոստումներին արժանանալու համար : Արևմուտքը պարզապես ցանկանում է ձերբազատվել հայ-թուրքական քաղաքական բարդությունից, որը խոչընդոտում է իր աշխարհաքաղաքական շահերի իրականացմանը Հարավային Կովկասում:
Պետք է հիշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված երկրները հետապնդում են սեփական քաղաքական օգուտներն ու Երևանը, այս իրավիճակում, պետք է լինի խոհեմ ու շրջահայաց, որպեսզի այդ շահերի զոհը չդառնա:
Սարգիս Լևոնյան