ՀՀ ներքաղաքական ոլորտը նորից սկսեց փայլել իր բոլոր երանգներով: Արդեն զարմանալի չի ոչ ոքի համար, որ ՀՀ ԱԺ պատգամավորները կարող են չիմանալ, որ պետությունն ու իշխանությունը տարբեր բաներ են, շփոթվել քվեարկության ժամանակ և օրենքին սխալմամբ կողմ քվեարկել և այսպես շարունակ: Արդեն կարծես թե սովորական դարձած լինի, որ քաղաքական գործիչները պետք է խոսեն ոչ թե գրագետ հայերենով, այլ հայհոյանքներով, սպառնալիքներով և պարտադիր, եթե չունեն հանցագործ անցյալ, ապա պետք է վաստակեն այն քաղաքականության մեջ մտնելուց հետո:
Այս ամենի կողքին էլ մենք տեսնում ենք ընդդիմություն, որը մի տեսակ դժվարանում եմ անվանել ընդդիմություն կամ այլընտրանք, քանզի չի հասկացվում, թե ինչի՞ն են ընդդիմանում: Չէ՞ որ ԲՀԿ-ն ունի Հովիկ Աբրահամյանին, ով պատասխանատու է երկրի տնտեսական վիճակի համար: Իհարկե, ցանկալի կլիներ, որ Հայաստանում քաղաքական կյանքի վրա բարեկամախնամիական կապերը չազդեին, սակայն դա այս պահին անիրագործելի ցանկություն է: Հիմա հասկանանք, թե ո՞ւմ է ընդդիմանում այլընտրանք ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ին, Հովիկ Աբրահամյանին, թե Սերժ Սարգսյանին: Երեք դեպքում էլ մոտեցումը կառուցողական չէ, քանզի պետք է ընդդիմանալ ոչ թե անձերին, այլ նրանց գործունեությանը, բայց փաստացի ՀՀԿ-ն արդեն երկար ժամանակ է անգործության է մատնված, դրա համար պետք է ոչ թե ընդդիմանալ, այլ ստիպել, որ գործեն կամ էլ պահանջեն կառավարության հրաժարականը՝ ուղղակի այստեղ էլ մի հարց կա՝ բա Հովիկ Աբրահամյա՞նը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այդ ինչպե՞ս է ստացվում, որ միշտ դաշնակցականները ոսկե միջինում են՝ այսինքն ընդդիմություն են, բայց իշխանության հետ էլ աշխատելուն դեմ չեն: Կարծես թե ՀՅԴ-ի համար սովորություն է դարձել չկողմնորոշված և անսեռ քաղաքական ուժ լինելը, կամ ավելի շուտ դեպի սեփական շահերը կողմնորոշված լինելը՝ չնայած այս ամենով հանդերձ պետք է խոստովանել, որ ՀՅԴ միակ կուսակցությունն է, որն ունի գործունակ գաղափարախոսություն:
Դե Ժառանգության մասով միայն կարելի է ասել, որ աղոթելը լավ բան է, ուղղակի աղոթելով երկիր չես կառուցի, առավել ևս, երբ հազարավոր մարդ ես հավաքում հրապարակում, երդվում ես, աղոթում ու անհետանում: Սա նույնպես անպատասխանատու մոտեցում է սեփական ժողովրդի հանդեպ:
ՀԱԿ-ին կամ ՀԱԿԿ-ին՝ իրականում տարբերութունն այդքան էլ մեծ չի, անդրադառնալիս կարելի է եզրափակվել ընդամենը մի նախադասությամբ՝ 2008-ին ԼՏՊ-ի հետևից եկող հասարակությունը հավատում էր, որ կարող է լինել իրական ընդդիմություն, որն այս երկրում փոփոխություններ կիրականացնի, սակայն պարզվեց, որ ԼՏՊ-ն պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, ովքեր 2008-ին իշխանություն էին: Սա արդեն իսկ լուրջ ազդակ է:
ՕԵԿ-ին անդրադառնալու կարիք կարծես թե չկա, քանզի վերջին շրջանում իրենք էլ իրենց չեն անդրադառնում:
Ինչ վերաբերում է քաղաքացիական անհաշիվ նախաձեռնություններին, ապա ուղղակի պետք է ընդունել, որ դրանք մաղեցին երիտասարդ լիդերներին, ովքեր կարող էին պոտենցիալ ընդդիմադիրներ և հեղափոխականներ դառնալ՝ հիմա ո՞ւր են այդ երիտասարդները՝ ոչ թե նրանք, ովքեր սեփական ռեյտինգն են ապահովում ցույցերի հաշվին, քանզի նրանք չեն կորում՝ հակառակը մարդ են փնտրում, ումից մի քանի կոպեկ կպոկեն ու սեփական անունը կգովազդեն, այլ նրանք, ովքեր իրականում հայրենասեր էին ու պատրաստ էին պայքարելու՝ հիասթափվեցին, սնանկացան, լքեցին երկիրը՝ մի խոսքով մաղվեցին:
Այս ամենից հետո մնում է մի բան ավելացնել՝ փորձեք հասկանալ, թե ո՞ր ուժն ինչի համար է պայքարում, ի՞նչ է առաջարկում, վաճառելու է իր ընտրազանգվածին ընտրություններից մի քանի օր առաջ, թե ոչ, ո՞ւմ է ծառայում, ի՞նչ կյանքով է ապրում և այսպես շարունակ:
Սրանք լրջագույն հարցեր են, որ միայն հասարակությունը կարող է դնել թե՛ իբր ընդդիմության, թե՛ իշխանության, թե՛ այլընտրանքի առջև՝ ստիպել, որպեսզի վերջիններս ոչ թե խոսեն, այլ գործեն: Հայաստանն իրականում ժամանակ չունի այլևս փուչ քարոզներ լսելու և շոու հիշեցնող ցույցերի գնալու:
Մ. Ավետիսյան