Հայաստանի Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) անդամակցելու պաշտոնական որոշումից և ուկրաինական ճգնաժամի ի հայտ գալուց հետո, Ռուսաստանը սկսեց իրականացնել բացահայտ շանտաժի քաղաքականություն: Ռուսական էմիսարների հաճախակի այցն ու քամահրական և անպարկեշտ կեցվածքը ոչ միայն տհաճություն են առաջացնում հայ հասարակության լայն շրջանակներում, այլև անկեղծ ցասում և վրդոհվմունք: Ռուսական էմիսարները փորձում են մեզ համոզել, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը առանց Ռուսաստանի կմատնվի կործանման և միայն ռուսների բարեհաճության շնորհիվ է, որ հայերս ի վիճակի ենք ապահովել մեր գոյությունը:
Այսպես՝ Հայաստանում ՌԴ-ի նախկին դեսպան Կովալենկոն սեպտեմբերի 23-ի ասուլիսում զգուշացրեց հայ հասարակությանը, որ այս պատմական սուր պահին, եթե Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին, ապա հարցականի տակ կդրվի ոչ միայն հայկական պետության, այլև ամբողջ հայության ապագան՝ վառ օրինակ բերելով Ուկրաինան, որն իր կարծիքով Արևմուտքի խարդավանքների պատճառով հայտնվել է կործանման եզրին: Չի բացառվում, որ նախկին դեսպանի պահվածքը կապված լիներ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պաշտոնական Երևանի ամենաբարձր աստիճանի մասնակցության Կրեմլի դժգոհության հետ:
Նման ագրեսիվ քարոզչական քաղաքականության ակտիվացման գլխավոր նպատակը այն է, որպեսզի մեր հասարակության մեջ արմատավորվի այն սխալ մտածելակերպը, իբր առանց Կրեմլի մենք դատապարտված ենք և միայն Ռուսաստանն է ի վիճակի ապահովել մեր ազգային անվտանգությունը: Նման ճանապարհով Մոսկվան ձգտում է հայ ժողովրդի մեջ արթնացնել սեփական ուժերը թերագնահատելու զգացողություն և հույսն ուրիշի վրա դնելու հիվանդագին սինդրոմ ու թերարժեքության կոմպլեքս: Սա կհեշտացնի Կրեմլին ամբողջապես և լիովին իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանը՝ խոչընդոտելով վերջինիս իրականացնել ինքնուրույն և անկախ տնտեսական ու քաղաքական գործունեություն: Մոսկվայի կողմից վարած կացնային քարոզչությունն իրականում տալիս է հակառակ էֆեկտը. հայ հասարակության մեջ ավելի է արմատավորվում ռուսների հանդեպ տածած անվստահությունն ու հակակրանքը, իսկ պաշտոնական Երևանը փորձում է հնարավորինս չափով սերտացնել կապերն Արևմուտքի և այլ պետությունների հետ: Ճիշտ կլիներ հաջորդ անգամ ռուսական էմիսարներին «Ռուսաստանի անփոխարինելիության» մասին Երևանում դասախոսություն կարդալու ժամանակ հարց տալ նրանց, թե ու՞ր էիք Սարդարապատի հերոսամարտի ժամանակ, երբ արյունաքամ ժողովուրդը միայնակ կանգնեցրեց թուրք արնախում բորենիներին, ու՞ր էիք Արցախյան հերոսամարտի ժամանակ, երբ հայությունը սեփական ուժերով ազատագրեց այն Արցախը, որը դուք՝ռուսներդ, նվիրաբերել էիք կովկասյան թաթարներին:
Այս տխուր իրավիճակի գլխավոր պատճառը հանդիսանում է Կրեմլի մեծապետական ու երբեմն էլ շովինիստական էությունը, Մոսկվան առ այսօր չի համակերպվում և չի հաշտվում հետխորհրդային հանրապետությունների անկախության հետ, որի պատճառով Ռուսաստանը չի հանդուրժում նորանկախ երկրների ինքնիշխանությունն ու ինքնուրույն գործունեությունը: Մոսկվան բազմիցս է նշել, որ մեծ հաշվով բնական հարստություններից զուրկ, դեպի ծով ելք չունեցող, աղքատ ու շրջափակման մեջ գտնվող Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանը իրականացնում է հանուն երկու ազգերի դարավոր եղբայրության, և ռուս ազգի մեծահոգության շնորհիվ Մոսկվան ի վնաս իրեն Հայաստանին տրամադրում է տնտեսական արտոնություններ, իսկ մենք՝ «ապերախտ» հայերս, չգնահատելով Ռուսաստանի ասպետական վերաբերմունքը, ցանկանում ենք ինտեգրվել Արևմուտքին: Սակայն արդյոք միայն դարավոր եղբայրության և Կրեմլի մեծահոգության պատճառով է Մոսկվան մեզ տնտեսական արտոնություններ տրամադրում, եթե ,իհարկե, դա կարելի է անվանել անհատույց տնտեսական արտոնություններ, մի՞թե Հայաստանն արժեք չի ներկայացնում Ռուսաստանի համար: Իհարկե, ներկայացնում է, և այն էլ ինչպիսի արժեք:
Հայաստանն ամբողջ տարածաշրջանում հանդիսանում է Ռուսաստանի միակ իրական ռազմավարական դաշնակիցը: Երևանը երբեք չի իրականցրել Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական գործողություններ, ինչպես մեր տարածաշրջանում նրա այլ գործընկերները: Եթե Կրեմլը զրկվի իր միակ դաշնակցից, ապա կհայտնվի քաղաքական ծանր կացության մեջ: Ռուսաստանն առնվազն ոչ միայն կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում, այլև կթուլանա Կրեմլի վերահսկողությունը Հյուսիսային Կովկասում:
Հաշվի առնելով այս հանգամանքը, պարզ է դառնում, որ Մոսկվան ամեն գնով ձգտելու է իր ազդեցությունը պահպանել ու ուժեղացնել Հայաստանում, ո'չ թե հանուն հայ ժողովրդի լուսավոր ապագայի, այլ հանուն Ռուսաստանի ծավալապաշտական և աշխարհաքաղաքական շահերի:
Սարգիս Լևոնյան