Վերլուծական 

Թուրքական բանակը երբեք մուտք չի գործի իսլամիստների կողմից վերահսկվող տարածքներ

Անցած շաբաթ Թուրքիայի  պառլամենտը հավանության արժանացրեց երկրի զինված ուժերը պետության սահմաններից դուրս ռազմական գործողությունների մեջ ներգրավելու կառավարության ծրագրին: Այսպիսով,  Անկարան ուղղակիորեն ներգրավվում է Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների մեջ: Իհարկե,  Սիրիայում Թուրքիայի գլխավոր խնդիրը լինելու է ոչ թե պայքարը ծայրահեղ իսլամիստ ուժերի դեմ, այլ իր աշխարհաքաղաքական շահերը: Թուրքիան ցանկանում է Սիրրիայում ստեղծել ազատ գոտիներ՝ զերծ պահելով այդ տարածքներն ահաբեկիչների ներթափանցումից, ինչպես նաև պաշտպանելու է Սուլեյման շահի դամբարանը, սակայն թուրքական բանակը մուտք չի գործի իսլամիստների կողմից վերահսկվող տարածքներ:

 

 Նման ճանապարհով Անկարան իր ռազմական ներկայությունն է ապահովում Սիրիայի հյուսիսում՝ ստեղծելով պլատֆորմ ապագա առաջխաղացման համար: Հետաքրքրական է,  որ թուրքական ԶԼՄ-ներում,մասնավորապես Միլիեթում տպագրված քարտեզում Թուրքիայի կազմի մեջ էին ներառված Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածները՝Հալեպ, Մոսուլ, Քիրքուք: Սա թույլ կտա Անկարային  ուժեղացնել սեփական ազդեցությունը տարածաշրջանում և գլխավոր դերակատար դառնալ Մերձավոր Արևելքում:

 

Մենք արդեն նշել էինք, որ եթե Վաշինգտոնը ցանկանում է ջախջախել իսլամիստ ահաբեկիչներին, ապա պետք է սերտորեն համագործակցի Իրանի և Սիրիայի կառավարական ուժերի հետ, որին կարող է միանալ Եգիպտոսը՝ ձևավորելով Իրան-Սիրիա-Եգիպտոս աշխարհաքաղաքական առանցքը: Նման առանցքի ձևավորման հետևանքով կթուլանան  Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի քաղաքական դիրքերը, սակայն թուրքական ցամաքային ուժերի կողմից Սիրիայի հյուսիսային հատվածներում վերահսկողություն հաստատելու դեպքում ոչ միայն չի կայանա վերոնշյալ առանցքը, այլև  խորտակիչ հարված կհասցնի շիական միջանցքին:  

 

Պատահական չէ, որ Իրանի արտգործ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն իր մտահոգությունը հայտնեց թուրքական պառլամենտի ընդունած որոշման կապակցությամբ: Ինչպես երևում է Վաշինգտոնը գերադասում է իսլամիստների դեմ պայքարել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ համատեղ, որն ավելի շուտ կրելու է իմիտացիոն բնույթ և ունենալու է ծանր հետևանքներ Սիրիայի և Իրաքի համար: Այն,  որ համագործակցելու է Թուրքիայի հետ,  պարզորոշ երևաց ԱՄՆ  փոխնախագահ Ջո Բայդենի մեղանչական պահվածքից: Մոտավորապես նույն այն ժամանակ, երբ թուրքական պառլամենտն իր որոշումն էր կայացնում:  Հարվարդի համալսարանում Ջո Բայդենը նշել էր, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Արաբական Էմիրությունն այնքան էին ձգտում ազատվել Բաշար Ասադից, որ միլիարդավոր դոլարներ և մեծաքանակ զինտեխնիկա տրամադրեցին իսլամական պետության զինյալներին: Ըստ երևույթին,  Բայդենին տեղյակ չէին պահել Անկարայում ընդունած որոշման մասին և վերջինս անկեղծացել էր ուսանողների առջև՝ հայտնվելով անհարմար վիճակում: Բայդենի խոսքերը ջղաձգության մեջ գցեցին Անկարային, Էրդողանը կոշտ արձագանքելով նշեց., որ ր եթե Բայդենը նման բան է ասել, ապա վերջինս իր համար գոյություն չունի:  ԱՄՆ-ի փոխնախագահը ստիպված էր ներողություն խնդրել և արդարանալ, որ իրեն սխալ են հասկացել:

 

Թուրքական պառլամենտը թույլատրել է նաև օտար պետությունների զինված ուժերին օգտագործել պետության տարածքում առկա ռազմական հենակետերը. Այս բանը  թույլ տվեց ՆԱՏՕ-ի նորանշանակ քարտուղար Յենս Ստոլենբերգին: Նա  հայտարարեց, որ հնարավոր է ՆԱՏՕ-ի երկրների ցամաքային ուժերի տեղակայումը Թուրքիքյում:

 

 

Անկարան ձգտում է տապալել Բաշար ալ-Ասադի իշխանությունն և հաստատել Սիրիայում խամաճիկ կառավարություն, սակայն եթե Թուրքիան գործի միայնակ, ապա այն միջազգային հանրության կողմից կընկալվի որպես հարևան երկրի ներքին գործերին բացահայտ միջամտող պետություն, իսկ կոալիցիոն պայմաններում Անկարան կստեղծի տպավորություն, թե պայքարում է իսլամիստ ծայրահեղականների դեմ: Այդ իսկ պատճառով Էրդողանը մեծահոգաբար կների Բայդենի զանցանքն ու կհայտարարի, որ Թուրքիան իր դաշնակից ԱՄՆ-ին կաջակցի ահաբեկիչների դեմ պայքարում: Հայտնի չէ, թե այդ պայքարի ընթացքում ինչպիսի հաջողություններ կգրանցեն կոալիցիոն ուժերը, սակայն հաստատ կարելի է նշել, որ այդ պայքարի արդյունքում Սիրիան կարող է արժանանալ Աֆղանստանի տխուր, իսկ վատթարագույն դեպքում՝ Լիբիայի ողբերգական ճակատագրին:

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից