Սեպտեմբերին Շոտլանդիայում կայացած անկախության վերաբերյալ հանրաքվեն կարևոր խթան հանդիսացավ և քաղաքական զգալի ազդեցություն ունեցավ ոչ միայն Մեծ Բրիտանիայի սահմաններում, այլև նրա սահմաններից դուրս:
Չնայած՝ հանրաքվեի արդյունքներով Շոտլանդիան մնաց Բրիտանիայի կազմում, սակայն այն ոգևորիչ նախադեպ դարձավ Իսպանիայի Կատալոնիայի բնակչության համար: Այսպես, եթե Հյուսիսային Իռլանդիայում և անգամ Ուելսում սկսել են խոսել հանրաքվե անցկացնելու մասին, ապա Կատալոնիան հաստատակամորեն որոշել է նոյեմբերի 9-ին անցկացնել համաժողովրդական պլեբիսցիտ Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ: Պաշտոնական Մադրիդը, որն ամեն գնով փորձում է խոչընդոտել այդ գործընթացին, դիմեց Սահմանադրական դատարան, որպեսզի նա քննի հանրաքվեի օրինականության հարցը: Դատարանը մեկ ժամվա ընթացքում որոշեց երկարաձգել հանրաքվեի անցկացումն առնվազն 5 ամսով, սակայն այդ վճիռը կատալոնացիներին իրենց մտադրություններում դարձրեց էլ ավելի անդրդվելի ու հաստատակամ:
Կատալոնիայում անցկացվելիք հանրաքվեն մեծ հավանականությամբ կունենա դրական արդյունք և պաշտոնական Մադրիդի համար կառաջացնի լուրջ քաղաքական ու տնտեսական բարդություններ: Կատալոնացիների անկախության ձգտումներն ունեն քաղաքկան, տնտեսական ու պատմական խորքային դրդապատճառներ:
Կատալոնիայի տարածքը կազմում է 32 հզ կմ2, իսկ բնակչությունը 7,5 միլիոն, համեմատության համար նշենք, որ ամբողջ Իսպանիայի տարածքը կազմում է կես միլիոնից ավել կմ2, իսկ բնակչությունը 46 միլիոն, սակայն այս ամենով հանդերձ փոքրիկ Կատալոնիան ապահովում է Իսպանիայի ամբողջ ՀՆԱ-ի 19%: Կատալոնացիները չեն ցանկանում կերակրել Ւսպանիայի աղքատ և տնտեսապես հետամնաց նահանգների բնակչությանը, նրանք դժգոհ են այն հանգամանքից, որ Կատալոնիան ավելի շատ ֆինանսական մուտքեր է ապահովում պետբյուջե, քան կառավարությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում մարզի զարգացման համար: Բռնապետ գեներալ Ֆրանկոյի մահվանից հետո Իսպանիայի նոր իշխանությունները ընդունեցին սահմանադրություն, որի համաձայն պետության երկու մարզերին՝ Բասկերի Երկրին և Կատալոնիային տրամադրվեց բարձր ինքնավարություն: Նման միջոցով Մադրիդը փորձում էր մեղմել և փոխհատուցել Ֆրանկոյի օրոք այս մարզերի բնակչության կողմից կրած քաղաքական, տնտեսական ու մարդկային բռնաճնշումները:
Սակայն ոչ բասկերը, ոչ էլ կատալոնացիները չհրաժարվեցին իրենց անկախության երազանքից: Ի տարբերություն բասկերի՝ կատալոնացիները անկախության նկրտումներն ու պահանջներն իրագործում էին ավելի մեղմ միջոցներով՝ զերծ մնալով ահաբեկչական գործունեությունից: Ներկայում իսպանական կառավարությունը կանգնած է բարդ երկընտրանքի առջև, խոսքն անգամ հանրաքվեի արդյունքները ճանաչելու կամ չճանաչելու մասին չէ, այստեղ ավելի կարևոր է այն հանգամանքը, թե ինչպիսի վերաբերմունք ցույց կտա պաշտոնական Մադրիդը բուն հանրաքվեի անցկացման փաստի վերաբերյալ: Նա կարող է չճանաչել պլեբիսցիտի անցկացման օրինականությունը, սակայն չխոչընդոտի նրա անցկացմանը, իսկ դրանից հետո ամենայն հավանականությամբ նմանատիպ հանրաքվե կանցկացվի Բասկերի Երկրում, որը հետագայում Մադրիդի և անկախության ձգտող մարզերի միջև բանակցությունների ժամանակ կարևոր կռվախնձոր կհանդիսանա բասկերի ու կատալոնացիների համար:
Մյուս կողմից կենտրոնական իշխանություններն օգտագործելով ոստիկանական և ադմինիստրատիվ ռեսուրսները՝ կարող են արգելել հանրաքվեի անցկացմումը, որը մեծ հարված կլինի Եվրամիության անդամ երկրների քաղաքական իմիջին, քանզի կենթարկվի միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին: Բայց Իապանիայի դժվարություններն այսքանով չեն ավարտվում, Մադրիդի առջև ծառացած է ևս մեկ տարածքային հիմնախնդիր: 1701-1714թթ. Իսպանական ժառանգության համար ընթացող պատերազմի արդյունքում Անգլիային անցավ Ջիբրալթար նեղուցի ափամերձ քարքարոտ, սակայն ռազմավարական կարևոր հենակետ հանդիսացող Ջիբրալթար տերիտորիան: Իսպանիան մշտապես ձգտել է հետ վերադարձնել այս 6,5 կմ2 կազմող տարածքը:
Չնայած 80-ականներին, Ջիբրալթարի նկատմամբ Մադրիդի և Լոնդոնի միջև առկա կոնֆլիկտը կորցրեց սրությունը, անգամ վերաբացվեց Իսպանիայի և Ջիբրալթարի փակ սահմանը, սակայն անցած տարի այն նոր թափ ստացավ: Իսպանիան պահանջում է տարածքը վերադարձնել իրեն, իսկ Բրիտանիան պնդում է, որ ջիբրալթարցիները պետք է որոշեն, թե որ պետության կազմում են ցանկանում մնալ, իսկ վերջիններս գերադասում են մնալ տնտեսապես ավելի զարգացած Բրիտանիայի կազմում, քան վերամիավորվել պատմական հայրենիքի հետ: Նոյեմբերի 9-ի հանրաքվեի հետևանքով Մադրիդը կկանգնի ոչ միայն իր երկու ափամերձ մարզերի կորստի առաջ, այլ նաև կզրկվի Ջիբրալթարի վերամիավորման հնարավորությունից:
Սարգիս Լևոնյան