Վերլուծական 

Հույն աստվածների կատաղի պայքարն ու Հայաստանի իշխանությունների անհաշտ մրցակցությունը

Ըստ հունական դիցաբանության Գեայի՝ Երկրի աստվածուհու, կրտսեր որդի Քրոնոսը մոր օգնությամբ տապալում է հորը՝ Ուրանոսին և տիրում ամբողջ աշխահին: Վախենալով արժանանալ հոր ճակատագրին և ձգտելով պահպանել իր իշխանությունը, Քրոնոսը կուլ է տալիս իր նորածին զավակներին: Թվում է՝  հին հունական դիցաբանական առասպելը ոչ մի աղերս չունի մերօրյա քաղաքական կյանքի և նրա գլխավոր դերակատարների անցուդարձի հետ, սակայն ուշադիր հետևելով Հայաստանում տիրող իրավիճակին,  ուշագրավ նմանություններ ես գտնում հին հունական հավատալիքների ու ներկայիս քաղաքական վայրիվերումների միջև:

 

Անցած տարի ամռանը հայ հասարակության լայն շրջանակներում՝ հատկապես երիտասարդության մոտ, մեծ ցասում և վրդովմունք առաջացրեց տրանսպորտի ուղեվարձի բարձրացման Երևանի քաղաքապետարանի որոշումը: Մի քանի օր տևող անհնազանդության ու բողոքի ցույցերից և կառավարության նիստից հետո քաղաքապետն իր հրամանգրով հետաձգեց ուղեվարձի բարձրացման որոշումը: Չար լեզուները պնդում էին, որ երիտասարդ ու խոստումնալից քաղաքապետի սրտովն էլ չի եղել այդ որոշումը, և այն շրջանառության մեջ են դրել, որպեսզի քաղաքական հարված հասցնեն Տարոն Մարգարյանի քաղաքական ու հասարակական վարկին: Եթե դա այդպես է, ապա հարց է ծագում ո՞վ կարող էր տհաճություն պատճառել իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցչին, եթե բոլոր քաղաքական ու տնտեսական կարևոր և ոչ միայն հարցերն իրագործվում են Գերագույնի համաձայնությամբ ու որոշմամբ: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ հանրապետականներն ընտրական քարոզարշավը կառուցել էին ամբողջապես Տարոն Մարգարյանի անբասիր վարկի և հեռանկարային գործչի հենքի վրա, իսկ երեկ ամիս անց...

Այս տարվա գարնանը մեր ժողովուրդը յոթ տարիների տնտեսական խեղկատակությունից հետո, որի հետևանքով պետական՝ այսինքն մեր, պարտքը եռապատկվեց, իր պաշտոնից ազատվեց անփառունակ ու լեկցիաներ կարդալու նկատմամբ թուլություն ունեցող վարչապետը: Նորանշանակ կառավարության ղեկավարը փորձեց նոր լիցք հաղորդել գործադիր մարմնի աշխատանքներում. տալիս էր ավելի սթափ և իրատեսական տնտեսական գնահատականներ, ձգտում էր հասարակության հետ լինել ավելի մոտ՝ ցույց տալ,  որ հասկանում և սրտի մոտ է ընդունում հասարակ ժողովրդի առջև ծառացած դժվարություններն ու զրկանքները:

Մի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանը փորձում էր ժողովրդի աչքերում երևալ առաջիկա նախագահական ընտրությունների իրական ու ցանկալի, իսկ ամենակարևորը՝ գլխավոր թեկնածուն, քանզի մեզ մոտ ըստ ձևավորված ավանդության, նախագահականի ճանապարհն անցնում է վարչապետի պաշտոնով: Բայց ինչպես ասում են ռուսները но не тут-то было: Սյունիքի նախկին մարզպետի վերանշանակման լուրը նմանվեց մի բոթի, որին հասարակությունը չէր ուզում հավատալ, ժողովրդի կողմից արդարացիորեն գնահատված այս անբարոյական քայլի ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց վարչապետը: Վերջինս ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարեց որ ինքն է որոշում կայացրել նախկին մարզպետին վերանշանակելու համար՝ հաշվի առնելով նրա փորձը (հետաքրքիր է իմանալ խոսքը որ փորձի մասին է) և նույն պաշտոնում երկարատև կառավարումը:

 

Սակայն մենք արդեն նշել էինք, որ Հայաստանում բոլոր քաղաքական ու տնտեսական որոշումները կայացնում է մեկ անձ, իսկ Գերագույնը այդ պահին մեկնել էր Նյու-Յորք գրողի ծոցն ուղարկելու չվավերացված Ցյուրիխյան համաձայնագրերը: Ինչպիս՜ի ձուգադիպություն: Այս ամենով վարչապետի անհաջողությունները չավարտվեցին, սրան գումարվեց նաև շրջանառության հարկի մասին օրենքը՝ էլ ավելի սրելով կառավարության ու հասարակության հարաբերությունները, որը վերջնականապես հօդս ցնդեցրեց Հովիկ Աբրահամյանի վարդագույն նախագահական երազանքները(սա հո շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին հաղթելը չէ):

 

Ինչպես տեսնում ենք մերօրյա քաղաքական և պետական բարձրաստիճան այրերը զերծ չեն մնում հունական աստվածների դառը ճակատագրից: Սակայն հունական դիցաբանությունն այդքանով չի ավարտվում: Քրոնոսի կինը՝ Հռեան, փրկում է կրտսեր որդուն Զևսին, որը, հասակ առնելով, ստիպում է հորը փսխել զավակներին և եղբայրների հետ հաղթում է նրան ու նետում Տարտարոսը, իսկ ինքը դառնում է Օլիմպոսի Գերագույն աստվածը: Մնում է ենթադրել, արդյոք մեզ մոտ էլ կլինի Գերագույնի փոփոխություն, թե Զևսին սպասելով ամեն ինչ նույնը կմնա:

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից