Հոկտեմբերի 10-ին Մինսկում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրեցին Հայաստանի Եվրասիական Տնտեսական Միության անդամակցման պայմանագիրը, որի համաձայն Երևանը հունվարի 1-ից պետք է դառնա ԵՏՄ լիիրավ անդամ:
Եթե իշխանություններն այս որոշումը համարում են դիվանագիտական հաղթանակ, ապա մի շարք տնտեսգետներ ու ընդդիմադիր քաղաքական գործիչներ չեն կիսում իշխանությունների լավատեսությունը՝ հատկապես նշելով, որ ստեղծված պայմաններում անորոշ է մնում Արցախի կարգավիճակը: Տվյալ շրջանակների անհանգստությունն ամրապնդվեց Նազարբաևի արտասանած ողջույնի խոսքերից հետո, որն էլ իրենց հերթին իշխանական քարոզչական միջոցները չհիշատակեցին այն իրենց լրատվամիջոցներում: Իսկ Նազարբաևը շնորհավորելով Հայաստանին ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ, ավելացրեց, որ կողմերն եկել են փոխզիջման այն հարցում, թե ինչպիսի սահմաններով է անդամակցելու կառույցին Հայաստանը:
Արևմտամետ ընդդիմադիր ուժերը բազմիցս քննադատել են ու շարունակում են քննադատել իշխանություններին, Արևմուտքին մերձենալու քաղաքական կուրսից կտրուկ կապակցությամբ: Նրանց կարծիքով, էլ ավելի կուժեղանա Կրեմլի քաղաքական ու տնտեսական ազդեցությունը Երևանի նկատմամբ ու Հայաստանը փաստացի կկորցնի իր ինքնիշխանությունը, բացի այդ տնտեսական առումով ոչ մի լավ բան չի սպասվում մեզ, քանի որ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցների ու նավթի գների անկման պատճառով հայտնվել է տնտեսական լճացման մեջ, իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա Երևանը ստիպված է լինելու մաքսակետ տեղադրել Հայաստանի ու Արցախի սահմանին, որը հետագայում կհանգեցնի ռուսական ռազմական հենակետի տեղակայմանը հայկական երկու պետությունների միջև:
Սա թույլ կտա Կրեմլին իր անվերապահ վերահսկողությունը հաստատել Երևանի ու Ստեփանակերտի նկատմամբ՝ Արցախը վերածելով խայծ Բաքվին ԵՏՄ ներքաշելու համար:
Նման հոռետեսական կանխատեսման որոշ դրույթների հետ կարելի է համաձայնվել, սակայն կան մտքեր, որոնց պետք է մոտենալ վերապահումներով:
Այսպես, այն որ Ռուսաստանը տնտեսական դժվարությունների առջև է կանգնած բոլորի համար ակնհայտ է և շատ դժվար է նման պայմաններում ակնկալել տնտեսական հրաշք: Այն, որ Կրեմլի ազդեցությունն ուժեղանալու է մեր երկրում , նույնպես տրամաբանական է, սակայն ոչ այն աստիճան, որ կհանգեցնի Հայաստանի ինքնիշխանության կորստի: Ինչ վերաբերում է մաքսակետին, իսկ այնուհետ ռուսական ռազմական հենակետի տեղակայմանը, ապա դա աբսուրդի ժանրից է:
Սակայն, նման պարագայում ինչպե՞ս հասկանալ Նազարբաևի արտահայտած փողզիջման խոսքերի իմաստը: Երբ անցած տարի պաշտոնական Երևանը հայտարարեց Մաքսային Միությանն անդամակցման մասին, բարձրաստիճան պաշտոնյաները նման որոշման կայացման պատճառներից գլխավորը նշում էին, որ ի տարբերություն Եվրաասոցացման համաձայնագրի, Արցախը նույնպես անդամակցելու է Մաքսային Միությանը և ոչ մի մաքսակետի հարց չի քննարկվելու: Սակայն, հետագայում պարզվեց, որ Բրյուսելը մաքսակետի պահանջ չի բարձրացրել , իսկ Նազարբաևը Աստանայում հիշեցրեց հայ-ադրբեջանական չկարգավորված հակամարտության մասին: Նազարբաևի դիրքորոշումը ստիպեց մեր իշխանություններին շտկել իրենց տեսակետը, նշելով, որ Արցախը անկախ պետություն է և Հայաստանի մաս չի կազմում, հետևաբար չի կարող անդամակցել տվյալ կառույցին և Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով է անդամակցելու Մաքսային Միությանը:
Հենց այս հանգամանքը պետք է համարել պաշտոնական Երևանի փոխզիջումը, Արցախն անմասն է մնում անդամ երկրների համար գործող տնտեսական արտոնություններից ու բարենպաստ պայմաններից (եթե իրականում դրանք առկա են), սակայն Հայաստանն ու հայ ժողովուրդն երբեք չի համաձայնվի Արցախի սահմանին մաքսակետի տեղադրմանը (մնում էր միայն <> կառուցեինք), իսկ այս հանգամանքն արդեն ԵՏՄ անդամ երկրների փոխզիջումն է, այսինքն, իրենք աչք են փակելու Հայաստանի ու Արցախի բաց սահմաններին:
Իսկ եթե Նազարբաևի մտքով անցնի բարձրացնել մաքսակետի տեղակայման հարցը, ապա նա ավելի շատ անհարմար վիճակի մեջ կդնի Վ. Պուտինին, քան Հայաստանի իշխանություններին, որովհետև Մոսկվան ստիպված կլինի պարզաբանել գործընկերներին, թե ինչպիսի՞ տնտեսական հարաբերություններ են գործում Ռուսաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջև, ինչպես նաև տեղյակ պահել, թե Միջազգային իրավունքի ո՞ր նորմերով են միջազգային հանրության կողմից ճանաչված ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրի բռնակցված տարածքում գործում միության օրենքները:
Հակառակ պարագայում սա երկակի ստանդարտների քաղաքականության վառ օրինակ է, որում Կրեմլը բազմիցս մեղադրել է Արևմութքին: Այդ պատճառով էլ հունվարի 1-ից հետո ԵՏՄ Անդամ երկրները ՝ հատկապես Ղազախստանը , դժվար թե Երևանին անհանգստացնեն Հայաստանի ու Արցախի միջև բաց սահմանի կապակցությամբ՝ ինչքան էլ Ալիևը նամակներ գրի, քանի որ ԵՏՄ հիմնադիր երկրները ստիպված են լինելու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ: Հակառակ պարագայում Երևանին այլ բան չի մնա, քան ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ուղարկել այնտեղ, ուր մտադրվել է ուղարկել Ցյուրիխյան համաձայնագրերը:
Սարգիս Լևոնյան