Վերլուծական 

Փարիզյան հանդիպման գլխավոր իմաստը Ֆրանսիայի դերի անփոխարինելիության վերահաստատումն է Արցախի հարցում

Հոկտեմբերի 27-ին Փարիզի Ելիսեյան պալատում վերջապես կկայանա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման ճանապարհները: Սկզբում Ֆրանսուա Օլանդը առանձին հանդիպում կունենա հակամարտ կողմերի նախագահների հետ, այնւոհտեև հանդիպումը կկայանա եռակողմ ձևաչափով:

 

Փարիզում կայանալիք բանակցությունների ժամանակ խաղաղ կարգավորման կտրուկ ճեղքման կամ նշանակալի առաջխաղացման մասին խոսելը պարզապես միամտություն կլինի: Հանդիպումը պետք է փաստի, որ կողմերը գերադասում են բանակցային թեկուզ անպտուղ գործընթացը ռազմական, մեծածավալ ու ակտիվ գործողություններից: Սակայն այս հանդիպումը Հայաստանի համար շատ կարևոր է մեկ այլ տեսանկյունից՝ նախ և առաջ այն ապացուցում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափը կենսունակ է, և համանախագահների շնորհիվ հնարավոր է պահպանել շփման գոտում հարաբերական զինադադար:

 

Սա դժվարեցնում է Բաքվի ջանքերը հակամարտության լուծման գործընթացը այլ միջազգային կազմակերպության իրավասության ներքո տեղափոխելու հարցում, ինչին կտրականապես դեմ է Երևանը: Եթե Արցախի հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվի այլ միջազգային կառույց՝ օրինակ ՄԱԿ-ը, որտեղ կան բազմաթիվ իսլամադավան և թրքախոս պետություններ, ապա Ադրբեջանի համար դյուրին կլինի օգտագործելով իր ֆինանսական հնարավորությունները և գնել իր համար ցանկալի վճիռը: Նման պայմաններում Հայաստանի համար շատ դժվար կլինի Արցախի հիմանահարցի լուծման համար ակնկալել հավասարակշռված ու արդարացի լուծում:

 

Երկրորդ կարևորագույն հանգամանքն այն է, որ Փարիզը ևս մեկ անգամ վերահաստատեց իր կարևոր դերակատարությունը տվյալ հակամարտության լուծման գործընթացում և հանդես է գալիս Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ համահավասար դիրքերից: Սա կարևոր է Հայաստանի համար, քանի որ հաճախակի են դարձել տարատեսակ խոսակցություններն այն մասին, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահությունը կարող է հանձնվել Եվրամիությանը: Այս հանգամանքը նույնպես ձեռնտու չէ Հայաստանին ու Արցախին, քանի որ հայ ժողովրդի համար նման զգայուն, ճակատագրական ու կենսական հարցում Բրյուսելը կարող է դառնալ ոչ վստահելի ու անկանխատեսելի միջնորդ կողմ: Հատկապես, եթե հաշվի առնենք անցած տարվա սեպտեմբերի 3-ից հետո Արցախի վերաբերյալ Բրյուսելի և Ստրասբուրգի կողմից մի շարք հակահայ որոշումներ ընդունելու փաստը, ապա հասկանալի է դառնում, որ Բրյուսելի մուտքն Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ոչ մի դրական արդյունք չի տա հայկական կողմին:

 

Սկսած 2008թ.-ից Բրյուսելն ակտիվորեն փորձում է հաստատվել և ամուր դիրք գրավել Հարավային Կովկասում ի հաշիվ Ռուսաստանի: Այս քաղաքական պայքարում Եվրամիության համար կարևոր նշանակություն են ձեռք բերում Ռուսաստանին սահմանակից, աշխարհագրական բարենպաստտ դիրք ունեցող և հակառուսական դիրքորոշում որդեգրած Վրաստանը, ինչպես նաև ածխաջրածնային պաշարներով հարուստ Ադրբեջանը: Նման պայմաններում Եվամիության աչքերում Հայաստանն իր կարևորությամբ զիջում է Վրաստանին ու Ադրբեջանին, հատկապես այն հանգամանքից հետո, երբ Երևանը համաձայնվեց անդամակցել ԵՏՄ-ին:

 

Բրյուսելը հանուն իր աշխարհաքաղաքական շահերի ավելի շուտ կփորձի սիրաշահել Ադրբեջանին՝ հագուրդ տալով նրա քաղաքական ցանկություններին, քան կձգտի վերականգնել իրավական ու պատմական արդարությունը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի Ֆրանսիան պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի իր եռանախագահողի տեղը: Փարիզը, վարելով հավասարակշռված ու կանխատեսելի քաղաքականություն, ձգտում է միաժամանակ ամուր պահել հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները՝ միաժամանակ չվնասելով ֆրանս-ադրբեջանական տնտեսական ու քաղաքական փոխշահավետ կապերին:

Հաշվի առնելով այն, որ Ֆրանսիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամ է և հայ-ֆրանսիական բարեկամության այլ փաստեր, Փարիզը երբեք չի պարտադրի հայկական կողմին այնպիսի որոշումներ, որոնք ի սկզբանե մերժելի կլինեն Երևանի համար: Հայաստանն իր հերթին ամեն կերպ պետք է նպաստի Մինսկի խմբում Ֆրանսիայի դերի ամրապնդմանն ու նրա անփոխարինելիությանը:

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից