Վերլուծական 

Երևան-Սիմֆերոպոլ չվերթի իրագործումը հարվածի տակ կդնի Հայաստանի միջազգային հեղինակությունը

Անցած շաբաթ ռուսական ԶԼՄ-ում հայտնված նոյեմբեր ամսից կազմակերպվող Երեվան-Սիմֆերոպոլ կանոնավոր ուղիղ չվերթի մասին նորությունը, հայ հասարակական շրջանակներում զարմանք և ինչ-որ չափով շփոթմունք առաջացրեց: Չնայած որ պաշտոնական Երևանը մերժում է այս տեղեկատվության իսկությունը, բայց ռուսական կողմը պնդում է, որ Գրոզնիի ավիաուղիները շաբաթը մեկ անգամ կիրականացնեն Երևան-Սիմֆերոպոլ չվերթը:

 

Ընդհանրապես, չվերթների իրականացման համար անհրաժեշտ է ՀՀ քաղավիացիայի համաձայնությունը, որը դեռևս չի տրվել: Սակայն, կրակն առանց ծխի չի լինում և եթե այս չվերթի կայացմանն անհրաժեշտ է միայն քաղավիացիայի համաձայնությունը, ապա չի բացառվում, որ այն ստացվի: Ղրիմի միակցումից հետո Ռուսաստանն ամեն կերպ փորձում է տարբեր ճանապարհներով միջազգայնորեն ամրապնդել վերամիավորման փաստը:

Միջազգային ավիաչվերթի իրականացումն այդ քայլերից մեկն է: Միջազգային հանրությունը թերակղզու միակցումը ճանաչելով, որպես անեկսիա, կասեցրել է իր տնտեսական և առևտրային հարաբերությունները Ղրիմի հետ: Այն երկրները, որոնք մինչ այդ իրականցնում էին ավիաչվերթներ դեպի Ղրիմ, չցանկանալով բարդություններ ունենալ Վաշինգտոնի ու Բրյուսելի,  ինչպես նաև՝  ԻԿԱՕ-ի հետ դադարեցրին բոլոր օդային հաղորդակցությունները թերակղզու հետ: Այս համատեքստում Երևան-Սիմֆերոպոլ չվերթն ոչ միայն հարված կհասցնի Հայաստանի միջազգային հեղինակությանը, այլև քաղաքական բացասական հետևանքներ կունենա Երևանի համար: Կրեմլը, հետապնդելով իր քաղաքական նպատակները,  ևս մեկ անգամ փորձում է օգտագործել Հայաստանի գործոնը: Չի բացառվում, որ պաշտոնական Երևանի նկատմամբ կիրառվել է, իսկ եթե ոչ, ապա հնարավոր է, որ կիրառվի ճնշման մեթոդներ՝ գործադրելով ավանդական քաղաքական ու տնտեսական լծակները Հայաստանին պարտադրելու համար  չեչենների միջոցով օդային կապ հաստատել Ուկրաինայի բռնազավթած տարածքի հետ:

 

Արդյունքում,  միջազգային հանրության աչքերում Երևանը կընկալվի երկիր, որը փաստացի ճանաչել է Ղրիմի միակցումը Ռուսաստանին: Նման հանգամանքը չի կարող անարձագանք մնալ Կիևի կողմից, Ուկրաինան միջազգային հարթակում կդառնա ոչ բարեկամ երկիր և Արցախի հարցում մշտապես կպաշտպանի Ադրբեջանի տեսակետը՝ հրաժարվելով հավասարակշռված և չեզոք պաշտոնական դիրքորոշումից:

  Այս հանգամանքից կփորձի օգտվել Բաքուն՝ Հայաստանին ներկայացնելով որպես անջատական ուժերին աջակցող պետություն: Ադրբեջանին հեշտ կլինի միջազգային ատյաններում Արցախը ներկայացնել բռնազավթած տարածք՝ զուգահեռներ անցկացնելով Արցախի ու Ղրիմի միջև:

 

Այսպիսով, ինչպես հաճախ է պատահում, Ռուսաստանին չի մտահոգում Հայաստանի միջազգային վարկը, ինչպես նաև այն անտեսում է իր դաշնակցի կենսական շահերը: Հետաքրքիր է, որ Երևանը մի քանի տարի է ինչ ապարդյուն փորձում է գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը՝ ուղիղ չվերթ կազմակերպելով Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ: Սակայն,  Ադրբեջանի ռազմատենչ պահվածքի պատճառով (Բաքուն զգուշացնում է, որ հարվածի տակ կառնի Ստեփանակերտ վայրէջք կատարող յուրաքանչյուր ինքնաթիռի) հայկական կողմը չի կարողանում շահագործել Ստեփանակերտի օդանավակայանը:

 

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրները, այդ թվում և  Ռուսաստանն, անարձագանք են թողնում Երևանի նպատակներն ու չեն քննադատում Բաքվի հակամարդկային ու ագրեսիվ հայտարարությունները: Դեռ ավելին,  մեր դաշնակից Ռուսաստանը գերճշգրիտ, ժամանակակից հրթիռային համակարգեր է վաճառում Ադրբեջանին, որոնց միջոցով թիրախի տակ են վերցվում թռչող օբյեկտներն ու հարվածի ենթարկվում, ինչպես եղավ մալայզիական ինքնաթիռի դեպքում:

 

Չեչենական ավիաուղիների օդային ոդիսականը պարզորոշ ցույց է տալիս իր կրտսեր դաշնակցի հանդեպ տածած Ռուսաստանի վերաբերմունքը: Դժվար թե մեր իշխանությունները կարողանան դիմագրավել Կրեմլի պահանջները,  և զիջելով թույլատրել հյուսիս-կովկասյան լեռնականներին օդային ճանապարհ բացել Հայաստանի համար դեպի Ղրիմ: Միակ հույսը մնում է որոշ քաղաքական և հասարական ակտիվ շրջանակների վրա, որոնք հնարավոր է, որ քաղաքացիական ու քարոզչական պայքար կծավալեն այս չվերթի իրականացման դեմ, նպաստելով, որ  Հայաստան հետագայում խուսափի միջազգային բարդություններից: Այս քայլով  Կրեմլը կհասկանա նաև, որ  հայ ազգին  ու նրա կենսական շահերին քամահրանքով վերաբերել պետք չէ:  


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից