2014թ.-ի գարնանից միջազգային արենայում տեղի են ունենում լուրջ իրադարձություններ, որոնք կարող են էապես փոփոխել ուժերի դասավորվածությունն ու աշխարհաքաղաքական նոր հավասարակշռություն մտցնել: Միաբեւեռ աշխարհն արդեն վաղուց պատմության գիրկն է անցել, ուստի անկանխատեսելի մարտահրավերներն անխուսափելի են: Աշխարհաքաղաքական հիմնական ուժերի համար Արկտիկան՝ իր լայնածավալ ջրային ռեսուրսներով ու հաղորդակցության միջոցներով, հանդիսանում է կարեւորագույն գործոն հարաբերությունների հետագա կառուցման առումով:
Երկար ճանապարհ դեպի հյուսիս
Արկտիկական տերիտորիաների յուրացման Ճանապարհին, հյուսիսային ծովային ուղին Ռուսաստանի համար դեռ հնագույն ժամանակներից կարեւոր նշանակություն է ունեցել: Դեռեւս 15-րդ դարում Արկտիկայի արեւմտյան հատվածը ակտիվորեն յուրացվում էր պոմորների կողմից, որոնք Սպիտակ ծովից արշավներ էին իրականացնում մինչեւ Շպիցբերգեն արշիպելագ: Ավելի վաղ՝ 9-րդ դարում, դեպի Կարելիայի ու Կոլայի թերակղզի արշավներ էին կատարում վիկինգները: 16-րդ դարի կեսերին հոլանդացի ծովային Վիլլեմ Բարենցը հյուսիսայի ճանապարհի միջոցով շուրջ երեք անգամ փորձ արեց դուրս գալ Խաղաղ օվկիանոս՝ հասնելով մինչեւ Նոր երկիր արշիպելագ: 1648 թ.-ին Դեժնեւը հայտնագործեց Ասիան Ամերիկա մայրցամաքի հետ կապող Բերինգի նեղուցը, այնուհետեւ՝ Կամչատկան: Սակայն, միայն 1879թ.-ին Հյուսիսային ծովային ուղիով ամբողջությամբ հաջողվեց անցնել ֆինլանդացի Ադոլֆ Նորդենշելդին՝ իր «Վեգա » կետորսական նավով:
1910-1915թթ.-ին «Թայմիր » ու «Բայգաչ» սառցահատները անցան Հյուսիսային ծովը, արեւմուտքից արեւելք՝ հայտնաբերելով Հյուսիսային երկիր արշիպելագը: 1932թ.-ին « Ալեքսանդր Սիբիրյակով » շոգենավը՝ Օտտո Շմիդի գլխավորությամբ առանց կանգառների, ամբողջությամբ կտրեց հյուսիսայի ճանապարհը:
Խորհրդային պետության համար հյուսիսային ծովային ուղին ու արկտիկական ափերի յուրացումը ուներ կարեւորագույն ռազմաստռատեգիական նշանակություն: Հատկապես Հայրենականի տարիներին, երբ այն դարձավ կապող օղակ ԽՍՀՄ-ի ու նրա դաշնակիցների միջեւ: Հենց այս ճանապարհով էին հասցվում ռազմաճակատի համար խիստ անհրաժեշտ ապրանքատեսակները՝ ռազմամթերք, պարեն, ածուխ, վառելիք: Հյուսիսային ծովում ֆաշիստական նավերի ու սուզանավերի դեմ ակտիվ ռազմական գործողություններ էին իրականացնում խորհրդային ու դաշնակիցների ռազմածովային ուժերը:
Սառը պատերազմի տարիներին, սպառազինությունների մրցավազքի պայմաններում, հյուսիսային ափերում արդեն ստեղծվել էին ռազմական բազաներ: ԽՍՀՄ ռազմական դոկտրինայում առաջ էր քաշվում այն թեզը, որ ամենայն հավանականությամբ, պատերազմի դեպքում ԱՄՆ-ը հարված կհասցնի հենց Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի շրջանում: Ուստի հյուսիսայի ծովային ճանապարհի ու Արկտիկայի ռազմաստրատեգիական նշանակությունը չի անտեսում նաեւ ժամանակակից Ռուսաստանը:
2008թ.-ին Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդեւը հաստատեց Արկտիկական ստրատեգիայի մասին փաստաթուղթը, որով խնդիր էր դրվում մոդեռնացնել ողջ ծովային ու ցամաքային ինֆրոստրուկտուրան: Վլադիմիր Պուտինը 2013թ.-ին առաջադրեց զարկ տալ Արկտիկայի զարգացման նախագիծը: Նախատեսվում է 2016-2020թթ.-ին յուրացնել Արկտիկական ցամաքը՝ այն դարձնելով վառելիքի ու հումքի կարեւորագույն աղբյուր: Պուտինի որոշմամբ կառավարությունը ձեռնամուխ է եղել հյուսիսային ափերը պաշտպանող ռազմական ուժերի ու նավատորմի արդիականացմանը: 2014թ.-ին Նովոսոբիրսկում կսկսվի նոր ռազմական բազայի ստեղծումը, իսկ Վրանգելի կղզում կտեղակայվի հակաօդային պաշտպանություն ու նովիգացիոն սարքավորումներ, ավիացիա, որը կամրապնդի Ռուսաստանի դիրքերը ողջ արկտիկական ափերի երկյանքով:
Բազմաբեւեռ իրականություն
2014թ.-ին Ուկրաինայում սկսված իրադարձությունների հետեւանքով Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները կտրուկ վատթարացան: Ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի ու արեւմտյան երկրների փոխհարաբերություններում ձեւավորեց գոյակցության նոր մոդել, որը չի բացառում սառը պատերազմի հավանականությունը: Բնական էր, որ Ռուսաստանը իր անվտանգությունից ելնելով, որոշակի հակակշիռների անհրաժեշտություններից առաջնորդվելով՝ ձեռնամուխ եղավ Եվրաասիական ինտեգրման գործընթացին, որում Մոսկվան կարող է քաղաքական-տնտեսական կենտրոնի դեր ստանձնել:
Մինչ ԽՍՀՄ փլուզումը, երկրագնդում հավասարակշռություն ապահովելու նախապայման են հանդիսացել 1945թ.-ի Պոսդամի Ֆակտն ու 1975թ.-ի Հելսինկյան համաձայնագրերը: Միաբեւռության ու համաշխարհային հեգեմոնի ձգտող ԱՄՆ-ին հակակշիռ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով, Ռուսաստանը նոր դաշնակիցների կարիքն է զգում, առաջին հերթին՝ պետությունների Շանհայական կազմակերպության անդամ երկրների ու Բրիկսի հետ:
Բացի այդ Ռուսաստանը ամրապնդում է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մեջ մտնող երկրների հետ համագործակցությունը ռազմաստրատեգիական բնագավառում: ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին որպես հակակշիռ երկրներ մնում են Ռուսաստանն ու Չինաստանը, ուստի աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումը հնարավոր է հանգեցնի բազմաբեւեռության, ինչը կհանգեցնի ԱՄՆ-ի միջազգային արենայում ունեցած դերի ու ՄԱԿ-ի Ֆունկցիաների վերանայմանը:
Ռազմաստրատեգիական առումով երկրագնդի վրա ձեւավորվում է յուրօրինակ քառանկյունի՝ ի դեմն ԱՄն-ի, Չինաստանի ու Ռուսաստանի, որտեղ յուրաքանչյուրն ունի իր շահերը, դաշնակիցներն ու ազդեցության շրջանակները: Ներկայումս առավել բարվոք վիճակում գտնվում է Չինաստանը, որն արագ տեմպերով զարգացավ սառը պատերազմի տարիներին՝ օգտվելով սովետա-ամերիկյան հակամարտությունից: