Վերլուծական 

Ոտնահարվու՞մ են ջավախահայության իրավունքները, իսկապե՞ս այդքան ողբալի է իրավիճակն այդտեղ

Հայկական լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում Ջավախքին` առանց հստակ պատկերացում ունենալու տվյալ երկրամասին առնչվող խնդիրների մասին: Ջավախքի նկատմամբ լրատվամիջոցների ակտիվությունը հիմնականում ծագում է որոշակի իրադարձությունների պայմաններում ու որպես կանոն երկրամասին առնչվող խնդիրներին տրվում քննադատական մոտեցում, ամեն ինչ ներկայացվում խիստ մռայլ երանգներով:

 

Իսկապե՞ս այդքան  ողբալի է իրավիճակը Ջավախքում: Իսկապե՞ս  ոտնահարվում են մեր հայրենակիցների իրավունքները: Այն, որ Ջավախքը Վրաստանի անբաժանելի մասն է կազմում՝ իրողություն է, իսկ երկրամասի բնակչությունը՝ տվյալ Հանրապետության քաղաքացիներ: Ուստի անհրաժեշտություն կա, որ ջավախքահայերը ինտեգրվեն տվյալ հասարակարգում, եւ մեկընդմիշտ համակերպվեն այն մտքի հետ, որ իրենց բարեկեցությունն ու անվտանգությունը տարածաշրջանում անխախտելիորեն Վրաստանի դիրքերի ամրապնդման հետ է կապված, եւ վերջապես հասկանան, որ իշխանությունների շահարկման ու անձնական բիզնեսի ամրապնդման կոմերցիոն ապրանք չեն:

 

Բոլորովին անհասկանալի է կասկածելի «հայապահպան» կազմակերպությունների գործունեությունը Ջավախքում, որոնք հիմնականում գործիք են Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների ձեռքում: Բարձրաձայնում են մարդու իրավունքների ոտնահարման, ազգային խտրականության, լեզվի, մշակույթի, ճարտարապետական կոթողների պղծման, Ջավախքը հայաթափելու, երկրամասի ազգագրական պատկերը փոփոխելու վրացական իշխանությունների քաղաքականության մասին,  մոռանալով, որ ջավախքահայության հիմնական խնդիրները զուտ սոցիալ-տնտեսական են: Ցանկության դեպքում նրանք եւ՛ մայրենի լեզուն կսովորեն, եւ՛ կվերականգնեն ավերակ եկեղեցիները: Հայ եւ վրացի ժողովուրդը դարերով են ապրել տվյալ երկրամասում, համատեղ պայքարել ընդհանուր թշնամու դեմ ու խմորումներ առաջացնել նրանց միջեւ `դա ընդամենը մեր թշնամու ջրաղացին ջուր լցնել է նշանակում:

 

Որոշ «գործիքների» ամպագոռգոռ հայտարարությունները, որ ջավախքահայերը ճնշումների պատճառով ցանկություն չունեն տիրապետել վրացերենին` առնվազն ծիծաղ է առաջացնում: Պախարակելի չէ տիրապետել սեփական պետության մայրենի լեզուն: Ախալցխայի հայ բնակչությունը փայլուն կերպով տիրապետում է վրացերենին ու դրանից հաստատ չի տուժում, Ախալքալաքում, որը հիմնականում հայաբնակ է, վրացերենին տիրապետում են մասնակի: Օտար լեզվի իմացությունը դեռ չի նշանակում մայրենիի մոռացություն: Կգնանք անգլիական, իսպանական թեքումով դպրոց, կհաճախենք Ամերիկյան համալսարան, բայց վրացերեն իմանալն որոշների կարճ ուղեղով տվյալ երկրի քաղաքացու համար պարտադիր նախապայման չէ: Դե չի ուզում , թող չսովորի, թող էդպես էլ ինքնավստահ կեցվածքով մնա, դեռ ավելին` անընդհատ պահանջներ ներկայացնի:

 

Հարգարժան լրագրողներ, առանձնապես ասուլիսների ու էքսկլյուզիվների սիրահարներ, ջավախքահայերին առնչվող ձեր «սուր» ու քննադատական հոդվածներ գրելու փոխարեն գուցե գեթ մեկ անգամ լինեք Ջավախքում , շփվեք ձեր հայրենակիցների հետ ու չմոռանաք, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող միայն մեկ ցամաքային ճանապարհ ունենք:



Հովիկ Պետրոսյան

Նույն շարքից