Վերլուծական 

Քրդական գործոնի դերի բարձրացման ազդեցությունը տարածաշրջանում

Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքում պեշմերգայի ռազմական հաջողությունները մեծացնում են իրաքյան Քրդստանի ռազմաքաղաքական դերը ամբողջ տարածաշրջանում: Իրաքյան քրդերի հետ սերտ հարաբերություններ են ստեղծում ոչ միայն իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարող կոալիցիոն ուժերը, այլև Իրանը, Իսրայելը և անգամ Թուրքիան: Անկարային տնտեսապես ձեռնտու է իրաքյան Քրդստանի անկախացումը, այսօր հյուսիսային Իրաքի նավթը քրդերը շրջանցելով Բաղդադը,  մաքսանենգ ճանապարհով արտահանում են Թուրքիա, որտեղ նավթի հիմնական գնորդ է հանդիսանում Իսրայելը: Անկարան օգտվելով իր տնտեսական հզորությունից և ստեղծելով առևտրային  սերտ կապեր Էրբիլի հետ՝ ձգտելու է իր ազդեցության տակ առնել Քրդստանը:

 

Սա թույլ կտա պեշմերգային հեռու պահել Քրդական բանվորական կուսակցության մարտիկներից և նվազեցնել  Թուրքիայում բնակվող եղբայրակիցներին ուղղված իրաքյան քրդերի աջակցությունը: Բացի այդ,  Անկարան ստիպված է լինելու սիրաշահել վերջիններիս, որպեսզի նրանք չդաշնակցեն Թեհրանի հետ,  այլ դառնան կարևոր պատվար Իրանի ու Սիրիայի միջև՝ նման ճանապարհով փորձելով մասնատել շիիթական միջանցքը: Թուրքիան դեմ չէր լինի, որպեսզի  Իրաքին սահմանակից և հիմնականում քրդերով բնակեցված Իրանի սահմանամերձ շրջաններում ծայր առնեն անջատական շարժումներ: Այն կարող է ունենալ դոմինոյի էֆեկտ ու տարածվել  Արևմտյան ու Արևելյան Ադրբեջանի նահանգներում, որը մեծ գլխացավանք կդառնա Թեհրանի համար:

 

Իրանը,  հանդիսանալով բազմազգ պետություն,  երկրի ներսում ձևավորել է ազգային ու կրոնական փխրուն հավասարակշռություն, իսկ անջատական շարժումները կարող են տնտեսապես ու քաղաքականապես ցնցել երկիրը: Սակայն նման արդյունքների  հասնելու համար Անկարայից կպահանջվեն  հսկայական ջանքեր ու երկար ժամանակ:

 

 Ներկայումս իրաքյան քրդերը պայքարում են իսլամիստ ծայրահեղականների դեմ, որոնք հանդիսանում են Իրանի և Սիրիայի թշնամիները: Իրանի  զինված ջոկատները իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում աջակցում են սիրիական կառավարական ուժերին: Իր հերթին Թել Ավիվը նույնպես ցանկանում է ստեղծել ամուր կապեր քրդերի հետ, Իսրայելն իր ստեղծման առաջին իսկ օրվանից ձգտել է իսլամական աշխարհում ունենալ վստահելի դաշնակից, որին կհաջողվեր զսպել ու հակազդել արաբական երկրների հակաիսրայելական քայլերը:

 

Մերձավոր Արևելքում Իսրայելի գլխավոր դաշնակից է  համարվում  Թուրքիան, բայց Էրդողանի իշխանության գալուց հետո անշեղորեն վատթարացան թուրք-իսրայելական հարաբերությունները: Այս պայմաններում Իսրայելի համար կարևոր նշանակություն է ունենում քրդական գործոնը: Այսօրվա իրաքյան իշխանություններն այնքան թույլ են, որ չեն կարողանում միջամտել Էրբիլի ծավալած արտաքին քաղաքականությանը: Իրաքյան նավթը քրդերի կողմից Թուրքիա արտահանելն ու այնտեղ վաճառելը մեծ դժգոհություն է առաջացնում Բաղդադում, սակայն Անկարան ոչ միայն հաշվի չի նստում Բաղդադի հետ, այլև   ընդհակառակը,  Թուրքիայի վարչապետն այցելելով իրաքյան քրդստան,  խոստանում է շարունակել զինտեխնիկայի տրամադրումն և թուրք զինվորական մասնագետների միջոցով վարժեցնել քրդական բանակը:

 

Այս ամենով հանդերձ՝ իրաքյան քրդերի գլխավոր ռազմաքաղաքական գործընկերն է հանդիսանում Վաշինգտոնը: ԱՄՆ-ն դեռ Սադամ Հուսեյնի օրոք ցանկանում էր ստեղծել Իրաքում անկախ քրդական պետություն: Այդ ցանկությունների պատճառով քրդերն Հուսեինի կողմից ենթարկվեցին քիմիական զենքի հարձակման ու էթնիկ զտումների: Միջազգային հանրության համար պարզ է, որ քաղաքական քարտեզի վրա անկախ քրդական պետության ի հայտ գալը միայն ժամանակի հարց է,   այն անվերապահորեն ճանաչվելու է  միջազգային համայնքի կողմից: Քրդական գործոնը կարևոր դեր է խաղալու Մերձավոր Արևելքում և այս հանգամանքը հաշվի առնելով՝  տարածաշրջանում կարևոր խաղացողները ձգտելու են իրենց ազդեցության տակ առնել քրդերին: Ահմեդ Դավութօղլուի  այցը Քրդստան հանդիսացավ այդ պայքարի սկիզբը: 



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից