Երբ խոսվում է Հայաստանում Բոլոնյան գործընթացի մասին, առաջանում է շատ կարեւոր մի հարց. «ու՞մ է այն ձեռնտու»: Ո՞րն է Բոլոնյան համակարգի իմաստը, եւ ո՞վ է դրանից շահում:
Եվրոպական միասնական կրթության մտահղացումը առաջին հայացքից գայթակղիչ է, միասնական ծրագրեր ու դիպլոմներ, որոնք ընդունվել են տարածաշրջանում: Բայց առնվազն ֆանտաստիկայի ժանրից կլիներ համադրել դրանք, ասենք, Անժուի համալսարանի ու ԵՊՀ-ի դեպքում: Օրինակելի ուսանողը կարող է շարունակել ուսումը Եվրոպական համալսարանում, այնուհետեւ մասնագիտական աշխատանքի անցնել, բայց դա հնարավոր էր նաեւ այն ժամանակ, երբ չկար բակալավր-մագիստրատուրա ջրբաժանը, կամ գնահատման 20 բալանոց սիստեմը:
ԱՊՀ երկրներում, ի տարբերություն Եվրոպական երկրների, կրթական համակարգը զարգացել է այլ ուղիով, գտնվելով պետական կառավարման իրավասության տակ, գործել են միասնական կրթական ծրագրեր ու մեթոդաբանությունն էլ հաստատություններում նույն սիստեմով է անցկացվել: Եվրոպայում պատկերն այլ է` պետության վերահսկողությունը գրեթե բացակայում է, յուրաքանչյուր երկրամասի, նույնիսկ քաղաքի կրթական հաստատությունները իրավասու են ունենալ սեփական կրթական ծրագրեր: Այն, որ Բոլոնյան նորամուծությունները ոչ միանշանակ են ընդունվում պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների կողմից իրողություն է: Նախ բակալավրիատում սովորում են 3-4 տարի, իսկ Հայաստանում դժվար գտնվի այնպիսի բարձրագույն ուսումնական հաստատություն, որը կկարողանա 4 տարում, կրթության որակը չգցելով, երկիրը ապահովել որակավորված մասնագետներով:
Բոլոնյան սիստեմը կիրառելուց առաջ մեր չինովնիկները գուցե մոռացել են դպրոցի ու բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ եղած անջրպետը: Եվրոպական երկրներում համալսարան ընդունվելուց առաջ հաղթահարում են եւս մեկ աստիճան՝ լիցեյներ ու քոլեջներ, քանի որ դպրոցի ու համալսարանի մեթոդաբանության ու ծրագրերի միջեւ ճեղքվածքն ակնհայտ է: Բոլոնյան համակարգը թույլ է տալիս բակալավրիատն ավարտելուց հետո ուսումը շարունակել մագիստրատուրայում, իսկ այնուհետեւ Եվրոպական ցանկացած բուհում: Իրականում դա շղարշ է, ամբողջապես անցում ուսուցման վճարովի համակարգին: Ուսանողը ինքնաբերաբար հայտնվում է երկընտրաքի առջեւ՝ սահմանափակվել բակալավրիատով՝ զրկվելով աշխատանքային շուկայում լիիրավ ինքնադրսեւորվելու միջոցից, կամ վճարել մագիստրատուրայում՝ ուսումը շարունակելու համար:
Իսկ Եվրոպայում ուսումը շարունակելու համար անհրաժեշտ է 3-5 հազար եվրո: Նման համակարգի ներդրումը, ինչպես մեր կրթության նախարարն էր ասում, ունի խորը քաղաքական իմաստ: «Իհարկե ունի», քանի որ մարդու մոտ կորչում է ամբողջի մասին պատկերացումը: Համաշխարհային պատմության առարկայի անհրաժեշտ բալերն ու կրեդիտները հնարավոր է հավաքել ընդամենը անգիր անելով բուրգերի պատմությունը: Իսկ անգիտակ մարդու մոտ բացակայում են աշխարընկալման հիմունքները, ուստի նրան հեշտությամբ կարելի է մանիպուլյացիայի ենթարկել: Բոլոնյան ուսուցմամբ գնահատվում է ուսանողի ընդհանուր մակարդակը, շահում է միայն միջակ ուսանողն ու դասախոսը:
Նման ուսուցումը շահավետ է իշխանությանն ու շուկային, երբ ոմանք հնարավորություն կունենան սովորել ամենաբարձրորակ ուսումնական հաստատություններում ու տիրապետել անհրաժեշտ ինֆորմացիայի, իսկ մյուսները ուսուցումը կշարունակեն համալսարանի ստատուս ստացած անորակ տեխնիկումներում:
Կրթության նախարարի կարծիքով՝ Միավորված Եվրոպայի ստեղծումը՝ միասնական քաղաքական, տնտեսական, սոցիալական դաշտով անհնար է առանց միասնական կրթական տարածքի: Գաղտնիք չէ, որ մեր կրթության ոլորտը դարձրել են մի մեծ լաբորատորիա, որտեղ կատարվում են զանազան փորձեր` առանց նախապես մտածելու դրանց հետևանքների մասին: Ահա այսպես՝ տարիներ առաջ մեզ պարտադրեցին Բոլոնյան համակարգը` իր աբսուրդ տրամաբանությամբ, որտեղ աշակերտը գնահատվում է ոչ թե ունեցած գիտելիքների, այլ` խաչուփաչների հաշվարկով, որը շատ հաճախ կարող է հիմնված լինել պատահականության վրա: Այսպես պատահականորեն էլ աշակերտները ավարտում են դպրոցը, վարժեցված մինուս-պլյուսներով ընդունվում ԲՈՒՀ-եր և դառնում վարժեցված մասնագետներ: Իրականում Բոլոնյան կրթությունը մեր կրթահամակարգում ներարկված դանդաղ ներգործության թույն է: Սակայն, կյանքը բումերանգ է, ու երբ կառավարող էլիտան քանդում է կրթական համակարգն ու նվազեցնում ընդհանուր մակարդակը, ապա մի գեղեցիկ օր այն վերադառնում է իրենց երեխաներին: Այն, որ Արեւմուտքում յուրաքանչյուր նոր սերունդ գնալով դառնում է պրիմիտիվ ու անարժեք՝ ակնառու է: Քենեդուն ու Նիքսոնին փոխարինում են Բուշն ու Օբաման, պետդեպարտամենտում իր մտքի թռիչքներն է իրագործում Պսակին: Ահա նրանք են ժամանակակից աշխարհի այն գործիչները, ովքեր ընդամենը մարիոնետներ են նրանց մոտ, ում ձեռքում են գիտելիքներն ու երկրի ռեսուրսները: Բոլոնյան կրթության համակարգը հենց այսպիսի՝ մարիոնետի, կամազուրկի ճանապարհ է հարթում: Ուստի, անհրաժեշտ է ընտրել այնպիսի ուղի, երբ մարդն ազատ կարողանում է իրագործել իր ծրագրերն ու նպատակները, հաղթահարել դժվարությունները, իր համար կարողանում է ընտրել այնպիսի ուսուցիչներ ու դասախոսներ, ովքեր կզարգացնեն կամքն ու տոկունությունը, բազմակողմանի գիտելիքներ կտան նրանց:
Հ.Գ. Մաքսային միության անդամ երկրներ՝ Ռուսաստանն ու Ղազախստանը նույնպես Բոլոնյան համակարգի լիիրավ անդամ են: Սակայն, Ռուսաստանում սահմանափակվում են միայն միջբուհական դիպլոմների փոխանակմամբ: Վերջին աշխարհաքաղաքական զարգացումներն ապացուցում են, որ վերոհիշյալ կրթահամակարգը ընդհանրապես չի տեղավորվում Եվրաասիական ինտեգրման շրջանակներում, եւ մի գեղեցիկ օր հավանական է՝ հայտնվի աղբանոցում: Նման պարագայում մեր իշխանավորները արդյոք պատրաստ են ընդունել առողջ նախաձեռնություններ, թե կրկին կշարունակեն իրենց լաբորատոր փորձերը:
Հովիկ Պետրոսյան