Վերլուծական 

Ռուսաստան-Արևմուտք հակամարտության հաղթանակած կողմը Թուրքիան է

Ռուսաստանի կողմից «Հարավային հոսք» նախագծից հրաժարման քաղաքական որոշումը լուրջ իրարանցում առաջացրեց միջազգային քաղաքական ասպարեզում: Ռուսական գազը դեպի Արևելյան Եվրոպայի փոխարեն Թուրքիա արտահանումը, մեծ հաշվով, հանդիսացավ Մոսկվայի ու Բրյուսելի խոշոր մարտավարական անհաջողությունը: Ըստ Կրեմլի՝ Ռուսաստանն այլևս չէր կարող հանդուրժել Եվրահանձնաժողովի ապակառուցողական պահվածքն ու Բուլղարիայի չեզոք կեցվածքն ու ստիպված էր «Հարավային հոսք» նախագիծը փոխարինել «Երկրնագույն հոսքով», որի շնորհիվ տարեկան 50մլրդ խմ3 գազ կարտահանի Թուրքիա: Գործընթացների նման կտրուկ փոփոխությունը կարելի է համարել թուրքական դիվանագիտության փայլուն հաղթանակ:

 

Օգտվելով երկրի բարենպաստ աշխարհագրական դիրքից՝ Անկարան վարում է կրկնակի խաղ, մի կողմից քննադատում է Կրեմլի վարած արտաքին քաղաքականությունը,Ղրիմի բռնակցումն ու Դոնբասում ստեղծված իրավիճակը, մյուս կողմից՝ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի հանդեպ, քանի որ կկրի հսկայական վնասներ: Անկարան մշտապես ձգտել է դառնալ Եվրոպայի համար էներգառեսուրսների տարանցիկ կարևորագույն երկիր: Այս նախագծով Թուրքիան ոչ միայն դառնում է էներգակիրների գլխավոր տարանցիկ երկիր, որը մեծացնելու է նրա տնտեսական դերակատարությունը Եվրոպայում, այլև ուժեղանալու է Անկարայի աշխարհաքաղաքական ազդեցությունն այնպիսի վտանգավոր ու պայթյունավտանգ տարածաշրջանում, ինչպիսին Բալկաններն է:

 

Անկարան գիտակցելով, որ այս նախագիծը քաղաքական ու տնտեսական հսկայական դիվիդենտներ կբերի Թուրքիային, անգամ ստորադասեց իր եղբայրակից Ադրբեջանի շահերը: Վ. Պուտինի արած հայտարարությունն այնպիսի ազդեցություն ունեցավ, որ ոչ ոք չհիշեց վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Տրանսանատոլիական նախագծի համաձայնագիրը, որի արդյունքում ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով պետք է արտահանվեր Եվրոպա:

 

Սակայն, երկնագույն հոսքի շնորհիվ ռուսական գազը հասնելով Թուրքիայի եվրոպական հատված՝ ուղղվելու է դեպի Հունաստան ու հարավեվրոպական այլ երկրներ: Այս նախագիծը մշուշոտ է դարձնում Բաքվի երազած գազային ծրագրի իրագործումը: Այս պայմաններում թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը կախվածության մեջ են ընկնելու Անկարայից: Էրդողանն օգտվելով բարենպաստ իրավիճակից՝ տնտեսական լծակներն օգտագործելու է քաղաքական նպատակներին հասնելու համար: Դա ցայտուն երևում է արդեն իսկ այսօր, Թուրքիան չբավարարվելով Ռուսաստանի կողմից գազի սակագնի 6% նվազեցման հետ՝ ցանկանում է ստանալ ավելի մեծ զեղջեր: Կրեմլը վաղ թե ուշ ստիպված է լինելու հաշվի նստել իր առևտրատնտեսկան երկրորդ խոշոր գործընկերոջ ցանկության հետ:

Չնայած երկու երկրների տնտեսական աննախադեպ մերձեցմանն ու այս պետություններում հակաարևմտյան տրամադրությունների առկայությանը, Անկարան և Մոսկվան չեն դառնա ռազմավարական գործընկերներ: Անկարան չի հրաժարվի թուրք-ամերիկյան ավանդական հարաբերություններից հանուն Ռուսաստանի, քանի որ երկու երկրները հանդիսանում են անհաշտ մրցակիցներ: Թուրքիան կարող է հաշտվել Ղրիմի բռնակցմանը, սակայն երբեք չի հրաժարվի Բալկաններում ու Մերձավոր Արևելքում վարած քաղաքականությունից, որը հակասում է Ռուսաստանի շահերին: Բացի այդ, եթե Թուրքիան անգամ փորձի քաղաքական առումով մերձենալ Կրեմլին, ապա ԱՄՆ-ի թեթև ձեռքով երկրում ի հայտ կգան հասարակական ու սոցիալական հուզումներ, իսկ քրդական շրջանակներում կակտիվանան անջատական շարժումները:

 

Այս իմաստով Անկարան կշարունակի ամրապնդել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, սակայն կշարունակի մնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը: Ռուս-թուրքական գազային համաձայնագիրն ինչքան շահավետ ու օգտակար է Անկարային, այնքան ձեռնտու չէ Բրյուսելին: Վերջինս չկարողացավ կասեցնել եվրոպական շուկայում ռուսական էներգակիրների ծավալների մեծացմանը: Մոսկվան Եվրոպա է ներթափանցում ՝ ուժեղացնելով Թուրքիայի քաղաքական կշիռը միջազգային ասպարեզում: Այս իրավիճակում եվրասկեպտիկներն ու աջ ծայրահեղ քաղաքական ուժերը խստորեն կքննադատեն Բրյուսելին՝ մեղադրելով նրան հասարակ եվրոպացիների շահերի անտեսմանն և ԱՄՆ-ի քաղաքական ամբիցիաների սպասարկման մեջ: Քաղաքական ու տնտեսական անկայուն վիճակը կշարունակի նվազեցնել Բրյուսելի վարկանիշը Եվրոպայում, որը հանգեցնելու է նրա դերակատարության թուլացմանն այլ տարածաշրջաններում: Ստեղծված իրավիճակը բխում է Անկարայի շահերից, Թուրքիան օգտվելով Ռուսաստան-Արևմուտք հակասություններից, քաղում է հսկայական օգուտներ: Անկարան կշարունակի որդեգրած հմուտ ու խելացի քաղաքկանությունն ի շահ իր երկրի:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից