Հայաստանից Ռուսաստան միգրանտների հոսքը կարող է կրճատվել` կախված Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետ: Օրերս ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կարծիք էր հայտնել, որ ուկրաինական ճգնաժամի հետևանքները դեռ երկար կզգացվեն, կխորանա նավթի գնի անկումը և այդ ամենը կհանգեցնի տնտեսության լճացման և աշխատուժի պահանջարկի անկման: Եվ որ ամենակարևորն է` դրանից կտուժեն նաև Հայաստանից ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտները:
Իսկապես, ի՞նչ դժվարությունների կբախվեն նրանք` զրկվելով հիմնական աշխատանքից: Արդյոք սոցիալական ավելի ծանր վիճակում չե՞ն հայտնվի վերջիններս` մնալով Հայաստանում:
Analitik.am-ը վերոնշյալ հարցերի շուրջ զրուցեց սոցիոլոգների հետ:
Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները թեև կստիպեն շատ միգրանտների մնալ հայրենի երկրում, բայց դրանում սարսափելի ոչինչ չկա: Նրա խոսքով, Հայաստանը լավ հնարավորություն ունի գյուղատնտեսական ոլորտում և կարող է գյուղմթերքները վաճառելով միջինից բարձր գներով վերականգնել իր սոցիալական վիճակը:
Ավելին` զրուցակցիս վարդագույն պատկերացումները հայ-ռուս համագործակցության արդյունքում, սահմանափակվում են նրանով, որ այդուհետ մենք ձերբազատվելու ենք ցանկացած սոցիալական խնդիրներից. «Եթե ռուսական կապիտալը մտավ Հայաստան, իհարկե, արտագաղթը կկրճատվի, սննդամթերքների արտադրությունը կվերականգնվի, մարդիկ հող կմշակեն, բերք կստանան, անասնապահությունը կզարգանա…»:
Հարցին` թե այդ դեպքում միգուցե կայունանա գյուղացու վիճակը, բայց ի՞նչ անեն քաղաքաբնակները, եթե այստեղ աշխատանք չկա: Սոցիոլոգը համաձայնեց, որ իսկապես, քաղաքում աշխատանք չկա, խնդիրներն ավելի շատ են, և մարդիկ կբախվեն որոշակի դժվարությունների:
Յուլյա Մելքումյանի խոսքով, առաջին ժամանակահատվածում միգրանտների վիճակը բնականաբար կծանրանա, բայց գյուղական համայնքներում, իրականացվելիք գյուղացիական ծրագրերի շնորհիվ, ամեն ինչ կկարգավորվի: Երևանում նույնպես, ըստ սոցիոլոգի, ժամանակի ընթացքում աշխատատեղեր կբացվեն, կիրականացվեն տարբեր ծրագրեր.«Երևանում լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում, մարդիկ կաշխատեն և հուսանք` սոցիալական վիճակը շատ չի ծանրանա: Չի բացառվում, որ մեկ-երկու տարի ճգնաժամային լինի, բայց, կարծում եմ, Հայաստանը ունի ներուժ և կարող է ոտքի կանգնել»,-նշեց տիկին Մելքումյանը:
Ռուբեն Եգանյանն իր խոսքում նշել էր նաև, որ միգրանտների հոսքը կարող է մի փոքր ավելանալ դեպի Ղազախստան. «Եվրոպա մեկնել նրանց չի հաջողվի, նրանց այնտեղ ոչ ոք չի սպասում: Այնպես որ մեր հայրենակիցների այդ խումբը կարող է բախվել լուրջ դժվարությունների: Նրանք կարող են մասամբ փոխել իրենց երթուղին դեպի Ղազախստան, եթե Ռուսաստանի տնտեսական անկումը այդ երկրին չհասնի»:
Ըստ Ադիբեկյանի, Ղազախստանը նույնպես լավ տարբերակ է, և այն միգրանտները, ովքեր պոտենցիալ գնացողներ են (նրանք, ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի 42 տոկոս են կազմում), չեն մնա տեղում` կգնան Ղազախստան:
«Արտագաղթը կլանում է միգրանտներին, սահմանների բացումը էլ ավելի կհեշտացնի այդ երևույթը»:
Տնտեսական ճգնաժամը, որը սկսվեց դոլարի կտրուկ թանկացումով, դեռ երկար իրեն զգացնել կտա: Խնդիրը միայն միգրանտների կրճատումը չէ: Այս օրերին, Ռուսաստանում ապրող և աշխատող հայերը չեն կարողանում ռուբլու փոխարեն դոլար ուղարկել Հայաստան, քանի որ դոլարը Ռուսաստանում ավելի թանկ է:
Օրերս, գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ևս ընդգծել է, որ մեր տնտեսությունը սովոր չէ նման արագ փոփոխությունների, ինչը կարող է հանգեցնել կորուստների , ընդհուպ պետության սոցիալապես պառակտման, որին, ի դեպ, Հայաստանը պատրաստ չէ. «Ժամանակն այնպիսին է, որ դոլարի արժևորում է գնում աշխարհում, որին զուգահեռ Ռուսաստանի տնտեսությունը վատանալու է», նշել է Գ. Մակարյանը:
Հ.Գ. Տարին դեռ չի ավարտվել, իսկ տարեվերջի հետ դրական հույսեր են կապում շատ գործարարներ և առևտրի ոլորտի ներկայացուցիչներ: Թե ինչ կլինի մինչև տարեվերջ, «կորոշի» դոլարի կուրսը:
Հասմիկ Մովսիսյան