Պետական կառավարման համակարգն ու նրան սպասարկող վերնախավը հանդես գալով ժողովրդավարության, իրավական եւ սոցիալական դաշտում բարեփոխումների պատրաստակամությամբ՝ փորձում է ստեղծել տպավորություն, որ ամեն ինչ, ամեն մի անհեթեթ բան արվում է երկրի ու ժողովրդի անունով՝ հանուն երկրի ու ժողովրդի: Իշխանությունները մերժելով մենաշնորհների իրողությունը, միարժամանակ «պաշտպանում», են տնտեսվարող սուբյեկտներին ու շարքային սպառողներին տնտեսական մրցակցության չարաշահումներից՝ այդպիսով ընդունելով արտոնյալ դիրք ունեցող սուբյեկտների առկայությունը:
Պարտադիր կենսաթոշակայինի ներառմամբ ապահով ծերություն «ապահովելու», իրականում՝ աշխատունակ երիտասարդության դեմ ուղղված ռեկետի հետ միարժամանակ «կրճատվում» է գործազուրկների թիվը՝ զրկելով նրանց 18 հազար դրամ թոշակից, «բարեկեցիկ» բնակչության նվազագույն աշխատավարձը սահմանելով 45 հազար դրամ, միարժամանակ աչքատող չեն արվում մեր «անապահով» պատգամավորներն ու պաշտոնյաները: Ինչպե՞ս չբարձրացնել նրանց աշխատավարձը, երբ նրանց մեծ մասը բուռն խանդավառությամբ ընդունում է ժողովրդի շահերն ոտնահարող օրենքներ: Հայտնվել ենք մի իրավիճակաում, երբ հասարակության ծայրահեղ բեւեռացման ու տնտեսական-քաղաքական համակարգի ոչ ադեկվատությունը կարող է շատ մոտ ապագայում հանգեցնել հեղափոխական մթնոլորտի: Անկախ այն բանից, թե ով կստանձնի ժողովրդական շարժման առաջնորդի պատասխանատվությունը, անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ հեղափոխություն անում է հասարակ ժողովորդը, որ հիմնական նպատակը գործող համակարգի փոփոխումն ու արդարության վերականգնումն է: Իսկ Հայաստանի քաղաղաքական համակարգի իշխանական ու ընդդիմադիր ճամբարները դեռեւս պատրաստ չեն արմատական վերափոխությունների:
Եթե իշխանությունները կորցրել են ներքաղաքական պայթունավտանգ իրավիճակի ռեալ գնահատման կարողությունը, ապա ընդդիմությունը նույնպես չի շտապում օգտվել իրավիճակն ադեկվատ գնահատելու ընձեռված հնարավորությունից: Նախ, միասնական ուժերով նոր ու արդար երկիր հիմնելու, ազգային վեհ գաղափարներներով հանդես եկող ուժերը ինչպե՞ս կարող են «հեղափոխություն» անել՝ իրենց շարքերում ունենալով այնպիսի կերպարներ, որոնք իրենց վարքով, հարստությամբ ու գործունեությամբ չեն տարբերվում իշխանավորներից ու օլիգարխներց: Պարզվում է, կարող են…Իրավիճակում երբ, ներքաղաքական համակարգում առկա են աղտոտված, մասամբ աղտոտված ու դեռ չաղտոտվել գործիչներ, առաջնային է ոչ թե տիրապետող վերնախավի կամ կլանի փոխարինումը մեկ այլ վերնախավով, այլ ողջ համակարգի փոփոխությունը:
Ներկայիս վերնախավում ներառվում են ոչ միայն գործող համակարգի ներկայացուցիչները, այլ նաեւ այն կուսակցությունների ղեկավար մասը, որ մասնակցում են ներկայիս պետական կառավարմանը, նպաստում դրան, մասնակցում ընտրական գործընթացներին: Ուստի ժողովրդական պայքարի աշխուժեցման պայմաններում, առաջնային է դառնում հասարակության առողջ շերտերի համախմբման անհրաժեշտությունը, իսկ թե ինչ դրոշի ներքո կլինի հեղափոխությունը դա արդեն երկրորդական հարց է: Արտախորհրդարանական ուժերն ու հասարակության զգալի մասը իրավիճակի փրկությունը տեսնում է իր հավաքական ամբողջության մեջ, որպես այլընտրանք ընդունում այն տարբերակը, որ ավելի մոտ է կանգնած մարդկային արդարության այն մոդելին, որ իրական ժողովրդավարական հասարակության, նրա անդամների իրավունքների, շահերի հավասարության ու պաշտպանվածության հնարավորություն կտա, եւ ինչպես կյանքն է ցույց տալիս, իրենց ակտիվ նախաձեռնություններով նրանք քայլ առ քայլ մոտենում են դրան:
Հովիկ Պետրոսյան