Վերլուծական 

Ո՞վ է երրորդ ուժը

analitik.am

Ովքե՞ր են կազմակերպել հարձակումներն ազատամարտիկների և Արամ Մանուկյանի վրա: Սույն հարցը վերջին շրջանում ամենաշատ տրվողներից է: Բոլոր հանցագործություններ դեռևս բացահայտված  չեն: Միանշանակ տարբեր  եզրահանգումներ  կարելի է անել, սակայն ստույգ տեղեկությունների ու փաստերի բացակայության պայմաններում բոլոր այդ  վերլուծությունները մնում են  սոսկ ենթադրությունների մակարդակում:


Ենթադրությունների մակարդակում է գտնվում նաեւ ՀԱԿ գործիչների այն պնդումները, թե  ձեռագիրն իշխանությանն է, եւ հենց նա էլ հանցագործությունների պատվիրատուն է: Կոնգրեսն իր տարածած հայտարարության մեջ կատարվածի մեջ մեղադրում է Սերժ Սարգսյանին: «Կուլմինացիայի հասած հասարակական ըմբոստության եւ իշխանությունը կորցնելու վախի պայմաններում Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբը, այլեւս զրկված քաղաքական պայքարի ունակությունից ու մեթոդներից, ապավինել է ավազակաբարո գործելակերպի ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական առումով անցնելով անթույլատրելիության բոլոր սահմանագծերը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում։

 


 ՀԱԿ-ից այս հայտարարությունից առաջ  գրեթե նույնաբովանդակ հայտարարություն արդեն իսկ տարածվել էր Համաժողովրդական շարժման կողմից: Այս անգամ մեղադրանքների սլաքներն ուղղված էին ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ: Ակնհայտ է, որ հանցագործությունների բացահայտման շահագրգիռ կողմը հենց առաջին  միջադեպից սկսած եղել է  Վլադիմիր Գասպարյանը: Սրա վառ ապացույցը վերջինիս որոշումն էր՝ հայտարարել նկատողություն «ականջներ կտրող» Լեւոն Երանոսյանին:


Այն, որ Հայաստանում հարցերն արյունով ու զոռբայությամբ լուծելու ժամանակները վաղուց անցել են, համակարգի ղեկավարման առաջին օրն հայտարարել էր Վովա Գասպարյանը: Ոստիկանապետի այս վստահեցումից հետո իհարկե հանցագործություններ եղան, շարունակվեցին նաեւ հարցերն արյունով լուծելու «հին ու բարի» ավանդույթները: Բայց միեւնույն ժամանակ հստակ է, որ Վլադիմիր Գասպարյանը արկածախնդիրներին պատժելու եւ հասարակական ու քաղաքական ցնցումներ թույլ չտալու հարցում անփոխարինելի է: Հիշենք, թերեւս նախորդ տարվա  նախագահական ընտրություններից հետո Հայաստանում զարգացած հետընտրական զարգացումները: Հասարակական ընդվզումը, որը բնականաբար երկիրը թուլացման կարող էր տանել, կանխվեց հենց ոստիկանապետի ճկուն եւ հավասարակշռված գործունեության արդյունքում: Ծիծեռնակաբերդի բարձունքում մոմեր վառվեցին…հետընտրական կրքերը մարեցին:


Հիմա Համաժողովրդական շարժումը հայտարարում է, թե եթե հանցագործությունները չբացահայտվեն, ապա Ոստիկանապետի հրաժարականի պահանջը դառնալու է այդ շարժման գլխավոր նպատակը: Ստացվում է՝  տեղի ունեցող հանցագործությունները նախ եւ առաջ Վլադիմիր Գասպարյանի դեմ են եւ չեն բխում վերջինիս շահերից: Հետեւաբար եզրակացությունները, թե ոստիկանները հակված չեն հանցագործներին հայտնաբերել եւ պատժել, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում:Հաջորդ վարկածը, թե այս ամենի հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանը, եւս կամաց-կամաց հերքվում է: Նախ այն պատճառով, որ հիշյալ անձինք Սարգսյանի համար լուրջ վտանգ չեն ներկայացնում:


Հետեւաբար, առայժմ տրամաբանական է մնում ՀՀԿ-ական որոշ գործիչների այն տեսակետները, թե հարձակման պատվիրատուն երրորդ ուժն է, որի ցանկությունն է լարել իշխանություն- ըննդիմություն հարաբերությունները:


Հ.Գ. Մնում է միայն հասկանալ, թե ո՞ւմ է ձեռնտու իշխանություն-ընդդիմություն լարվածությունը՝ ամենայն հավանականությամբ այն ուժին, որի խաղաքարտերը խառնվել են այն պահից սկսած, երբ ընդդիմությունը սկսել է  շեղվել նախնական սցենարից, իսկ իշխանությունն էլ գուցեև պատրաստ է քննարկել ընդդիմության  նոր սցենարը:



Ա. Սերոբյան

Նույն շարքից