Վերլուծական 

Մերօրյա «թթվածնի»` ինտերնետի սահմանափակումներն Իրանում

Պարսկերեն կայքերի թվաքանակն աճում է նույնքան արագ, ինչքան իրանցի օգտատերերի թիվը: Մի կողմից այս ցուցանիշներն ամբողջությամբ հերքում են արդի աշխարհում իսլամական հանրապետության հետամնացության և մեկուսացման մասին դատողությունները, մյուս կողմից էլ ամբողջովին ինտերնետացված է Իրանը, ճիշտ նույն ձևով, ինչպես մյուս պետությունները, և ստիպված է սեփական երկրում վերահսկել այն:  Ընդ որում, անհրաժեշտ է անմիջապես ընդգծել երկու հանգամանք՝ նախ  ինտերնետը վերահսկելու ձգտումը համաշխարհային միտում է: Երկրորդ՝ այս ուղղությամբ կիրառվող միջոցները հետապնդում են սեփական տեղեկատվական և ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակ:



Իրանում ինտերնետի սահմանափակման փաստն արժանանում է Արևմուտքի խիստ քննադատությանը՝ որպես քաղաքացու տեղեկատվության և շփման ազատության իրավունքի խախտում։ Սակայն,  Իրանն ունի իր պարզաբանումներն ու տեսակետները:



Դեռևս 1992-ին սահմանակից Իրանը դարձավ Մերձավոր Արևելքում երկրորդ երկիրը (Իսրայելից հետո), որը միացավ ինտերնետ ցանցին:

 

Արդեն 1995-ին համացանցը հասանելի դարձավ բոլոր քաղաքացիներին (առաջին հերթին իրանական բուհերի ուսանողներին): Եթե 2001-ին հարյուր իրանցի բնակչից 2-3-ն էր համացանցի օգտատեր, ապա 2005-ին արդեն նրանք 8-ն էին, իսկ 2012-ին այդ թիվը հասավ 16-ի։ Ամբողջ Ասիայի համար, ներառյալ Հնդկաստանը և Չինաստանը, միջին ցուցանիշը 23 մարդ է։

 

2001-ին մայիսին Իրանի ներկայիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրամանագիր էր ստորագրել, որը կրում էր   «Համակարգչային ցանցերի քաղաքականություն» անվանումը: Այդ փաստթղթում հրահանգ էր տրվում տեղեկատվական ցանցերը հասանելի դարձնել միայն լիազորված անձանց միջոցով։
Իրանի օրենսդրության պահանջով, բոլոր ինտերնետ-մատակարարները պետք է կառավարությունից արտոնագիր ստանան։
Ուշագրավ է, որ Իրանում հանցագործություն է համարվում իսլամական արժեքներին, սահմանադրությանը հակասող կամ վիրավորող, երկրի ազգային միասնությունը սպառնալիքի տակ դնող, ապօրինի կազմակերպությունների դրական իմիջ ստեղծող, գաղտնի տեղեկատվությունը հրապարակող, ծխելու գովազդ պարունակող, պաշտոնատար անձանց վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածող նյութերի հրապարակումն ինտերնետում։



Իրանի իշխանությունները վերջին մի քանի տարիներին արգելափակել են համացանցային այն ռեսուրսները, որոնք վնասում են ազգային շահերին, անվտանգությանը: Օրինակ, 2009-ի մայիսի 23-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքն արգելափակվեց: Ուշագրավ է, որ այս ամենը կատարվեց նախագահական ընտրություններից առաջ:



2012-ին Իրանի կապի նախարարը հայտարարել էլ, որ 2013-ին Իրանը մտադիր է ամբողջովին հրաժարվել ինտերնետի օգտագործումից, քանի որ այն «հուսալի» աղբյուր չէ: Այնուամենայնիվ, այդպես բան չարվեց:



Հետաքրքիր է, որ Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանին 2013-ի նախընտրական քարոզարշավում հայտարարել էր մեդիա ոլորտին մեծ ազատություն ընձեռելու մտադրության մասին։ Ըստ որոշ փորձագետների՝ հենց այդ քայլն էր որոշիչ եղել նրա ընտրվելու հարցում։



Նա բազմիցս նշել է, որ համացանցի և սոցցանցերի հնարավորությունների չարաշահումն անթույլատրելի է, զանգվածային հաղորդակցական ցանցը զարգացնելիս հարկ է հաշվի առնել բոլոր ժողովուրդների շահերը, և քանի որ ժամանակակից աշխարհում հաղորդակցումը կարևոր դեր ունի, ուստի բոլոր երկրների իշխանությունները պետք է քաղաքացիներին համապատասխան հնարավորություն ընձեռեն։



Հենց Ռոհանու օրոք 2013-ի սեպտեմբերի 16-ից իրանցիների համար հասանելի դարձան «Ֆեյսբուք», «Թվիթեր» սոցիալական ցանցերը, որոնք արգելափակվել էին դեռևս 2009-ին:


 

Արմինե Բեգլարյան

Նույն շարքից