Վերլուծական 

Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի, որ շատ հարցեր պարզաբանվեն ու հայկական կողմին տրամադրի պատասխանները

Գյումրեցի ընտանիքի դաժան սպանությունը եւ դրան հաջորդած զարգացումները շարունակում են մնալ հասարակության լայն շերտերի, հասարակական ու քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից իրականացված սպանդն իսկապես որեւէ բացատրություն չի կարող ունենալ: Սակայն մեր կողմից քննարկվող թեման այս անգամ այլ հարթության վրա է:

Եվ այսպես՝ դեպքից անմիջապես հետո տարբեր ամբիոններից հնչեցին կոչեր ռուսական ռազմաբազան Գյումրիից հեռացնելու, հայ-ռուսական դարավոր բարեկամական կապերը խզելու, եւ ՌԴ իշխանություններին որպես թշնամի հայտարարելու մասին:

Որքանո՞վ է տրամաբանական ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու վարկածը: Արդյո՞ք նման կոչեր անողները գիտակցում են, թե ինչ կարող է լինել այս դեպքում: Ռազմավարական դաշնակցին մեղադրել տեղի ունեցած սպանության մեջ, մեղմ ասած, անգրագիտություն է:

Մտքի «գիգանտներն» անգամ հայտարարեցին, թե ռուս զինծառայողի կողմից իրականացված սպանդով պաշտոնական Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ ինքն է իրավիճակի տերը եւ որ Հայաստանին լռեցնելու միտում կա:

Հայ-ռուսական հարաբերությունները դարեր շարունակ եղել են բարի-դրացիական, եւ նկատի ունենալով որ մեր երկիրը, որն այս տարվա հունվարի 2-ից արդեն պաշտոնապես ԵՏՄ անդամ է, եւ որի զարգացման՝ այդ թվում տնտեսական հեռանկարները կապված են Եվրասիական տնտեսական միության հետ, չէր կարող այս «պարզունակ» քայլին գնալ:

Հանրապետության երկրորդ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության հիմնական վարկածներից մեկն էլ, որը տարածվեց տարբեր վերլուծաբանների եւ քաղաքագետների կողմից, դա այլ երկրի կողմից իրականացված պատվերն էր: Այլ կերպ ասած, ռուսական ռազմաբազայի զինծառայողը գործել է հրահանգով: Եթե այս վարկածը հաստատվի, ապա շատ հարցեր իրենց պատասխանը կստանան:

Նկատենք, որ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնողների շրջանակն այնքան էլ լայն չէ: Դա վկայեց նաեւ երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած «բողոքի ակցիան»: Մի քանի քաղաքացիներ՝ ընդ որում անգլերեն լեզվով պաստառներով (սա արդեն մտորելու տեղիք է տալիս) մի քանի րոպե գոռգոռացին դեսպանատան շենքի դիմաց, նկարահանվեցին եւ արագ հեռացան:

Սակայն գլխավոր հարցը ՝ կապված բուն հանցագործության իրականացման հետ, թե ինչպե՞ս կարող էր մեկ անձը գնդակահարել 6 հոգու, կամ ինչպե՞ս կարող էին հարևանները չլսել ձայները կամ լսելու դեպքում չարձագանքել արագորեն և տեղեկանալ կատարվածի մասին միայն մի քանի ժամ հետո:

Հ.Գ. Տեղի ունեցած սպանդի քննությունն իրականացնելու է ռուսական կողմը, եւ Ռուսաստանը պետք է, որ շատ ավելի շահագրգռված լինի, որ շատ հարցեր պարզաբանվեն ու անպայմանորեն հայկական կողմին տրամադրի այդ հարցերի պատասխանները՝ հասարակական թշնամանքը կանխելու նպատակով: Հանցագործության դրդապատճառների և այլ մանրամասների բացահայտումը և հայկական կողմին դրանց տրամադրումը պետք է առաջին հերթին մտահոգի ռուսական կողմին, քանզի ամեն ինչ պարզաբանվելուց հետո միայն կթուլանա հայ հասարակության մոտ առաջացած թշնամանքը Ռուսաստանի նկատմամբ՝ թեկուզ և այդ թշնամանքը լինի էմոցիոնալ հարթության վրա: Անպատասխան կմնա միայն մի քանի ամսական Սերյոժայի հարցը...«Իսկ որտե՞ղ են մաման ու պապան...»:

 

Սարգիս Մինասյան

Նույն շարքից