Վերլուծական 

Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը Հանթինգթոնի հիպոթեզի ոսպնյակում. ՄԱՍ 1

 

Լևոն Շիրինյան

Փիսոփայական գիտությունների թեկնածու,

 քաղաքական գիտությունների դոկտոր,

ՀՊՄՀ պրոֆեսոր, ՀՊՄՀ քաղաքագիտության

 և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ


 

 

Նոր աշխարհակարգի ձևավորումը և նրա համատեքստում աշխարհի տարբեր մասերում ընթացող գործընթացները հետխորհրդային տարիներին դարձան ռազմավարության (երկրաքաղաքականության) ոլորտի տարբեր հեղինակությունների վերլուծությունների առարկան և զուգահռաբար առաջադրվեցին գալիքի տարբեր նախագծեր:

 

Դրանցից մեկն էլ «քաղաքակրթությունների բախման» հանթինգթոնյան հիպոթեզն է, որը, նկատենք, ժամանակին դարձավ 20-րդ դարավերջի և մեր օրերի ռազմավարական մտքի կատալիզատորը՝ հարցադրումների նորարարությամբ և հաճախ լուծումների, ուղղակի ասենք, անսովորությամբ:

 

Ասվածի տեսանկյունից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում հայեցակարգի հեղինակ Սեմյուել Հանթինգթոնի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող դիտարկումները, այդ շրջանակներում նաև Արցախի խնդրի շուրջ ընթացող քննարկումների տրամաբանությունը: Ինչպես մեզ է թվում, «hայկական թղթածրարի» հանթինգթոնյան իմացությունը, որը դրսևորվում է ինչպես նրա առանձին հոդվածներում , այնպես էլ 1996-ին լույս տեսած մենագրության մեջ , որոշակի լրացումների ու ճշգրտումների կարիք ունեն, քանզի Հանթինգթոնը սոսկ հետազոտող և շարքային քաղաքացի չէ, այլ ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենտի (establishment) հեղինակավոր անդամ և policy-maker-ներից մեկը: Չէ որ Հանթինգթոնի կարծիքի հետ հաշվի է նստում ամերիկյան քաղաքական ընտրանին, նրա տեսակետը քննարկվում է աշխարհով մեկ և ազդում է տարբեր ժողովուրդների քաղաքական ճակատագրի վրա: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ Հանթինգթոնը բավական ճշգրիտ է արտացոլում երկու նորագույն երկրաքաղաքական (գեոպոլիտիկական) նախագծերից մեկի` նորատլանտականության (պահպանողական ուղղություն) էությունը , ապա հարցադրման նշանակությունն առավել քան պարզ կդառնա: Ընդսմին, աշխարհի զարգացման նորագույն միտումների վերաբերյալ այն նրբերանգները, որոնք «որսում է» ԱՄՆ-ի քաղաքական ու մտավոր իսթեբլիշմենթի նորահայտ կուռքը` Ֆարիդ Զաքարիան, չեն փոխում, ըստ էության, իրերի հիմնարար բնույթը :

 

Ուստիև վերոշարադրյալի լույսի ներքո առաջնահերթ նշանակություն է ձեռք բերում քաղաքակրթությունների հավանական բախման հիպոթեզում Հայաստանի տեղի ճշգրտումը՝ քաղաքակրթությունների հանթինգթոնյան դասակարգման մեջ նրա կիրառած գլխավոր չափանիշի՝ կրոնի (և կրոնական պատկանելության) հատկանիշով: Այսպես. «Կրոնը,- գրում է նա,- քաղաքակրթության կենտրոնական, որոշիչ  բնութագիրն է», և հաստատում է Քրիստոֆեր Դաուսոնի (Ch. Dawson) այն պնդումը, թե «մեծ կրոնները այն հիմքերն են, որոնց վրա հիմնվում են մեծ քաղաքակրթությունները» :

 

 «Կրոնը,- կրկնում է մի այլ տեղ Հանթինգթոնը, քաղաքակրթության հիմնական որոշիչ հատկանիշն է...» :

 

Եվ մեխանիկական նույնականություն տեսնելով Ուղղափառության և Արևելյան եկեղեցիների միջև, Հանթինգթոնը հայերին «տեղադրում է» «ուղղափառ քաղաքակրթության» սանդղակում, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվում է ուղղափառ սլավոնական աշխարհի կազմում: Իսկ Ռուսաստանին վերագրելով «ուղղափառ քաղաքակրթություն»,- նկատում է Նիկոլայ Յուտանովը,- նրա համար (հետևաբար նաև Հայաստանի - Լ.Շ.) նախատեսում է «համագործակցության կրավորական ձև» :

 

Շարունակելի ...

Նույն շարքից