Վերլուծական 

Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը Հանթինգթոնի հիպոթեզի ոսպնյակում. ՄԱՍ 2

 

Լևոն Շիրինյան

Փիսոփայական գիտությունների թեկնածու,

 քաղաքական գիտությունների դոկտոր,

ՀՊՄՀ պրոֆեսոր, ՀՊՄՀ քաղաքագիտության

 և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ

 

Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը Հանթինգթոնի հիպոթեզի ոսպնյակում. ՄԱՍ 1

 

 

Ա. ԿՐՈՆԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇ.

ՀԱՆԹԻՆԳԹՈՆԻ ՏԵՍԱԿԵՏԸ

 

Համաձայն Հանթինգթոնի, հետերկբևեռ աշխարհում լոկալ քաղաքականությունը դառնում է էթնիկական քաղաքականությունը: «Գլոբալ քաղաքականությունը՝ դա քաղաքակրթությունների  քաղաքականությունն է: Գերտերությունների մրցակցությունը վերաճում է քաղաքակրթությունների բախման: Առաջին անգամ պատմության մեջ,- ազդարարում է Հանթինգթոնը,- գլոբալ քաղաքականությունը դառնում է բազմաբևեռ և բազմաքաղաքակրթական» :

 

Ընդսմին, իրադրության բազմաբևեռայնությունը անկանխատեսելի է : Այս տեսակետը  Հանթինգթոնը դարձնում է ելակետային իր հայտնի մենագրության մեջ: Հետերկբևեռ աշխարհում,- գրում է Հանթինգթոնը,- «լոկալ քաղաքականությունը էթնիկական քաղաքականությունն է. գլոբալ քաղաքականությունը՝ դա քաղաքակրթությունների քաղաքականությունն է: Գերտերությունների մրցակցությունը փոխարինվել է քաղաքակրթությունների բախումով» : Իսկ այդ նոր աշխարհում, Հանթինգթոնի կարծիքով, գլոբալ քաղաքականության կենտրոնական ու ամենավտանգավոր տեսանկյունը դառնում է տարբեր քաղաքակրթությունների միջև կոնֆլիկտը :

 

Հանթինգթոնն արձանագրում է, որ աշխարհն այլևս չի բաժանվում ազատ աշխարհի, երրորդ աշխարհի և կոմունիստական բլոկի, իսկ աշխարհի պարզ բաժանումը աղքատ և հարուստ ճամբարների, կամ ժողովրդավարականի և ոչ ժողովրդավարականի արդեն բավարար չէ: Արդյունավետ է և ճիշտ աշխարհի երկրների բաժանումը այս կամ այն քաղաքակրթություններին պատկանելու հատկանիշով: «Մակրոմակարդակում խոսքը գնում է,- բացատրում է Հանթինգթոնը,- քաքաքակրթությունների բախման մասին, իսկ միկրոմակարդակում՝ տարբեր քաղաքակրթությունների պատկանող պետությունների ու ժողովուրդների միջև հատկապես ցավագին, տևական և դաժան կոնֆլիկտների մասին» : Երբ պետություններն ավելի ու ավելի շատ են մտածում «քաղաքակրթությունների կատեգորիաներով» և այդ տեսանկյունով էլ,- եզրակացնում է Հանթինգթոնը,- որոշում իրենց տեղն աշխարհում և իրենց շահերը (ընդգծումը իմն է. - Լ. Շ.) : Սառը պատերազմին հաջորդող շրջանում,- ավելի է կոնկրետանում Հանթինգթոնը,- պետություններն «իրենց շահերը ավելի շատ են որոշում քաղաքակրթության հաշվառումով» : Հանթինգթոնը ցույց է տալիս նաև համաշխարհային զարգացման միտումը՝ հանգելով երկրառազմավարության ոլորտում սկզբունքային նշանակության եզրահանգման. պետականության հզորության աճը, որը գերիշխում էր Արևմուտքում, տեղափոխվում է դեպի ոչարևմտյան քաղաքակրթություններ: Գլոբալ քաղաքականությունը դարձել է բազմաբևեռ և բազմաքաղաքակրթական :

 

Եվ ընդհանրապես, իր հիպոթեզն ապացուցելու համար Հանթինգթոնը անդրադառնում է հիմնախնդրի տարբեր կողմերին և առաջ է քաշում նոր հիմնավորումներ: Այսպես, օրինակ, նա գտնում է, որ համաշխարհային քաղաքա-կանությունը թևակոխում է նոր փուլ, երբ երկրների ու ժողովուրդների միջև կոնֆլիկտի հիմնարար աղբյուրը կգտնվի ոչ թե գաղափարախոսության ու տնտեսության բնագավառում, այլ «մշակույթի ոլորտում»: Գլոբալ քաղաքականության գլխավոր կոնֆլիկտները տեղի կունենան «տարբեր քաղաքակրթությունների երկրների ու ժողովուրդների միջև»: Քաղաքակրթությունների այդ բախումը կգերիշխի գլոբալ քաղաքականության մեջ:  Հետերկբևեռ աշխարհում, բացատրում է Հանթինգթոնը, նախկին հարցը «Ո՞ւմ կողմն եք Դուք» փոխարինվել է ավելի սկզբունքային հարցով. «Ո՞վ եք Դուք»: Հետևապես, գտնում է Հանթինգթոնը, յուրաքանչյուր երկիր պետք է ունենա պատասխան: Այդ պատասխանը՝ երկրի մշակութային ինքնությունն է և որոշում է նրա տեղը համաշխարհային քաղաքականության մեջ, նրա բարեկամներին ու թշնամիներին :

 

Եվ այսպես, իր առաջադրած քաղաքակրթական հայեցակարգի շրջանակներում լուծելով նաև մեթոդաբանական կարևորագույն խնդիրներ, Հանթինգթոնը հանգում է շատ ավելի առարկայական ու կոնկրետ հետևությունների: «Մոտակա տարիներին,- գրում է Հանթինգթոնը,- տեղական կոնֆլիկտները ամենահավանականն է, որ կվերաճեն խոշոր պատերազմների ինչպես Բոսնիայում, այնպես էլ Կովկասում, այն դեպքերում, երբ նրանք տեղի կունենան քաղաքակրթությունների բաժանման գծերում: Հաջորդ համաշխարհային պատերազմը, եթե այդպիսին տեղի կունենա, կլինի պատերազմ քաղաքակրթությունների միջև» :

 

Իսկ ընդհանրապես սահմանելով, որ քաղաքակրթությունը դա մարդկանց մշակութային ընդհանրության ամենաբարձր ձևն է և հատկանիշների ամենալայն տարրապատկերը (րտպՍՑՐ), որոնք որոշում են ժողովրդի մշակութային ինքնությունը, կանխատեսում է, որ աշխարհի պատկերը ավելի ու ավելի մեծ չափերով կորոշվի յոթ կամ ութ գլխավոր քաղաքակրթություններով՝ արևմտյան, կոնֆուցիական, ճապոնական, իսլամական, հինդու, սլավոնա-ուղղափառ, լատինամերիկյան և, հնարավոր է, աֆրիկյան : Ընդ որում, գտնում է Հանթինգթոնը, ամենաարյունոտ կոնֆլիկտները տեղի կունենան այդ մշակույթները բաժանող սահմանների երկայնությամբ : Այս եզրակացությունը, վերջին հաշվով, բխում է Հանթինգթոնի մշակութային կողմնորոշումից: Նա պնդում է, որ նոր աշխարհում ամենամասշտաբային, կարևոր ու վտանգավոր կոնֆլիկտները տեղի կունենան... տարբեր մշակութային նույնականացման ժողովուրդների միջև : Հանթինգթոնի մտահղացումով այստեղ կարևորագույն, կարելի է ասել առաջնահերթ դերը պատկանում է կրոնին: Եվ քանի որ կրոնը հանդիսանում է քաղաքակրթության հիմնական որոշիչ հատկանիշը, «բեկման գծերի»  երկայնքով պատերազմները գրեթե միշտ տեղի են ունենում տարբեր քաղաքակրթությունների պատկանող մարդկանց միջև :

 

Հանթինգթոնը պնդում է, որ այն դեպքում, երբ համաշխարհային քաղաքականության գլոբալ կամ մակրոմակարդակում հիմնական բախումը տեղի է ունենում Արևմուտքի և մնացած աշխարհի միջև, լոկալ կամ միկրոմակարդակում այն տեղի է ունենում իսլամի և մյուս կրոնների միջև :

 

Ընդ որում, համաձայն Հանթինգթոնի, իսլամի սահմանները արյունոտ են: Այդպիսին էլ հավանաբար դրանք դեռևս կմնան :

Հանթինգթոնն իր ռազմավարական նախագծերին միս ու արյուն տալու նպատակով, ինչպես մեզ է թվում, կիրառում է նաև ենթաքաղաքակրթությունների հասկացությունը:

 

«Քաղաքակրթությունները, ակնհայտ է, միախառնվում են և մասնակիորեն համընկնում: Նրանք,- պարզաբանում է Հանթինգթոնը,- կարող են ընդգրկել ենթաքաղաքակրթություններ: Արևմտյան քաղաքակրթությունն ունի երկու հիմնական տարբերակներ՝ եվրոպական և հյուսիս-ամերիկյան, իսկ իսլամը  ստորաբաժանվում է արաբականի, թյուրքականի և մալայականի: Եվ թեկուզ նրանց միջև սահմանները հազվագյուտ դեպքերում են լինում հստակ, այդ քաղաքակրթությունները իրական են: Նրանք ունեն վերելքներ ու անկումներ. նրանք բաժանվում են և միախառնվում: Ու ինչպես հայտնի է պատմությունը յուրաքանչյուր իմացողին, քաղաքակրթությունները չքանում են» :

 

Նույն շարքից