Վերլուծական 

Հայի «ծանր» պարտավորությունը

Կյանքի ու մահվան մեկ շաբաթյա կռիվն ավարտվեց: Գյումրիում հունվարի 12-ին առանձնակի դաժանությամբ սպանված Ավետիսյանների ընտանիքի միակ ողջ մնացած, վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը երեկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացավ: Բուժհաստատության տարածած բոթը երկար ժամանակ քարացրեց ընթերցողին: Տեւական ժամանակ լռություն էր, որը ժամանակ առ ժամանակ պոռթկում էր սոցցանցերում՝ այս կամ այն գրառմամբ:« Փոքրիկ հրեշտակը գնաց», «Նա արդեն ծնողների գրկում է», արտահայտություններ, որոնք դեռ երկար ժամանակ կստիպեն հային կյանքին նայել այլ աչքերով:

 

Փոքրիկ Սերյոժան հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդից հրաշքով ողջ մնացած Ավետիսյանների ընտանիքի միակ կետն էր: Սահմռկեցուցիչ սպանությունից հետո գյումրեցի փոքրիկը դարձել էր յուրաքանչյուր հայի որդին, թոռնիկն ու փոքրիկ եղբայրը: Բոլորը սպասում էին հրաշքի, հավատալով, որ նա դեռ անելիքներ ունի այս կյանքում: Մեկ շաբաթ Սերյոժան արիաբար պայքարեց ծանր վնասվածքների դեմ: Նրա փոքրիկ մարմինը, որը ստացել էր դանակի բազում հարվածներ, պայքարում էր ապրելու համար, այդ ընթացքում ապրեցնում նաեւ մի ամբողջ ազգի: Հայաստանը յոթ օր կարծես թե տեղափոխվել, եւ ապրում էր այդ փոքրիկ եւ վիրավոր մարմնում: Բարձրաձայն ու լուռ աղոթքներ, հրաշքի սպասող ՀՀ քաղաքացի:


Ավաղ..:


Գյումրեցի փոքրիկը նախընտրեց «ապրել» ծնողների, տատիկի, պապիկի ու իր փոքրիկ քրոջ հետ: Նրանցից Սերյոժան մեկ շաբաթ առաջ էր «բաժանվել»: Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հունվարի 12-ին սպանել էր Սերյոժայի հարազատներին, զրկել նրան ամենաթանկից այս կյանքում: Իսկ կյանքի եւ մահվան համար պայքարող փոքրիկ հերոսը չնայած բժիշկների տքնաջան ջանքերի չապրեց: Նա ընտրեց երկնային կյանքը:


Հիմա Սերյոժան հային նայում է երկնքից, նայում.. ու լուռ հետեւում արդարադատության կանչին, որը հավատացած ենք, որ չի ուշանա:
Փոքրիկին սրին քաշողը, նրա քաւյրիկին, ծնողներին, տատիկին ու պապիկին սպանողը պետք է կրի արժանի պատիժ: Սա այլեւս ոչ միայն արդարության, այլ նաեւ արժանապատվության հարց է:


Հայը պարտավորություն ունի յոթ անմեղ զոհերի առաջ:


Կարեն Մեսրոպյան

Նույն շարքից