Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը, ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող աննախադեպ լարվածությունը, իսկ հետո արդեն Բերձորյան հայտնի դեպքերը առաջացրեցին հասարակության վրդովմունքն ու հնչեցին կոչեր անհապաղ պատժել մեղավորներին: Նախ, առաջին հայացից թվում է, թե երեք այս իրադարձություններն իրար հետ որեւէ կապ չունեն: Եթե առաջինի դեպքում կա մեղադրյալ, ով ազգությամբ հայ չէ, երկրորդի դեպքում գործել է հակառակորդը, իսկ Ազատ Արցախում տեղի ունեցած ծեծ ու ջարդը, ըստ Հիմնադիր խորհրդարանի անդամների, իրականացրել են ԼՂՀ ոստիկաններն, ապա հասարակության մի լայն զանգված, բոլոր այս միջադեպերի թիվ մեկ պատասխանատուն համարում է ՀՀ իշխանություններին եւ մեղադրում հենց նրան:
Թե որքանով են ազնիվ եւ հասցեական այդ մեղադրաքները, հարցի մեկ այլ կողմն է:Հիմա հասարակությանն ավելի շատ հուզում են հարցեր, որոնց պատասխանը ստանալը թվում է անիրականալի: Ինչու՞ եւ ի՞նչ պատճառներով ռուսական ռազմաբազայի զինծառայողը սպանեց հայ ընտանիքին, եւ կամ ինչու ծեծի ենթարկվեցին դեպի Արցախ ավտոերթ իրականացնողները: Այն, որ գործող իշխանությունները պետք է հասարակությանն այս հարցերի պատասխանը տան ավելի քան հստակ է, սակայն ոչ այն պատճառով, որ նրանց հրամանով է ասենք Պերմյակովը «լքել» զորամասն ու «ծարաված» մտել գյումրեցի Ավետիսյանների ընտանիք, կամ բնավ ոչ այն պատճառով, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների կազակերպած միջոցառմանը արցախցիների մեծ մասը դեմ է եղել, այլ զուտ բարոյական տեսակետից:
Ժամանակին ապահով Հայաստան քարոզող ՀՀԿ-ն ունի պարտականություն ՀՀ քաղաքացիների առաջ, այն է՝ ապահովել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ապահովությունը:
Իսկ տեղի ունեցած բռնությունների մասին դատողությունները գնալով ավելի են խորանում: Զուգահեռ նաեւ ավելանում են ինչու-ները: Դրանք առանց այն էլ արդեն բավականին շատ են, եւ լայն սպեկտորով արտացոլվում են թե մամուլում, եւ թե սոցիալական ցանցերում: Ժամանակն է, որ այդ հարցերի պատասխանը տրվեն:
Տեղի ունեցող այս զարգացումներին ավելացավ նաեւ մեկը: Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով ավելի շատ հայտնի է Ճոյտ մականունով: Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
Հիմա կարող է հարց հնչել, թե ի վերջո ի՞նչ կապ ունի Ճոյտի ձերբակալությունը վերը նշված իրադարձությունների հետ: Եթե ոչ ուղիղ, ապա տրամաբանական շարունակությունն է: Սույն ձերբակալությունից հետո եւս հարցեր առաջացան: Տեսակետներից մեկն էլ այն էր, որ պարզապես նպատակ կա շեղելու հասարակության ուշադրությունը բռնություններից, եւ սպանություններից: Հավանական վարկած է, բայց կա նաեւ անմեղության կանխավարկած: Հանցագործությունը պատժել պետք է մշտապես, հետեւաբար Ճոյտի ձերբակալությունը դիտարկել որպես հասարակությանը շեղելու փորձեր, մեղմ ասած, լուրջ չէ:
Թե ինչպես կզարգանան հիշյալ իրադարձությունները, եւ ինչ նոր զարգացումներ կլինեն առաջիկայում ցույց կտա ժամանակը: Այն, իսկապես հարցերի պատասխան տալիս է:
Կարեն Մեսրոպյան