Վերլուծական 

Ըստ Հասմիկ Պողոսյանի, այն, ինչ չի քանդվում, պաշտպանության կարիք չունի

Այն, որ ներկայիս ՀՀ կառավարությունն  առանձնապես աչքի չի ընկնում մտքի փայլատակումներով, արդեն վաղուց որևէ մեկի համար գաղտնիք չէ: Աշխարի երկրները, որոնք ներկայումս միմյանց հետ մրցավազքի մեջ են աշխարհաքաղաքական առումով, անում են ամեն ինչ` շեշտելու սեփական ինքնությունն ու տեր կանգնելու այն արժեքներին, որոնց կրողն են: Մերոնք, սակայն, ինչպես միշտ, աշխարհից մի քանի քայլ հետ են, կներե՛ք, հայտնի կենդանու ականջում քնած ու բավարարվում են շատ հարցերում միայն կոսմետիկ միջամտություններով:

 


 Նման անբարեհույս դրսևորումներից, ցավոք, զերծ չէ նաև նույն կառավարության մաս հանդիսացող ՀՀ մշակույթի նախարարությունը, որի աշխատանքային գործունեությունը նման է պտուտակի վրա սկյուռի վազքին: Ինչպես վերջերս պարզվեց, աշխարհի առաջատար երկրներից մեկը` Ճապոնիան, դիմել է ՄԱԿ-ին Ֆուջիամա սարը որպես ճապոնիայի ազգային արժեք գրանցելու համար, ինչն էլ ստացել է միջազգային հանրության աջակցությունը` ի դեմս ՄԱԿ-ի:

 


 Ինչպես գիտենք, Փետրվարի 4-ին կայացած ԱԺ նիստում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն՝ հորդորելով հայտ ներկայացնել ՄԱԿ-ի Յունեսկոյին՝ Արարատ լեռը` հայ ժողովրդի մշակութային ժառանգություն ճանաչելու վերաբերյալ:

Մի կողմ թողնենք Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, այս դեպքում նա խելամիտ բան է առաջարկում: Պատգամավորի պնդմամբ` մենք մեր ժառանգությանը պետք է տեր կանգնենք, և այս տարի առավել ևս պետք է այդ գործընթանցն իրականություն դառնա: Ինչին ի պատասխան, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանել էր,թե եթե մի արժեք այսօր պաշտպանված է,ապա դա Արարատ լեռն է: Այն ո՛չ կարելի է քանդել, ո՛չ փչացնել և այլն:

 

Առաջարկը տրամաբանական է թեկուզ միայն այն բանի համար, որ այս տարի մի տեսակ հայկական տարի է կարծես` կապված Ցեղասպանության 100-ամյա տարելիցի  հետ,և կարելի էր օգտվել առիթից ու ևս մեկ անգամ ստիպել աշխարհին, նույն այդ քաղաքակիրթ մարդկությանը` վերհիշելու, թե ով` ով է:


 

 Չմոռանանք, որ Արարատը, որին, կարելի է ասել, մենք արմատներով ենք կապված, ներկայումս փաստացի գերության մեջ է, ու շատ հաճախ նույն միջազգային հանրության կողմից այն սխալմամբ դիտարկվում է որպես թուրքական լեռ, քանի որ գտնվում է հենց Թուրքիայի սահմաններից ներս:

 

Մենք, իհարկե, ինքնահաստատվելու խնդիր չունենք, ու ՄԱԿ-ը չէ,որ պետք է մեզ ասի,թե որը որից հետո է կամ որոնք են մեր ինքնությունը խորհրդանշող ատրիբուտները, բայց, մեր խորին համոզմամբ, մշակույթի նախարարության կողմից ՄԱԿ-ին այս հարցով դիմելը կունենար ոչ միայն սեփական ինքնությունն աշխարհի առաջ վերահաստատելու ամուր կամքի արտահայտության դրսևորման արժեք, այլև մեծ դեր կխաղար նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում աշխարհով մեկ անհրաժեշտ քարոզչության գործում:

 


Չմոռանանաք, որ մեր ոչ բարով հարևանները` ադրբեջանցիները, որոնք, փաստացի, չունեն պատմություն ու արհեստածին նորագոյացություն են Անդրկովկասի տարածաշրջանում, ճարպկորեն կարողացել են սեփականացնել այն ժողովուրդների ունեցած արժեքները, որոնց անունը տալու իսկ իրենք արժանի չեն. հայերս առաջին են այդ  շարքերում:

 


Իսկ ի՞նչ է անում մշակույթի նախարարությունը, ոչինչ, նստած թամաշա է անում, թե ինչպե՞ս են ոտնահարվում մեր արժեքները ոչ միայն թշնամի հանդիսացող երկրներում,այլև մեր իսկ հայրենիքում` գործնականում մատնված լինելով անգործության:


 Հարկավոր է նախաձեռնողական լինել ոչ միայն այն բաներում, որոնք, կոպիտ ասած, «փող են բերում» ու ապահովում համապատասխան չինովնիկներին համապատասխան կլորիկ գումարներով, այլև մի փոքր էլ պետք է մտածել հեռանկարների մասին,ստրատեգիական ծրագրեր պլանավորել ու իրականացնել`չմոռանալով, որ ամենամեծ քաղաքականությունը մշակույթն է. Ձախողեցիր մշակութային քաղաքականությունդ, կկորցնես  սեփական ինքնությունը, ինչը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ ազգի համար:


Ալբերտ Սիմոնյան

Նույն շարքից