2014 թվականի ապրիլի 3-ին հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա հրաժարականից հետո քաղաքական դաշտը շունչը պահած քննարկում էր նոր վարչապետի թեկնածությունը: Այդ անունը թրիլլեր ոճի ֆիլմերի սցենարի նման ձգվեց մինչև օրենքով սահմանված վերջնաժամկետ օրը: Մինչև Շարմազանովի կողմից Հովիկ Աբրահամյանի անունը տալը շրջանառվում էին բազմաթիվ տարբերակներ, բնականաբար, ամեն տարբերակ իր մեջ ենթադրում էր նոր թիմի մեջ սեփական տաքուկ տեղը ապահովելու վազքը:
Մտածելու և վերլուծելու ժամանակ չկար: Սերժ Սարգսյանն իր իսկ կողմից ստեղծված քաոսային թոհուբոհում, երբ առնետները չէին կողմնորոշվում, թե ում հավատարմության երդումներ տան, մեկնարկեց մի օպերացիա, որը մենք պայմանականորեն անվանում ենք «Անվճար պանիր»:
Այս իրադարձություններին հաջորդած օրերին բազմաթիվ ՀՀԿ-ականներ տարակուսած էին նախագահի որոշումից: Մասնավոր զրույցներում նրանք ահաբեկված մատնանշում էին Հովիկ Աբրահամյանի անսահման մեծ ախորժակը: Նման մարդուն մոտ թողնել պետական բյուջեյին համարում էին քաղաքական անհեռատեսություն: Կար նաև մյուս մտավախությունը՝ Հովիկ Աբրահամյանը հայտնի է իր ինտրիգային բնավորությամբ:
Նա հաջողացրել է սրնթաց կարիերային աճ արձանագրել և նրան թեկուզ մի փոքր ճանաչողները տեղյակ են նրա ճարպիկ բնավորությունից: Հովիկ Աբրահամյանի ձեռքից լծակներ վերցնելը բավական դժվար կլինի: Նա զոդվում է իր աթոռին, չորս բոլորը տեղավորելով իր արտաշատյան ծանոթ բարեկամներին: Նա աշխատել է 3 նախագահների օրոք, ընդ որում ամեն մի նախագահի հետ նրա քաշը գնալով ավելացել է:
Իրոք արդարացի մտավախություններ են, եթե հաշվի չառնենք մի հանգամանք: Հովիկ Աբրահամյանին նշանակել է Սերժ Սարգսյանը՝ մի մարդ, ով նույնպես 90-ականների սկզբից մինչև հիմա քաղաքական էլիտայում է, ինտելեկտուալ առումով մի քանի անգամ գերազանցում է Հովիկին: Միամտություն կլիներ կարծել, թե Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի մանկական երազանքը իրականացնելուց չէր մտածել երկրի և իր քաղաքական թիմի համար աղետալի հետևանքների մասին: Իհարկե մտածել էր, ինչպես հետագան ցույց տվեց ծրագրավորված էր ամեն բան՝ սկսած Տիգրան Սարգսյանի հրաժարականից:
Եվ այսպես՝ 2014 Ապրիլի 16, Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Վերլուծենք թե ինչ իրական լծակների է նա այսօր տիրապետում.
Սկսենք ուժայիններից: Ուժայինները Հովիկի վերահսկողությունից դուրս են: ԱԱԾ, ՊՆ, Ոստիկանություն այս բոլոր կառույցներում լցված են անթաքույց արհամարհանքով դեպի վարչապետը ու նրան շրջապատող գոքոր-մոքորները:
Զրկված լինելով իրական ուժայինների աջակցությունից, Հովիկ Աբրահամյանը դիմեց մի խորամանկ հնարքի՝ Ջերմուկում մի հանդիպման ժամանակ պատասխանելով Տարածքային կառավարման և ԱԻՆ միավորման հետ կապված հարցին նա հայտարարեց, որ առաջիկայում կստեղծվի Ներքին Գործերի Նախարարություն:
Ոչինչ, որ այդ հայտարարությունը սովորական բլեֆ էր: ՆԳՆ ստեղծելու աննպատակահարմարությունը վերջնականորեն որոշված է, և այդ հարցը քաղաքական օրակարգից դուրս է: Աբրահամյանի այս հորինված հայտարարության հասցեատերն ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն էր, որի իղձն է ամեն գնով վերադառնալ ոստիկանություն՝ այս անգամ որպես ոստիկանության ղեկավար:
Աբրահամյանը կարողացավ ներշնչել Երիցյանին, որ շուտով կստեղծվի ՆԳՆ, որը ղեկավարելու է Երիցյանը: Զրկված լինելով իրական ուժայինների աջակցությունից, Աբրահամյանը հորինեց իր գոյություն չունեցող ուժայինը, որի ղեկավար ապառնի ժամանակով նշանակվեց Երիցյանը: Երիցյանն իր հերթին սկսեց ապառնի ժամանակով նշանակումներ իրականացնել և իր շուրջ հավաքել բոլոր նրանց, ում ոստիկանությունից հեռացնում կամ կադրերի տակ էին թողնում:
Ինչ վերաբերվում է տնտեսական բլոկին՝ Ֆիննախ, Հարկային, Մաքսային, այն խոշորանալով սկսեց անկախանալ Աբրահամյանից: Մեծ հաշվով Աբրահամյանի ելումուտը կառավարության ֆինանսական հատված սահմանափակվեց:
Երևանի քաղաքապետարանը դուրս է վարչապետի վերահսկողությունից՝ հաշվի առնելով Տարոն Մարգարյանի և Գագիկ Բեգլարյանի չմարող քաղաքապետական ամբիցիաների շուրջ հակամարտությունը: Տարոն Մարգարյանն իզ ու թոզով մաքրել է քաղաքապետարանն անցանկալի կադրերից, իսկ Հովիկ Աբրահամյանը Մարգարյանի մոտ տպավորված է ոչ թե որպես ՀՀ վարչապետ, այլ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տուն ամանորյա սեղանին հաճոյացող կենացներ ասող:
Մնաց Ազգային Ժողովը: Այս ամբողջ օպերացիան ի սկզբանե միտված էր Հովիկ Աբրահամյանի ազդեցությունն օրենսդիր մարմնից վերջնական չեզոքացնելուն: Նրա վարչապետացման աղմուկի ներքո խլացվեց հիմնական նպատակը՝ ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու միջոցով սահմանադրական բարեփոխումների իրականացումը:
Անլծակ ու իրական որևէ հենարան չունեցող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս իրավիճակում նույնիսկ խղճահարություն է առաջացնում, այնինչ որպես ԱԺ նախագահ նա լիովին տիրապետում էր խորհրդարանին ու մեծ հաշվով ինքն էլ չէր գիտակցել, որ իրական ու ամենամեծ իշխանությունը նրա ձեռքից գեղեցիկ կերպով վերցրեցին՝ փոխարենը նրան տալով վարչապետի աթոռը՝ նախապես սղոցելով այդ աթոռի բոլոր ոտքերը:
Մանր չինովնիկ Հրայր Թովմասյանը կարողացավ լուծել նախագահի կողմից իր առջև դրված խնդիրը՝ այսօր արդեն ԱԺ-ում Աբրահամյանի երբեմնի փառքը, բացի Արփինե Հովհաննիսյանից որևէ մեկը չի հիշում:
Չգիտենք՝ գիտակցում է Գագիկ Ծառուկյանը թե ոչ, սակայն միայն նա է խնամի Հովիկի միակ հենարանը: Նրա միջնորդությամբ է ՀԱԿ-ը մեղմ քննադատում վարչապետին, իսկ երբեմն Գագիկ Ջհանգիրյանի օգնությամբ կեղծ բողոքի ցույցեր բեմականացնում կառավարության առջև, այդ պիեսների վերջում բողոքավոր ժողովուրդը միշտ փառաբանում է վարչապետին ու Ծառուկյանին:
Հանգիստ եղեք, հարգելի ՀՀԿ-ականներ, զորահանդեսի հրամանատարը Սերժ Սարգսյանն է և շուտով՝ ամենաշատը 2 ամսից կլսվի թակարդի շրխկոցը, և ամեն ինչ կվերջանա:
Սահմանադրական հանրաքվեն գուժելու է Հովիկ Աբրահամյանի քաղաքական վախճանը: