2007 թվականի նոյեմբերի 16-ին իրականացվեց հարձակում երիտասարդ ակտիվիստ՝ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության նախագահ Նարեկ Գալստյանի վրա: Նարեկ Գալստյանը այդ օրերին Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն արմատապես քննադատողներից էր և հակաիշխանական թռուցիկներ փակցնելու համար դեպքից մի քանի օր առաջ բերման էր ենթարկվել Կենտրոնի ոստիկանության բաժին: Կենտրոնի ոստիկանությունում Նարեկ Գալստյանի նկատմամբ բռնության էր կիրառել անձամբ Երևան քաղաքի այդ ժամանակվա ոստիկանապետ գեներալ մայոր Ներսիկ Նազարյանը:
Գեներալ մայորը Գալստյանին ծեծելուց հետո բաց էր թողել, սպառնալով Նարեկ Գալստյանի ակտիվության դեպքում հաշվեհարդար տեսնել նրա հետ փողոցում:
Երիտասարդը իր ակտիվությունը չդադարեցրեց և մի քանի օր չանցած նրա վրա իրականացվեց հարձակում, որն այդ խառը նախընտրական ժամանակներում խոր չվերլուծվեց: Ռոբերտ Քոչարյանը Նարեկ Գալստյանի հարձակման հետ իր հնարավոր կապի վերաբերյալ հարցին քմծիծաղով պատասխանեց, որ նման մարդ չի ճանաչում և հարցը համարվեց փակված, սակայն Գալստյանը և նրա մտերիմ շրջապատը այդ դեպքը անմիջականորեն կապում էին Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետ: Գեներալ Մայորը անձամբ էր սպառնացել Նարեկին ակտիվության դեպքում հաշվեհարդար տեսնել հենց այն կերպ, ինչպես մի քանի օրից տեղի ունեցավ:
Անցան տարիներ և Ներսիկ Նազարյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում, սակայն պահպանեց իր նախկին կապերը և հնարավորությունները: Հայտնվելով ոստիկանությունից դուրս կարգավիճակում նա իր շուրջ հավաքագրեց իր օրինակով նախկին ռեժիմից դուրս մնացած նախկին օպերատիվ աշխատողներին, ըստ մեր մերձնազարյանական աղբյուրների, ՀՀ ոստիկանության աշխատավարձերից մի քանի անգամ բարձր աշխատավարձեր վճարելով նրանց ընդունեց աշխատանքի: Նազարյանը իր խնամի ԲՀԿ-ական Մանուկյան Աբրահամի հետ համատեղ ստեղծեց մասնավոր ուժային կառույց՝
ամենայն հավանականությամբ նրանք իրենց աջակցությունն առաջարկեցին քաղաքական ուժերից մեկին բախումներ հրահրելու, սադրանքներ իրականացնելու հարցերում: Ժողովրդին ոտքի հանելու և նարնջագույն սցենարով հեղաշրջում իրականացնելու համար անհրաժեշտ էին ռեժիմից հալածված և բռնությունների ենթարկված նահատակ-մարտիրոսներ: Գյումրու օրինակով, և ոչ միայն, կարող ենք փաստել, որ մեր հասարակությանն ամենամիավորող և ոտքի հանող հանգամանքը ընդհանուր ցավն ու վիշտն է:
Դեռևս 3 ամիս առաջ analitik.am-ը տեղեկացրել է, որ ծրագրավորվում են սադրանքներ:
2015 թվականի փետրվարի 7-ին ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի առևանգումը շատ ընդհանրություններ ունի Նարեկ Գալստյանի նկատմամբ իրականացված բռնարարքի հետ: Սկսենք նրանից, որ երկու դեպքում էլ բռնություն կիրառողները եղել են երեք հոգանոց խմբով, երկու դեպքում էլ բռնություն կիրառողները եղել են մեքենայով, երկու դեպքում էլ հետևել են մեքենային, Նարեկի դեպքում շպրտել են մեքենայի բանալիները, Արտակի դեպքում՝ հեռախոսը, Նարեկին բռնության են ենթարկել 9-րդ մասիվի ճանապարհին, զարմանալի զուգատիպությամբ Արտակին առևանգելուց հետո տարել և բաց են թողել հենց այդ նույն տեղում: Ցանկացած ոստիկան՝ նույնիսկ «ուչաստկովի» կասի, որ սա նույն ձեռագիրն է:
2007 թվականին հանուն Ռոբերտ Քոչարյանի բռնություն իրականացնողները 2015 թվականին ի՞նչ նպատակ են հետապնդում: Այս հարցը ակնհայտորեն դուրս է իրավական վերլուծությունից, այս ամենից քաղաքական հոտ է փչում՝ ընդ որում նեխած ու բորբոսնած հոտ:
Ակտիվիստների մեքենաների գիշերային հրկիզումները, Նավակ Ճոճողին Գյումրու ցավալի իրադարձությունների ֆոնին ծեծելը, Արտակ Խաչատրյանի առևանգումը կապել իշխանությունների հոգևարքի, կամ ռեժիմի խուճապի հետ ուղղակի անլուրջ է և նույնիսկ ծիծաղելի:
Իհարկե նման դեպքերի բացառման և բացահայտման համար պատասխանատու են միմիայն իշխանությունները, սակայն մեղադրել իշխանությանն այդ անորակ դիմակահանդեսները կազմակերպելու մեջ նշանակում է չխորանալ հարցի մեջ ու մասնակիցը դառնալ այն իրադարձություններին, որոնք փորձում են հրահրել իրական կազմակերպիչները:
Ի դեպ Վիլեն Գաբրիելյանի՝ նույն ինքը Նավակ Ճոճողի նկատմամբ կիրառվել է նույնաբովանդակ ու նույնաձև բռնություն:
Երեք հոգի, դիմակներով, մեքենա, առևանգման փորձ, և վստահ ենք առևանգումը իրականացնելու դեպքում Նավակ ճոճողին կհայտնաբերեին Երևանի նույն հատվածում՝ Նորքի 9-րդ զանգվածի ճանապարհին:
Շարունակելի