Վերջերս ՀԺ-ն հրապարակեց բացակայող ԱԺ պատգամավորների ցուցակը, ինչպես նաև տեղեկացանք, որ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը մերժել է տրամադրել հարգելի համարված բացակայությունների հիմքերը՝ պատճառաբանելով, որ դրանք կարող են անձնական բնույթի տեղեկություններ պարունակել:
Ստացվում է, որ պատգամավորները, ում հասարակությունը տվել է իր վստահության քվեն, ովքեր պետք է ԱԺ-ում ներկայացնեն իր շահերը և այսպես շարունակ, ըստ ՀՀ ԱԺ կանոնակարգի կարող են բացակայել նիստերից, և միակ պատիժը կլինի պահում նրանց աշխատավարձից՝ հաշվի առնելով բացակայող պատգամավորների ֆինանսական բարգավաճ վիճակը, դժվար թե դա նրանց համար որևէ խնդիր լինի:
Ընտրողն անգամ իրավունք էլ չունի տեղեկանալ, թե հարգարժաններն ինչով են զբաղված եղել բացակայությունների օրերին:
Ամենահետաքրքրականը՝ բացակա պատգամավորների ցանկը գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 133 բացակա (հիշեցնենք, որ վեցերորդ նստաշրջանում տեղի է ունեցել 133 քվեարկություն եւ գրանցում): Իշխանափոխության ձգտող կուսակցության պատգամավորներն ուղղակի ապշեցնում են իրենց բացակայություններով՝ Ռուբեն Գեւորգյան 100 բացակա, Մուրադ Գուլոյան՝ 96 , Կարո Կարապետյանը (Յուվեցի)՝ 96, Մելիք Մանուկյան՝ 85, Աբրահամ Մանուկյան՝ 81, Ռուստամ Գասպարյան՝ 80, Արագած Ախոյան՝ 78, Նաիրա Զոհրաբյան՝ 74, Գրիգորի Մարգարյան՝ 68:
Հետաքրքիր է այդ ի՞նչ նեղ անձնական տեղեկություններ են պարունակում այս պատգամավորների բացակայությունները, որ ՀՀ ԱԺ-ն չի կարող ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրել: Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն ձգտում է իշխանափոխության, և հասարակության անդամներն ուղղակի պետք է իմանան, թե ապագա հնարավոր իշխանության ներկայացուցիչներն ինչ լուրջ խնդիրներ ունեն՝ թեկուզ անձնական, որոնք այս դեպքում լրջորեն խոչընդոտում են վերջիններիս մասնագիտական գործունեությանը: Հաշվի առնենք, որ նրանք դեռ իշխանություն չեն՝ այսինքն մի քանի անգամ ավելի ակտիվ պետք է լինեն նույն ԱԺ-ում:
Նախ փորձենք տրամաբանել, թե որոնք կարող են հարգելի պատճառ լինել՝ ինչո՞ւ տրամաբանել, քանզի ԱԺ կանոնակարգում չկա գրված այդ մասին՝ դա թողնված է ԱԺ նախագահի հայեցողությանը: Այստեղ որոշակի ընդհանրություններ կան դասղեկ-ԱԺ նախագահ հասկացությունների մեջ, քանզի միայն դպրոցում էր, որ կարելի էր հարգելի պատճառներ բերել և համոզել դասղեկին բացակա չդնել: Այսօր դպրոցներում էլ է համարյա կանոնակարգվել այդ բացթողումը, բայց ԱԺ-ն պահպանողական և ավանդույթապաշտ կառույց է:
Ինչևէ, ըստ մեզ, հիմնականում հարգելի կարող է համարվել հիվանդությունը, պատգամավորի աշխատանքից ավելի կարևոր գործունեությունը, հարազատի մահը:
ԲՀԿ պատգամավորների բացակայությունները վերլուծելիս ի՞նչ եզրահանգման ենք գալիս.
Մարդիկ հիվանդանալու սովորություն ունեն՝ այսինքն նրանց իշխանության գալու դեպքում հանգստյան օրերը կհասցվեն հնարավոր մաքսիմումին: Կառավարության նիստերին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն օգնականները, խորհրդականները և այսպես շարունակ: Սա, իհարկե, այդ կուսակցության համար իր դրական կողմերն էլ կունենա՝ միշտ հարգելի և հիմնավոր պատճառներ բերելով հնարավոր կլինի խուսափել պատասխանատվությունից: Սակայն, հիվանդ ընդդիմություն կամ այլընտրանք ունենալն այդքան էլ ցանկալի չէ, քանզի վտանգ կա, որ ԲՀԿ-ի համար այդքան բաղձալի իշխանափոխության ճակատագրական օրը մեր ՛՛ընդդիմադիրները՛՛ անհագ ցանկություն կունենան, ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չեն լինի ժողովրդի կողքին լինել՝ հիվանդ են:
Մարդիկ զբաղված են ավելի կարևոր գործերով՝ բիզնեսի զարգացմամբ, Յուվեցի Կարոյի դեպքում՝ դատական նիստերի ժամանակ դատավորին նկատողություններ անելով, բոլիվուդյան սցենարներ հորինելով, Աբրահամ Մանուկյանն ընդհանրապես զբաղված է ԲՀԿ-ի ներսում ուժային կառույցի ստեղծմամբ և այսպես շարունակ: Մարդիկ լուրջ գործեր են անում, իսկ մենք ասում ենք ԱԺ նիստերին մասնակցեք:
Հարազատի մահվան դեպքերը (դպրոցում սովորաբար ամեն ամիս տատիկներն ու պապիկներն էին մահանում ծույլիկ աշակերտների) , փառք Աստծո, վստահ ենք՝ ԲՀԿ պատգամավորների մոտ հաճախ չեն լինում:
Գուցե Գալուստ Սահակյանը հարգելի է համարել ԲՀԿ պատգամավորների բացակայություններն այն պատճառով, որ վերջիններս փաստացի չբոյկոտե՞ն ԱԺ նիստերը՝ այս կերպ մինիմալի հասցնելով իրենց ներկայությունները ԱԺ նիստերին:
Հումորը հումորով, բայց խնդիրն իրականում լուրջ է, և ԱԺ-ն պետք է տեղեկատվություն տրամադրի այդ անձնական հարգելի պատճառների վերաբերյալ, այլապես ստացվում է, որ մեր պատգամավորներից շատերը, փաստորեն մշտապես հիվանդ են, զբաղված են իրենց անձնական կարևոր գործերով, ոմանք էլ ուղղակի ՛՛հավես չունեն՛՛ , որ նիստերին մասնակցեն:
Գալուստ Սահակյանն էլ ստիպված ԱԺ նախագահից ամեն անգամ վերածվո՞ւմ է դասղեկի՝ հասկանալու համար այդ նեղ անձնական ՛՛հարգելի՛՛ պատճառները և ծնողական հոգատարությամբ ներո՞ւմ ՛՛չարաճճի՛՛ պատգամավորներին: