Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականից հետո կարելի է ասել, որ ՀՀ-ում որևէ ընդդիմություն չի կարողացել լուրջ հաջողությունների հասնել:
Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականն էլ այնպես չէ, որ տեղի ունեցավ հասարակության և ընդդիմության ճնշման ներքո, եթե ուժային կառույցները սատարեին առաջին նախագահին, ապա հրաժարական չէր լինի:
Այդ հրաժարականից հետո այլևս երբեք ընդդիմադիր ճակատ այդպես էլ չձևավորվեց ՀՀ-ում: Մինչև 2007-2008թ-ը բոլոր փորձերը կանխվում էին հենց առաջին փուլում, մինչև որ այդ բարդ գործն իր վրա վերցրեց Լևոն Տեր Պետրոսյանը: Ինչ եղավ, գիտենք բոլորս:
Մինչ այսօր կան բազմաթիվ բացատրություններ, կարծիքներ՝ կապված նրա հետ, թե ինչու հենց այդպես եղավ՝ բոլորս հիշում ենք մարտի 1-ի դաժան դեպքերը, ինչպես նաև ժողովրդի հիասթափությունը:
Մի փոքր այլ սցենարով ընթացավ և արմատախիլ արվեց Արթուր Բաղդասարյանի ընդդիմությունը:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ փորձեց այսպես ասած կոտրել կարծրատիպերը՝ ձևավորելով արևմտյան արժեհամակարգի վրա հիմնված ընդդիմություն, որը հենց արևմտյան մարդասիրական արժեքներով էլ կոտրվեց:
Արդյունքում ընդդիմության այսպես ասած չհաղթանակած երկու լիդերները որոշեցին միավորվել մի կուսակցության շուրջ, որի հաղթանակելու հնարավորությունները բավականին մեծ էին՝ այս դեպքում կար թե ֆինանսական լծակ, թե մարդկային ռեսուրսներ և կարող էր լիներ գաղափարական լուրջ հիմք, որը կապահովեր Լևոն Տեր Պետրոսյանը:
Թե ի՞նչ ստացվեց տեսանք բոլորս: Վերջիվերջո ի՞նչն է խանգարում քաղաքական ուժերին ստեղծել դիմացկուն ընդդիմություն, որի միջոցով հասարակությունը կկարողանա լուծել իր բազմաթիվ խնդիրները:
ՀՀ ներկայիս պայմաններում մեզ պետք է ոչ թե իշխանափոխություն պահանջող ընդդիմություն, այլ կոնկրետ խնդիրներ բարձրացնող, դրանց լուծումներ առաջարկող և հասարակական ճնշման միջոցով այդ խնդիրները լուծելու ունակ ընդդիմություն:
Վերջին տարիներին ՀՀ-ում ընդդիմադիրների հիմնական և միակ նպատակը իշխանափոխությունն է եղել, այլ ոչ թե երկրի ընդհանուր վիճակի բարելավումը: Երբևէ ընդդիմությունը հանրահավաքների միջոցով չի փորձել լուծումներ տալ կոնկրետ հարցերին, ներկայացնել կոնկրետ պահանջներ՝ բացառությամբ մի քանի դեպքերի, որոնք հիմնականում նախաձեռնել էին առանձին շարժումները (Մաշտոցի պուրակ, կենսաթոշակային կուտակային համակարգ, ուղեվարձի թանկացում և այլն ): Որպես կանոն կոնկրետ պահանջներով հիմնավորված շարժումները հասել են իրենց նպատակին՝ թեկուզ և խորքային հատվածում ծառայելով որևէ քաղաքական ուժի կամ անհատի շահերին: Փաստացի պահանջներն իրագործվել են:
Այս նույն մոդելով էլ պետք է կիրառի առողջ ընդդիմությունը՝ ոչ թե պահանջի իշխանափոխություն և ցույցերի ժամանակ պատմի, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը և ինչ վատն են իշխանությունները, դա դեմագոգիա է, այլ կառուցողական պահանջներով հանդես գա:
Նույն իշխանությանն էլ այսօր պետք է կառուցողական ընդդիմություն, քանզի բազմաթիվ հարցերում՝ մասնավորապես արտաքին քաղաքականության հետ կապված, այն շատ ավելի ամուր հենք կունենա:
Մենք պետք է վերջապես հասկանանք, որ Հայաստանն այն երկիրը չէ, որ կարող է իրեն դեմագոգիայով զբաղվելու ճոխություն թույլ տալ: Ընդդիմադիր հարթակն այսօր պետք է զբաղեցնեն ոչ թե իշխանափոխության միջոցով իշխանության ձգտող, այլ ընդդիմություն լինելով ժողովրդի մեջ վստահության հասնելու ճանապարհով իշխանության գալուն ունակ ուժերը: