Հայաստանում Սփյուռքի նախարարության ստեղծումը բավականին խոստումնալից էր թվում, քանզի աշխարհում կա մոտ 10 միլիոն սփյուռքահայ, և ակնկալվում էր, որ նախարարության հիմնական գործառույթը պետք է լինել հայկական Սփյուռքի ռեսուրսների համախմբումը, վերջինիս ներուժի օգտագործումն ի շահ Հայաստանի և հայերի:
Ի՞նչ պետք է աներ Սփյուռքի նախարարությունը.
Առաջին հերթին Սփյուռքի նախարարությունը պետք է ստեղծեր հայկական լոբբինգ իրականացնող ցանց, որի վրա անհրաժեշտության դեպքում կհենվեր ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
Աշխարհի բոլոր երկրներում՝ մասնավորապես այնտեղ, որտեղ հայերով խիտ բնակեցված է, ստեղծեր ոչ ֆորմալ դեսպանատներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ հասնել Հայաստանի և հայերի համար կարևորագույն խնդիրների լուծմանն այն ժամանակ, երբ դիվանագիտական լծակներն ուղղակի անտեղի են կամ ոչ նպատակահարմար:
Աշխարհասփյուռ հայության ազդեցիկ հատվածին՝ լրագրողներ, պետական պաշտոնյաներ, ղեկավարներ, արվեստագետներ և այլն, համախմբեր հայկական նպատակների շուրջ և նրանց միջոցով իրականացներ հայկական լոբբինգն ամբողջ աշխարհում:
Ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ այս ցանցն արդեն պետք է ժամացույցի նման աշխատեր՝ օգտագործելով աշխարհասփյուռ հայության ամբողջ ներուժը Հայոց Ցեղասպնության ճանաչման գործընթացում, ինչը, կարելի է ասել, հենց պետք է լիներ Սփյուռքի նախարարության վերջին տարիների հիմնական անելիքը:
Ի՞նչ է անում Սփյուռքի նախարարությունը.
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մի անգամ չէ, որ տրվել է այս հարցը, որին ի պատասխան ստացել ենք մեկը մյուսից չհուսադրող պատասխաններ՝ մի դեպքում ՛՛Արի տուն՛՛ ծրագիրն ենք անում, սփյուռքահայ երեխաներին բերում Հայաստանն ենք ցույց տալիս, մյուս դեպքում՝ նպաստում ենք, որ մարդիկ ամուսնանան (հիշում ենք, թե ինչպես ժամանակին Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ Կարինե Աճեմյանի դուստրը ՛՛Արի Տուն՛՛ ծրագրի շնորհիվ է ամուսնացել, սակայն այս հայտարարությունը հետագայում հերքվեց Աճեմյանի աղջկա կողմից) և նմանատիպ տրամաբանությունից դուրս պատասխաններ:
Սփյուռքի նախարարությունն այս ամբողջ տարիների ընթացքում բացի հանդեսներ կազմակերպելուց, այստեղ-այնտեղ տուրիստական այցելություններից, սփյուռքահայ երեխաներին Հայաստանի տեսարժան վայրերը ցույց տալուց միակ լուրջ բանը, որ պետք է աներ, Հալեպից Հայաստան եկած հայերի խնդիրների լուծումն էր, որն իրենց վրա վերցրեցին գրեթե բոլոր գերատեսչությունները, բացի Սփյուռքի նախարարությունից: ՛՛Նոր Հալեպ՛՛ թաղամասի կառուցումն էլ մնաց օդից կախ՝ դա միակ լուրջ նախագիծն էր, որն այս ամբողջ ընթացքում ձեռնարկել էր Սփյուռքի նախարարությունը՝ ի դեմս Հրանուշ Հակոբյանի:
Նախագիծը չստացվեց, քանզի ի տարբերություն հանդեսների և պիոներական ճամբարներ հիշեցնող միջոցառումների, ինչ սովոր է կազմակերպել Հրանուշ Հակոբյանը, այստեղ պետք էր բոլորովին այլ մոտեցում:
Մենք չենք ուզում Հրանուշ Հակոբյանին մեղադրել անգործության մեջ, սակայն տարօրինակ է, երբ Սփյուռքի նախարարը ջանասիրաբար PR է անում մի չտեսված ՛՛աստղագետ-տիեզերագնացի՛՛, այնուհետև պարզվում է, որ երիտասարդը խաբեբա էր, որին ի պատասխան տիկին Հակոբյանն ասել է՝ մեզ թվաց` նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել:
Գուցե տիկին Հակոբյանին նույն կերպ էլ թվում է, որ սփյուռքահայերը մարդիկ են, ովքեր Հայաստան ասելով հասկանում են միայն Գառնին, Գեղարդը, Մասիս սարի պատկերը տեսնելը և հայրենի հողին ու ջրին համը զգալը: Գուցե, մեղադրելի էլ չէ, քանզի նման մտածելակերպը տիկին Հրանուշը խորհրդային տարիներից է ժառանգություն ստացել, իսկ, ինչպես գիտենք, կարծրատիպեր փոխելը գրեթե անհնար է:
Ո՞ւմ է ձեռնտու Սփյուռքի նախարարության նման վիճակը և հենց Հրանուշ Հակոբյան սովետական մտածելակերպով կերպարը
Ինչքան էլ տարօրինակ թվա կան մարդիկ, ում ձեռնտու է Սփյուռքի նախարարության մանկամսուրային քաղաքականությունը: Սկսենք նրանից, որ Հրանուշ Հակոբյանի աթոռի ամրությունը պահում են Սամվել Կարապետյանը, ում հետ նա խնամիական կապեր ունի, ուստի Կարապետյանը ֆինանսական հարցերով բավականաչափ աջակցում է տիկին Հրանուշին, և ՌԴ-ում հայերի միության նախագահ, բայց դե ֆակտո ՀՀ-ում ռուսների շահերը պաշտպանել փորձող Արա Աբրահամյանը:
Արա Աբրահամյանի համար Սփյուռքի նախարարությունը համաշխարհային հայերի միության հայաստանյան մասնաճյուղն է ընդամենը: Հրանուշ Հակոբյանն ու Արա Աբրահամյանը գերազանց հասկանում են միմյանց, քանզի նույն մտածելակերպն ու մակարդակն ունեն, սիրում են տարբեր տիպի հանդեսներ կազմակերպել, ծափահարություններ, իրենց ուղղված ձոներ լսել՝ սեփական աշխատակիցների կողմից գրված, և այսպես շարունակ:
Արա Աբրահամյանն էլ իր հերթին ՌԴ-ում ներկայանալու խնդիր ունի, նա ամեն ինչ անում է , որ լուրջ ընկալվի թե ՌԴ իշխանությունների կողմից, թե առհասարակ հայերի կողմից: Արդեն երկար ժամանակ է թե ՀՀ-ում, թե ՌԴ-ում բնակվող հայերը փորձում են հասկանալ վերջիվերջո ո՞ւմ շահերն է ներկայացնում Արա Աբրահամյանը և ո՞ւմ մոտ է ներկայացնում այդ շահերը՝ ՌԴ նախագահ Պուտինի, ով հրապարակավ նկատողություն է անում նրան, թե՞ իրեն ոչ լեգիտիմ կերպով հայերի ՛՛դեսպան՛՛ հռչակած Աբրահամյանն այլ վայրում է ներկայացնում իր բիզնես շահերը՝ հայերի անունից:
Ինչևէ, հենց Հրանուշ Հակոբյանն է Արա Աբրահամյանին լեգիտիմացնող միակ կառույցի ղեկավարը ՀՀ-ում, հերթական նախագիծն անելիս հենց տիկին Հրանուշին Աբրահամյանը կարող է ռուսների մոտ զանգել և ասել՝ и без вас всио замечателно, ничево личнева՝ իրականում ցանկանալով ասել, որ Հրանուշ Հակոբյանի գոյությունն ուղղակի հրաշալի է իր համար:
Հ.Գ. Ահա, թե ինչու են վերջին շրջանում հայերին ՌԴ-ում բավականին վատ ընկալում՝ ի տարբերություն չեչենների, ում լեգիտիմորեն ներկայացնում է Կադիրովը, իսկ մեզ՝ Արա Աբրահամյանը, ում որևէ մեկը նման իրավունք չի տվել: